«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2003-09-09 | #162, 2003-09-10 | #163, 2003-09-11


«ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»

Հարցազրույց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Աղաբեկյանի հետ

Ակնհայտ է միջազգային կարեւորագույն կազմակերպությունների ու կառույցների կողմից (ՆԱՏՕ, Եվրամիություն, ԵԱՀԿ) վերջին շրջանում մեր տարածաշրջանում նախաձեռնվող մի շարք աշխատանքների թիրախըՙ առկա հակամարտությունները մեղմացնել տնտեսական, տրանսպորտային եւ անգամ զինվորական համագործակցության միջոցով։ Որքանո՞վ են այդ նախաձեռնությունները գործնական եւ իրականանալի, ինչպիսի՞ն է Հայաստանի ստրատեգների տեսակետն ու դիրքորոշումը դրանց նկատմամբ։ Այս մասին «Ազգի» խմբագրության հարցերին պատասխանում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Աղաբեկյանը։

- Պրն Աղաբեկյան, ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանում միջազգային կազմակերպությունների շրջանակներում արծարծվող Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության ծրագրերի մշակման գաղափարի կենսունակությունը։

- Պետք է հավաստեմ, որ գաղափարն իր էությամբ առողջ եւ իրատեսական է, սակայն ամեն մի գաղափար իրագործելի է միայն կամքի եւ ցանկության առկայության պայմաններում։ Հարավային Կովկասի դեպքում, դարերի ընթացքում ձեւավորվել են այնպիսի բարդույթներ եւ կաղապարներ, որոնցից ձերբազատումը պահանջում է թե՛ ժամանակ, թե՛ հետեւողական աշխատանք, թե՛ հաստատակամություն։

Նախ փորձեմ ներկայացնել այն հիմնական գործոնները, որոնք այս գործընթացում արգելակող դերակատարություն ունեն։

Հարավային Կովկասն իր աշխարհագրությամբ, պատմությամբ, մշակույթով, ժողովրդագրական կազմով եւ անվտանգության միջավայրը բնորոշող այլ գործոններով մի յուրօրինակ տարածաշրջան է։ Եթե փաստենք, որ տարածաշրջանը տարբեր էթնիկական միավորների, կրոնների, մշակույթների, քաղաքակրթությունների, միջազգային նշանակության տրանսպորտային ուղիների մի խաչմերուկ է, ավելորդ կդառնա այստեղ առկա հակասությունների եւ տարաձայնությունների մասին խոսելը։

Թեեւ աշխարհագրական իմաստով Հարավային Կովկասը համեմատաբար փոքր տարածք է զբաղեցնում, այստեղ ապրող ժողովուրդները պատմամշակութային զարգացման ճանապարհներով, լեզվական, ազգային հոգեբանության եւ մտածելակերպի հատկանիշներով բավականին տարբեր համակարգեր են ներկայացնում, հանգամանք, ինչն իր վճռորոշ կնիքն է թողել ժողովուրդների պատմական ընթացքի ու ճակատագրերի վրա։ Հարավային Կովկասի ժողովուրդները հազարամյակներ շարունակ գոյատեւել են մեծ կայսրությունների պատերազմների հանգուցակետերում, արյունոտ արշավախմբերի ճանապարհներին, եւ ատելության ու թշնամության սերմանումը կայսրությունների, հզոր ուժերի համար ծառայել է ժողովուրդների դիմադրողականությունը ճնշելու, ինքնուրույնությունը կոտրելու կարեւոր զինամիջոց, արդյունքում ձեւավորելով ազգամիջյան անվստահության, հաճախՙ թշնամության մթնոլորտ, սրանից բխող արյունոտ հետեւանքներով, որոնց կրկնությունից չհաջողվեց խուսափել նաեւ Խորհրդային Միության փլուզումից հետո։

Այս հատկանիշներն ու առանձնահատկությունները, պատմական հանգամանքները ձեւավորել են ավանդույթներ, որոնք մեծ հոգեբանական ազդեցություն են թողնում Հարավային Կովկասի երկրների ռազմավարական շահերի ձեւավորման, հետեւաբարՙ նաեւ անվտանգության խնդիրների ընկալման գործում։

Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրադրությունը ձեւավորում է տարածաշրջանային հակամարտությունների եւ ռազմաքաղաքական լարվածության պահպանման, տարածաշրջանում միջպետական եւ միջազգային շահերի բախումների, տարածաշրջանային երկրներիՙ ազդեցության գոտիների եւ ռազմավարական պաշարների բաշխման համար մղվող պայքարի անմիջական ազդեցությամբ։

