«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2003-09-10 | #163, 2003-09-11 | #164, 2003-09-12


ԼՈՍԱՆՋԵԼԵՍԱԲՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԿԱՐՈՏԸՙ ԳՐՔԻ ՄԻՋՈՑՈՎ

Գլենդեյլը Լոս Անջելեսի ամենահայաշատ կենտրոնն է, որտեղ տասնամյակներ առաջ առավելաբար իրանահայերն ու իրաքահայերն էին բնակվում։ Վերջին 10 տարիներին Հայաստանից ԱՄՆ գաղթած հայերն այժմ այստեղ մեծամասնություն են կազմում։ Հայաստանից եւ Մերձավոր Արեւելքից եկած հայերն ամերիկահայ գաղութին նոր շունչ հաղորդեցին բարերար ազդեցություններով։ Հները զանազան պատճառներով հետզհետե հեռանում էին հայկականությունից, նոր հայերի գալով վերադարձան իրենց արմատներին, սկսեցին հետաքրքրվել հայ մշակույթով։ Լեզվական, մտածողության, սովորութային տարբեր տեսակի խոչընդոտները հաղթահարելի են, որոշ տարաձայնություններն աստիճանաբար հարթվում են։ Սա հիմնականում վերաբերում է օրենքները հարգել-չհարգելուն։ Որպես կանոն, հայաստանահայերը մասնակի բացառություններով օրենքները հարգել չեն սիրում, ոչ միայն երթեւեկության, եւ ավելի աղմկարար են, հին ամերիկահայերը վաղուց սովորել են երկրի կարգ ու կանոնին եւ օրինապահ են։

Գլենդեյլի 250 հազարանոց բնակչության քառորդը հայեր ենՙ շուրջ 65 հազար, Լոս Անջելեսի շրջանի գլխավոր հայաշատ կենտրոնները, Գլենդեյլից բացի, Հոլիվուդը, Նորթ Հոլիվուդը, Բըրբենքը եւ Փասադենան են։ Այս վայրերում կանոնավորապես գործում են հայկական բոլոր եկեղեցիները, թերթերը, դպրոցները, միությունները։ Գլենդեյլում հայկական 3 գրատներ կան։ Դրանցից մեկը «Գրատուն Պերճն» է, որի տնօրենըՙ Պերճ Տեր-Սահակյանը, վերջերս «Ազգ» օրաթերթի հյուրն էր։ Արդեն տասնամյակներ շարունակ պրն Տեր-Սահակյանը զբաղվում է գրատնային գործունեությամբՙ շարունակելով ընտանեկան ավանդույթները։

Դեռեւս Հալեպում 30-ականներից հայրը տպագրական գործունեություն էր ծավալում. 1949 թ. տպարանը տեղափոխվում է Բեյրութ եւ գործում մինչեւ լիբանանյան քաղաքացիական պատերազմի սկիզբը, երբ տպարանը հիմնահատակ կործանվեց, եւ իբրեւ տպագրության գործի շարունակություն, 1975-ին Բեյրութում հիմնվեց «Գրատուն Պերճը»։ Պերճ Տեր-Սահակյանիՙ Լոս Անջելես տեղափոխվելուց հետո նախՙ Հոլիվուդում, ապաՙ Գլենդեյլում «Պերճ» գրատունը տարիներ ի վեր շարունակում է բավարարել հայկական մշակույթով, Հայաստանով, հայ կյանքով հետաքրքրվող ընթերցողներին։ Գրատունը 3 բաժին ունի, հիմնական գրականությունը հայերենով է, անգլերեն գրքերը վերաբերում են հայկական թեմաներին։ Վաճառվող գրականությունն առաքվում է հիմնականում Լիբանանից, Սիրիայից, Իրանից եւ Հայաստանից։

