«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2003-09-09 | #162, 2003-09-10 | #163, 2003-09-11


ՅՈՒՊԻՏԵՐ, ԴՈՒ ՋՂԱՅՆԱՆՈՒՄ ԵՍ, ԿՆՇԱՆԱԿԻ ՄԵՂԱՎՈՐ ԵՍ

ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանիՙ ՕԵ կուսակցության եւ նրա ղեկավարի հասցեին մեղադրանք-վարկածը, թե տեղյակ են եղել հոկտեմբերի 27-ին կազմակերպվելիք ոճրագործությանը, հայհոյախառն արձագանքի արժանացավ։ Ինչպե՞ս է ինքըՙ Հմայակ Հովհաննիսյանը վերաբերվում իրողությանը։ Ինչպես եղավ, որ հոկտեմբերի 27-ից 4 տարի անց նման մեղադրանք հնչեցրեց ՕԵ-ի եւ նրա ղեկավարի հասցեին։

¬ Ես դժբախտություն ունեցա հավատալու այս երկրի արդարադատությանը։ Գուցե եւ սխալվեցի, որ արձագանքեցի դատախազության կոչինՙ աջակցելու անջատված մասով գործի քննությանը։ Փորձեցի իմ մասնագիտական եւ քաղաքացիական պարտքը կատարելՙ վերլուծելով վարկածներից մեկը։ Ես ինքս «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպման աշխարհաքաղաքական վարկածի կողմնակիցը չեմ։ Բայց քանի որ խորհրդարանական մեծամասնության, այսօր իշխող ուժի ղեկավար Գալուստ Սահակյանը մամուլում գրել էր, թե ինքը համոզված է, որ առավել հավանականը դրսի ուժերի միջամտության վարկածն է, ես իբրեւ վերլուծաբան, փորձեցի անկողմնակալ դիրքերից զննել այդ վարկածի հիմքերը։ Այն ջղաձիգ արձագանքը, որ ցուցաբերեցին «Օրինաց երկրի» պարագլուխները, ինձ հիշեցնում է հռոմեական հայտնի ասացվածքըՙ Յուպիտեր, դու ջղայնանում ես, կնշանակի մեղավոր ես։ Ես փորձեցի վերլուծել եւ գտա, որ եթե Գալուստ Սահակյանի այս տեսակետը հիմնավորված է, ապա առաջին հերթին պետք է հետազոտել «Օրինաց երկրի» հետ կապված մի շարք հանգամանքներ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Կարեն Դեմիրճյանը որոշակի աշխարհաքաղաքական կողմնորոշման կրող էր։ Հիշենք, նա առաջին այցը կատարեց Մոսկվա, եւ ընդամենը 1 ամիս առաջ այդ դեպքից։ Եվ հանկարծ միառժամանակ անց ԱԺ նախագահի պաշտոնում նրան փոխարինում է Արթուր Բաղդասարյանըՙ այլ, հակադիր կողմնորոշման կրող։

¬ Բայց դա կատարվեց 4 տարի անց։

¬ Արմեն Խաչատրյանն ընդամենը ժամանակավոր դեմք էր։ Ի վերջո, հնարավոր չէր չընդառաջել այն ուժերին, որոնք ասում էին, որ չի կարելի վերադասավորումների չգնալ խորհրդարանում, եւ «Միասնություն» դաշինքի ներկայացուցիչը պետք է լինի այդ պաշտոնում։ Արմեն Խաչատրյանը ե՛ւ դաշինքի ներկայացուցիչ էր, ե՛ւ հարմար անձՙ իշխանությունների համար։ Արթուր Բաղդասարյանիՙ այդ պաշտոնը զբաղեցնելու հանգամանքը շատ ավելի լուրջ է, քանի որ ԱԺ-ի ու նրա ղեկավարության աշխարհաքաղաքական կողմնորոշումը միշտ դեպի Ռուսաստան է եղել։ Եվ հետո ես ուշադրություն հրավիրեցի, որ այդ խմբակցության գրեթե բոլոր անդամները հոկտեմբերի 27-ի օրը դահլիճից բացակայում էին։ Հետո պարզվեց, որ կազմակերպված եղանակով էին բացակայում, նիստ էին գումարել։