Տարածաշրջանի անվտանգության միջավայրի վրա, իհարկե, հսկայական ազդեցություն են թողել վերջին տասնամյակում բռնկված ազգամիջյան հակամարտությունները։ Այս հակամարտությունների կարգավորման գործընթացներն այս երկրների համար իրենց անկյունաքարային նշանակությամբ փաստորեն պայմանավորում են ազգային շահերի ձեւավորումըՙ որոշիչ դերակատարություն ունենալով ազգային անվտանգության հայեցակարգերի, ռազմական եւ ռազմավարական ծրագրերի, արտաքին քաղաքական ուղղվածության ու նույնիսկ տնտեսական քաղաքականության մշակման եւ իրականացման գործընթացներում։

Երեք պետություններն էլ, ներգրավված լինելով հակամարտություններում (Հայաստանն ու Ադրբեջանըՙ ղարաբաղյան, Վրաստանըՙ Աբխազիայի եւ Օսիայի հակամարտությունների մեջ), դրանցից բխող խնդիրների լուծման հարցում ելնում են իրենց ազգային-պետական շահերից, որոնք ակնհայտորեն հակասական են, շատ դեպքերումՙ իրարամերժ։ Ցավոք, առկա հակամարտությունների լուծման ուղիները շարունակում են մնալ անորոշ։ Այս հակամարտությունների կարգավորմանը մեծապես խանգարում են պետությունների փոխհարաբերություններում նկատվող բացասական ուղեգիծը, միմյանց շահերն անտեսող քաղաքականությունը, տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում իրարամերժ մոտեցումները։

- Ձեր կարծիքով, տարածաշրջանի երկրներն ընդունա՞կ են ինքնուրույն հաղթահարելու ստեղծված պատնեշները, թե՞, այնուամենայնիվ, անհրաժեշտ է միջազգային հանրության, մասնավորապես միջազգային անվտանգության կառույցների աջակցությունը։

- Իհարկե, անվտանգության համակարգերի աջակցությունը կարեւոր է միջազգային համագործակցության ծրագրերում տարածաշրջանի երկրներին ներգրավելու, ընդհանուր շահերի ամբողջություն ձեւավորելու առումով։ Կասկած չկա, որ ինչպես միջազգային ահաբեկչության, այնպես էլ անվտանգությանը սպառնացող մյուս երեւույթների դեմ պայքարում տարածաշրջանային պետությունները պետք է սերտորեն համագործակցեն միջազգային անվտանգությունն ապահովող կառույցների հետ։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին շրջանում այս ուղղությամբ ակտիվ գործունեություն են ծավալել ինչպես Հավաքական անվտանգության պայմանագրի երկրները, այնպես էլ ՆԱՏՕ-նՙ եվրոպական անվտանգության անկյունաքարային կառույցը։ Հատկանշական է նաեւ անվտանգության հարցերում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համագործակցությունը, ինչը մեծապես մեղմում է իրավիճակը Կովկասում եւ խոչընդոտում նոր բաժանարար գծերի ձեւավորմանը։

Թեեւ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման համար կարեւոր է այլ պետությունների եւ կազմակերպություններիՙ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Թուրքիայի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՆԱՏՕ-ի, Եվրամիության քաղաքականությունը, անվտանգության կայուն միջավայրի հաստատման համար վճռորոշ է բուն տարածաշրջանի պետությունների դիրքորոշումը, քանի որ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական, ինչպես նաեւ տնտեսական զարգացման միտումներով ու հիմնախնդիրներով, այս պետություններն առավելապես շաղկապված են միմյանց, իսկ առկա հակամարտություններից առավելապես տուժում են այս պետությունները, հետեւաբար, առաջին հերթին պետք է շահագրգռված լինեն տարածաշրջանի անվտանգության ապահովմամբ։

Միջազգային արդի զարգացումները, ինչպես նաեւ վերջին 10 տարիների փորձը գալիս է ապացուցելու, որ տարածաշրջանի երկրներից որեւէ մեկի բացասումը տարածաշրջանային զարգացման ծրագրերից լուրջ խոչընդոտներ է առաջ բերում այդ իսկ ծրագրերի իրականացման ճանապարհին, իսկ միջազգային թե՛ տնտեսական, թե՛ անվտանգությանն առնչվող կազմակերպությունները նախընտրում են տարածաշրջանային մոտեցումներըՙ ընկալելով կովկասյան տարածաշրջանը որպես մեկ միասնական տնտեսատրանսպորտային, ինչու չէ, նաեւ ռազմաքաղաքական ամբողջություն։ Ուստի Հարավային Կովկասի երկրների շահերից ելնելով անհրաժեշտ է համակարգված եւ փոխհամաձայնեցված քաղաքականություն մշակել այս ուղղությամբ։