Ամերիկայում նման գրախանութները գրքի վաճառքով կարող են հոգալ իրենց ծախսերի միայն 30-40 տոկոսը։ Այդ պատճառով վաճառքում հայտնվում են նաեւ լազերային երաժշտական սկավառակներ, հուշանվերներ, զանազանՙ հարսանյաց, նշանախոսության, մկրտության, տարեդարձի եւ առավել նորույթ համարվող այսպես կոչված Sweat 16 («քաղցր 16 տարեկան») արարողությունների առիթներով հրավիրատոմսեր, որ տպագրվում են հատուկ մասնագիտացված տպարաններում։

- XX դարի մարդկային մտքի տեխնոկրատացումը մարդուն հետզհետե հեռացնում է իր հոգեւոր ինքնության գիտակցումից, գերարդիական տեխնիկան հեռացնում է մարդուն հատկապես գրքից։ Հետաքրքրական է, ԱՄՆ-ի նման գերտեխնոկրատացված երկրում գրքի եւ մանավանդ հայ գրքի ինչպիսի՞ պահանջարկ կա։

¬ Ամեն տեղ գրքի ընթերցասերները պակասել են, համակարգչայնացված արդիական աշխարհը մարդկանց հեռացրել է գրքից։ Մինչեւ գիրք կամ թերթ կարդալը նրանք արդեն ինտերնետից քաղում են տեղեկություններ։ Սակայն հակառակ դրան, Գլենդեյլն այնպիսի այլազան գաղութ էՙ ամեն կողմից եկած եւ տարբեր հետաքրքրություններով, որ սկսած մատենագիտական, դիցաբանական, բառարանային գրականությունից մինչեւ զվարճալի, սիրային նյութերի եւ հատկապես երազահանների պահանջարկ կա։

- Քանի որ հայկական թեմաներով գրականություն եք հիմնականում վաճառում, ովքե՞ր են ձեր հաճախորդները, միայն հայե՞ր։

¬ 95 տոկոսը հայ է, 5 տոկոսըՙ օտարազգի, ամերիկացիներ, որոնք որոշակի հետաքրքրություն ունեն հայերի հանդեպ։ Նրանց մեջ կան հաճախորդներ, ովքեր հայկական թեմաների նկատմամբ ունեն մասնագիտական բուն հետաքրքրություններ, որ կուզեն հայերի պատմությունը, սովորությունները, մշակույթն ուսումնասիրել։ Նրանց մեջ նաեւ կա մեկ այլ տեսակ, որ բիզնեսի շահից ելնելով է հետաքրքրվում։ Նրանք բժիշկներ, փաստաբաններ, ատամնաբույժներ են, ովքեր ուզում են, որ իրենց մոտ հայեր աշխատեն։ Եվ քանի որ շատերն անգլերենին լավ չտիրապետելու պատճառով գերադասում են տեղափոխվել իրենց հայրենակիցների մոտ, նրանց պահելու եւ հայ հաճախորդ ունենալու համար այդ ամերիկացիները հետաքրքրվում են հայերենով։ Այսինքնՙ զուտ առեւտրական միտումով է, որպեսզի հայ հաճախորդների հետ կարողանան համագործակցել։

- Խիստ խայտաբղետ համայնք է, գրական ինչպիսի՞ հետաքրքրություններ ունեն հին ամերիկահայերը եւ ինչպիսի՞ք նորՙ Հայաստանից գնացածները։

¬ Հետաքրքրական է, որ 60-70 տարեկան մի սերունդ կաՙ մանավանդ կանայք, որ կփնտրեն հին գրքեր եւ թարգմանություններ, երբ երիտասարդ տարիքում, մինչ Սիրիայից, Լիբանանից ներգաղթը, այդ գրքերն էին կարդացել, օրինակ, «Ամիրային աղջիկը», «Կամելիազարդ տիկինը», «Վանականին սերը», «Վոսփորի գաղտնիքը», «Հառաչանքի կամուրջը» եւ այլն։ Իրենց այդ տարիների կարոտն է արթնանում, որ գրքերի միջոցով փորձում են հաղթահարել։

Հայաստանահայերն ավելի շատ բանաստեղծության պահանջ ունեն, սակայն ոչ արդի գրողների, այլ նախընտրաբարՙ Թումանյան, Չարենց, Սեւակ, Շիրազ, Տերյան։ Որովհետեւ իրենք այդ շրջանի գրականությամբ են դաստիարակվել, տակավին պաշտամունք ունեն այդ գրողների հանդեպ։

