«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2003-09-09 | #162, 2003-09-10 | #163, 2003-09-11


ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ԸՆԴԳՐԿՎԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ղարաբաղյան հակամարտության հիմնական փուլերը եւ իրավա-քաղաքական տեսանկյունները, ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ պետական շինարարության գործընթացն է ներկայացրել ԼՂՀ արտաքին գործերի նախարար Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի համանախագահ Յուրի Մերզլյակովի հետ հանդիպմանը։ Բարձր գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը հիմնախնդրի լուծման ուղիների որոնման գործում, Աշոտ Ղուլյանը նշել է բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղին լիարժեք ընդգրկելու անհրաժեշտության մասին, որը, որպես հակամարտության լիիրավ կողմ, պատրաստ է կրել իր բաժին պատասխանատվությունը կարգավորման գործընթացում։

Շնորհավորելով Մերզլյակովին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Աշոտ Ղուլյանը հույս է հայտնել, որ դիվանագետը կշարունակի ռուսական համանախագահության ջանքերը ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված կողմերի միջեւ փոխհարաբերությունների նորմալացման եւ վերջնական արդյունքումՙ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ։

Յուրի Մերզլյակովը դրական է գնահատել ԼՂՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումը, նշելով, որ Ղարաբաղի ղեկավարության ներկայացուցիչների հետ շփումները հնարավորություն կտան ավելի ամբողջական պատկերացում կազմել ինչպես Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի, այնպես էլ հակամարտության էության մասին, ինչը անչափ կարեւոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա աշխատանքի համար։ Ռուս դիվանագետը իրազեկել է Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո տարածաշրջան, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղ այց կատարելուՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մտադրության մասին։

Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական-վերլուծական վարչությունից, նույն օրը ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ Յուրի Մերզլյակովի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությանը եւ ԼՂՀ ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4