Համընդհանուր ներգրավման մթնոլորտի հաստատմանը, իհարկե, խոչընդոտում են չկարգավորված հակամարտությունները։ Վստահաբար կարելի է ասել, որ տարածաշրջանի առաջնորդների քաղաքական կամքի եւ ցանկության դեպքում հնարավոր է հրաժարվել նախապայմանների թելադրման քաղաքականությունից եւ որդեգրել համընդհանուր համագործակցության ուղեգիծՙ ծառայեցնելով համագործակցությունը լարվածության թուլացմանն ու հակամարտությունների կարգավորման համար նպաստավոր տնտեսաքաղաքական պայմանների ստեղծմանը։ Այստեղ չեմ կարող չնշել, որ Ադրբեջանն այս հարցում ցուցաբերում է ոչ կառուցողական մոտեցում, տարածաշրջանային համագործակցությունը Հարավային Կովկասում գնահատելով անհնարին, քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Ավելինՙ հրաժարվում է մասնակցել Հայաստանում անցկացվող միջոցառումներին նույնիսկ այնպիսի համընդհանուր ծրագրի շրջանակներում, ինչպիսին «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրն է։ Մասնավորապես 2003 թ. Հայաստանում անցկացված «Համատեղ լավագույն ջանք» զորավարժությունները պարունակում էին տարածաշրջանային համագործակցության բազմաթիվ տարրեր, սակայն Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել։ Մինչդեռ մենք հայտնել ենք պատրաստակամություն 2004 թ. մասնակցելու Ադրբեջանում անցկացվող նույն զորավարժությանը։ Հատկանշական է նաեւ Ադրբեջանի ներքին բացասական քարոզչությունը տարածաշրջանային համագործակցության դեմ, ինչի արդյունքում Ադրբեջանի հասարակությունը ոչ միայն չի ընկալում այս գաղափարը, այլեւ իրեն մատուցված բանաձեւերով փորձում է խոչընդոտել դրա իրականացմանը։

Տարածաշրջանում համագործակցության բարենպաստ մթնոլորտ հաստատելու համար կարեւորում եմ մեկ հանգամանք եւս. տարածաշրջանի երեք երկրներիՙ Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի համար անհրաժեշտ է ապահովել տնտեսական զարգացման հավասար միջազգային հնարավորություններ, ինչը կնպաստի նաեւ ռազմաքաղաքական հավասարակշռության, հետեւաբարՙ կայունության պահպանմանը։

Ինչպես նշեցի, համագործակցության բաց եւ աննախապայման քաղաքականության հռչակումը կարող է էապես նպաստել անվտանգության միջավայրի բարելավմանը։

- Ի՞նչ բանաձեւ կառաջարկեիք

- Հարավային Կովկասում անվտանգության միջավայրը բնորոշող գործոնների համադրումն ապացուցում է, որ Հարավային Կովկասի քաղաքական-տնտեսական զարգացման համար կարեւորագույն դերակատարություն ունի բուն տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ձեւավորումը։ Համագործակցության ճանապարհով անվտանգության միջավայրի բարելավման համար կառաջարկեի մի քանի կարեւոր սկզբունքներ.

Հաշվի առնելով, որ տարածաշրջանը հարուստ է բազմաթիվ հակամարտություններով, որոնց կարգավորման գործընթացները դերեւս անորոշ ժամանակով կարող են շարունակվել, անհրաժեշտ է որպես կարեւորագույն սկզբունք որդեգրել համագործակցության ճանապարհով լարվածության թուլացման, հակամարտությունների կարգավորման համար բարենպաստ նախադրյալների ստեղծման քաղաքականությունը, մասնավորապեսՙ տնտեսության, տրանսպորտային, էներգետիկ եւ այլ բնական պաշարների շահագործման ու արտահանման բնագավառներում։ Այսինքնՙ հակամարտությունների կարգավորման նպաստում համագործակցության միջոցով։ Մինչդեռ այսօր առկա է հակառակ միտումը, ինչը թե՛ ժամանակի վատնում է, թե՛ հնարավորությունների լիարժեք օգտագործման կորուստ։ Օրինակ, Հայաստանն ու Ադրբեջանը տնտեսության, տրանսպորտային ոլորտներում հնարավոր համագործակցության քննարկումը հետաձգելով մինչեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, ստիպված են լինում տնտեսական զարգացման եւ միջազգային նշանակության տրանսպորտային ուղեգծերի ձեւավորման առավել դժվար հասանելի ծրագրեր մշակելՙ արդյունքում վնաս բերելով երկու երկրների տնտեսություններին, միաժամանակ դժվարություններ ստեղծելով միջազգային ընկերությունների եւ կազմակերպությունների համար։