- Վաճառքում կա՞ն դասագրքեր։

¬ Հայաստանցիների երեխաներն առհասարակ հաճախում են պետական դպրոցներ, որովհետեւ անվճար են, դասագրքերըՙ նույնպես։ Սրանք ամերիկյան պետական դպրոցներ են։ Բայց որովհետեւ հայ աշակերտները շատացել են, արտադասարանական հայերենի ժամեր ունենՙ օրական 1-2 ժամ։ Սրան զուգահեռ անհատական ջանքերով շաբաթօրյա, կիրակնօրյա դպրոցներ բացվեցին, որ պետական օժանդակություն չեն ստանում (Սեւակի, Սայաթ-Նովայի անվան), եւ այս դպրոցներում ժամը 3-4-ից հետո հայ երեխաները գնում են սովորելու հայերեն։ Այս դպրոցները վճարովի են, դասագրքերըՙ նույնպես։ Դրանք այստեղի գործածած դասագրքերն են, որ հիմա էլ հետս կտանեմ։

- Այս դեպքում լեզվական եւ ուղղագրական խոչընդոտներ չե՞ն առաջանում։

¬ Յոթ ամենօրյա վճարովի դպրոց կա այս շրջանում, յուրաքանչյուրը զուտ 500-700 հայ աշակերտ ունի։ Դասավանդումն արեւմտահայերեն է, որովհետեւ ուսուցիչներն արեւմտահայեր են, իսկ աշակերտներըՙ մեծ մասամբ արեւելահայեր։ Տանն արեւելահայերեն են խոսում, արեւելահայերեն գրքեր են գնում, որ չմոռանան, դպրոցումՙ արեւմտահայերեն սովորում։

- Իսկ դրսումՙ հասարակության մեջ խոսում են անգլերենով, ի՞նչ լեզվամտածողություն է ձեւավորվում։

¬ Խառնարան է ստացվում։ Կարծում եմՙ մասնագետների լուրջ աշխատանք է պետք լեզվի երկու հատվածները մերձեցնելու առումովՙ յուրաքանչյուր լեզվի առավելություն ունեցող կողմերը վերցնելով։

- Պրն Տեր-Սահակյան, ասացիք, որ ձեր գրքերը հիմնականում առաքվում են Բեյրութից, Սիրիայից, Իրանից, Հայաստանից։ Ի՞նչ գրքեր են դրանք, բավարարո՞ւմ են տեղական պահանջները։

¬ Բեյրության գրքերը մեծ մասամբ բառարաններ են, այլազան լեզուներով, զուտ գրականությունը հիմնականում Հայաստանից է։ Հիմնականում մանկական գրականության պահանջարկ կա։ Ուրախալի է, որ վերջերս Հայաստանում հրատարակվող մանկական գրքերը բարձրորակ տպագրություն ունեն եւ բավարարում են տեղի պահանջները։ Ծնողները հաճույքով ցանկանում են ունենալ այն գրքերը, որ մի ժամանակ անգլերենով էին կարդում եւ այժմ հայաստանյան արտադրանքը նույնքան գրավիչ են գտնում։

- Փաստորեն, հայաստանյան հրատարակիչները նոր շուկա են սկսում ձեռք բերել արեւմտյան ափերում։ Ի՞նչ կասեք նրանց հետ փոխադարձ համագործակցության առնչությամբՙ մտածողության, հոգեբանության կամ գրքերի տեղափոխման հետ կապված։

¬ Ընդհանրապես ուղղակի կապ չկա հրատարակչի հետ, միջնորդների միջոցով է իրականանում։ Կամ ես պետք է այստեղից մեկին ուղարկեմ, կամՙ իրենք։ Կամ էլ որեւէ մեկը գրատուն է այցելում, թե հայաստանյան գրքեր ունեմ, կուզե՞ք։