- Բայց շատերն են այդ օրը բացակայել դահլիճից։

- Բացակայել են, որովհետեւ գնացել էին Սպիտակ (քաղաքապետ Ս. Ավետիսյանի թաղմանը), Միրոյանը հասցրեց նաեւ վերադառնալ։ Իրենք Սպիտակ չէին գնացել, իրենք գտնվում էին իրենց աշխատասենյակում, մինչդեռ մինչեւ հաջորդ նիստը 11 օր կար, իսկ հոկտեմբերի 27-ին հարց ու պատասխանի եզրափակիչ նիստն էր։ Ի՞նչ հարց էին քննարկում, եթե հաջորդ օրը նիստ չէր լինելու, եթե եռօրյայի աշխատանքն ավարտվում է հարց ու պատասխանով։ Երեւի թե պետք է պարզաբանել, թե այդ ինչ նիստ էին անում։

- Ձեր մեղադրանքները ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը որակեց որպես քաղաքական շիզոֆրենիա ու պատվերի արդյունք։

- Գործի քննությանն օժանդակելու դատախազության կոչին զոհվածների հարազատները շատ սառը վերաբերմունք ցուցաբերեցին, հրաժարվեցին համագործակցել։ Ես փաստորեն լուրջ ընդունեցի դատախազության կոչը, եւ, տեսեք, ինչ լուտանքների ու մեղադրանքների արժանացա։ Պարզվում է, որ նա, ով հավատում է այս երկրի դատաիրավական մարմիններին, անվանարկվում է իբրեւ քաղաքական շիզոֆրենիկ։ Ես 4 տարի լռել եմ, առաջինն եմ եղել, որ ասել եմ, թե որեւէ մեկը չպետք է խանգարի ո՛չ քննության, ո՛չ դատավարության ընթացքին։ Բայց դատավարությունն ավարտվում է, եւ մենք ավելի շատ բան չգիտենք «Հոկտեմբերի 27»-ի մասին, քան այն ժամանակ, երբ գիշերը նստած էինք դահլիճում։

- Դուք արդարացնո՞ւմ եք զոհվածների հարազատներին, ովքեր չարձագանքեցին դատախազությանը։

- Ես ինքս էլ համաձայն չէի նրանց դիրքորոշմանը, բայց այսօր իմ կաշվի վրա զգացի, որ նրանք ճիշտ են։ Ինչո՞ւ նույն դատախազությունն ինձ լուտանքներից չի պաշտպանում, ի՞նչ իրավունք ունեն ինձ խելագար անվանելու։ Ո՞վ է իրավունք տվել կոալիցիայի անդամներից մեկինՙ խոչընդոտելու արդարադատության իրականացմանը։ Ես իմ քաղաքացիական եւ մասնագիտական պարտքն եմ կատարել։

- Մահապատժի վերացմանն ընդդիմացողները գլխավորապես նկատի ունեին «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության գործոնը։

- Ես ինքս կողմ եմ քվեարկել մահապատժի վերացմանը, եւ չեմ կարծում, թե մահապատժի պահպանումն ինչ-որ բան կտար «Հոկտեմբերի 27»-ի բացահայտմանը։ Մենք պարզ տեսնում ենք, որ այդ բացահայտումն անհնարին է, որովհետեւ որոշակի ուժերի ձեռնտու չէ։ Եթե մահապատիժը պահպանվեր, բայց նաեւ պահպանվեր այն մթնոլորտը, որ գոյություն ունի «Հոկտեմբերի 27»-ի շուրջ, դարձյալ ոչ մի քայլ առաջ չէր լինի բացահայտման գործում։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4