Անհրաժեշտ է մի կողմ թողնել փոխադարձ մեղադրանքների եւ սպառնալիքների ճանապարհով առավելություն քաղելու քաղաքականությունը, ինչն ավելի շուտ քաղաքական-քարոզչական նպատակներ է հետապնդում եւ ավելի շատ վնաս բերում, քան օգուտ։ Անհրաժեշտ է գիտակցել, որ նման քարոզչական սադրանքները հաճախ հրահրում են ծայրահեղական ուժերը եւ շրջանակները։ Մասնավորապես, Ադրբեջանում որոշակի հասարակական, իսկ երբեմն նաեւ պետական շրջանակներ պարբերաբար մատուցում են բացահայտ պատերազմական քարոզչություն։

Կարծում եմ, օգտակար կլինի հակամարտությունների կարգավորման գործընթացում ուժի գործադրման հնարավորությունից հրաժարվելու գաղափարը, ինչի շուրջ կարելի է ձեռք բերել համաձայնություն տարածաշրջանի երկրների միջեւՙ տարածաշրջանում շահեր ունեցող այլ երկրների եւ կազմակերպությունների հովանավորությամբ։ Սա կնպաստի փոխվստահության հաստատմանն ու հակամարտությունների կարգավորման խաղաղ ճանապարհների մշակման գործին։

Վստահ եմ, որ առաջարկված սկզբունքների ընդունման դեպքում բազմաթիվ խնդիրների շուրջ համաձայնությունների ձեռքբերումը տարածաշրջանային մակարդակով էապես կհեշտանա։

- Որպեսզի տարածաշրջանային համագործակցության գաղափարը վերացական չհնչի, կարո՞ղ եք ներկայացնել տարածաշրջանային համագործակցության հնարավոր բնագավառներն այս պահին ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում։

- Հարավային Կովկասում անվտանգության միջավայրը բնորոշող գործոնների վերլուծությունն ապացուցում է, որ չնայած առկա սկզբունքային հակասություններին, այնուհանդերձ, հնարավոր է տարածաշրջանային համագործակցություն այն ոլորտներում, որոնք անմիջական առնչություն չունեն հակամարտությունների կարգավորմանը։ Մասնավորապես, համեմատաբար իրատեսական է հետեւյալ մոտեցումների կիրառումը.

Տնտեսական համագործակցության հաստատում հակամարտող կողմերի միջեւՙ հակամարտության կարգավորման գործընթացին զուգահեռ, ազատ տնտեսական գոտիների, այդ թվում սահմանային ազատ առեւտրային շուկաների ձեւավորումՙ նպաստելով նաեւ հասարակական փոխվստահության վերականգնմանը։

Տրանսպորտային ուղիների ապաշրջափակում, վերականգնում եւ զարգացում, ինչը թույլ կտա հրաժարվել առավել ծախսատար այլընտրանքային ուղիներից։

Փոխհամաձայնեցված քաղաքականություն տարածաշրջանային ծրագրերի մշակման գործընթացում։

Խորհրդատվությունների մեխանիզմի ձեւավորում ռազմաքաղաքական եւ տարածաշրջանային անվտանգության բնագավառում։

Ռազմական համագործակցության որոշակի տարրերի կիրառում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի եւ ՆԱՏՕ-ի այլ ծրագրերի շրջանակներում։

Համակարգված պայքար ահաբեկչության, թմրանյութերի տարածման, մաքսանենգության դեմ։

Համագործակցություն հաստատում տնտեսության, տրանսպորտային փոխադրումների, բնական պաշարների շահագործման եւ արտահանման բնագավառներում։

Այս ուղղություններով համագործակցությունը բուն առավելություններից բացի նպաստավոր նախապայմաններ կարող է ձեւավորել հակամարտությունների կարգավորման, անվտանգության միջավայրի բարելավման համար։

Առկա են շատ այլ բնագավառներ, որոնց ուղղությամբ կարելի է համագործակցության եզրեր գտնել նույնիսկ հակամարտող կողմերի միջեւ, սակայն այստեղ, ինչպես արդեն նշեցի, անհրաժեշտ է տարածաշրջանի ղեկավարների քաղաքական կամքն ու ցանկությունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4