- Որքան ժամանակ է այստեղ եք, հանդիպեցի՞ք մեր հրատարակիչներին։

¬ Տնօրեններն անգտանելի էին։ Որքան հանդիպեցի, նրանք կամ հրատարակչատանը չէին, կամ եկել-գնացել էին։ Եթե իրենք ապրանք ունեն, շուկա պիտի փնտրեն, երբ շուկա կա, հայություն կա, հայերեն գրքի պահանջարկ կա, պետք է ուղղակիորեն մեզ դիմեն, ուղարկեն նոր հրատարակությունների ցուցակը, եւ մենք էլ կտեղեկացնենք պահանջվող գրքերի անունները, միջնորդները դուրս կմղվեն եւ ավելի արդյունավետ կդառնա գործակցումը։ Այլ կարգի դժվարություն եւս կա։ Փոքրաքանակի եւ մեծաքանակի դեպքում պետք է զեղչեր լինեն, ինչպես ամենուրեք է, որը չի արվում։

- Գների մասին ի՞նչ կասեք։

¬ Այստեղ ավելի էժան են, քան Ամերիկայում, որովհետեւ մեզ մոտ բարձր են հարկերը եւ խանութների վարձը։ Սակայն Ամերիկայում ավելի նվազ է փոստային առաքման արժեքը։ Սահմանված է գրքի առաքման հատուկ սակագին, որ մոտ կես գինն է, որպեսզի գիրքը չթանկանա, եւ ընթերցողը չպակասի։

- Բացի մանկական գրականությունից, ուրիշ ի՞նչ գրականության պահանջարկ կա։

¬ Ամենից շատ անգլերեն-հայերեն եւ հայերեն-անգլերեն բառարանների եւ զրուցարանների, ապա եւՙ իսպաներեն-հայերեն բառարանների։ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում իսպաներենի պահանջը կա, եւ ինձ զարմացրեց, երբ Երեւանի գրատներում գտա այդ բառարանները։ Սա լավ երեւույթ է, երբ պահանջարկը կա, եւ գոհացնում են։ Այնտեղ ուզում էինՙ չկար։

- Գրքերից բացի, ձեզ մոտ վաճառվում են լազերային սկավառակներ, հուշանվերներ, հրավիրատոմսեր, հետաքրքրական էՙ ի՞նչ երաժշտության ավելի պահանջարկ կա եւ ի՞նչ է այդ sweet 16-ը։

- Մեզ մոտ լավ են վաճառվում Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Լուսինե Զաքարյանի, Կարո Հայրապետյանի, Ջիվան Գասպարյանի, Արա Գեւորգյանի CD-ները։ Բայց, ցավոք, մեծ մասը լսում է ռաբիս երաժշտություն։

Ինչ վերաբերում է sweetsixtheen-ին, վերջերս հայերի մեջ շատ ընդունված արարողություն է դարձել։ Մեծ նշանակություն ունի, երբ աղջիկը 16 տարին, օրիորդության շրջանը կբոլորի։ Այս առիթով մեծ հրավեր են անում։ Ամերիկացները տոնում են մերձավոր ազգականներով, փոքր շրջանակով, հայերնՙ ավելի ճոխ ու ընդարձակ։

- Ուրիշ ի՞նչ կավելացնեք, ի՞նչ կցանկանաք ասել, որ ես չհարցրի։

¬ Մեկ բան կուզեմ հավելել։ Մեզ մոտ հայկական խանութները ընդհանրապես հայկական անվանումներ ունենՙ «Սայաթ-Նովա», «Գյումրի», «Հայաստան», «Նաիրի», «Սեւակ», այստեղ հակառակն էՙ ընդհանրապես վաճառատները, ռեստորանները, սրճարաններն օտարահնչյուն եւ օտարատառ են։ Մեզ մոտ հայկական խանութներում միայն հայերեն երաժշտություն են լսում, այստեղ, դժբախտաբար, շատ քիչ է հայկականը։ Թերեւս դուք, որովհետեւ հայրենիքում եք ապրում, դրա պահանջը չունեք, մենք, որ օտար ափերում ենք ապրում, ամեն ինչ հայերեն ենք ուզում անել, որպեսզի ավելի երկար գոյատեւենք, մեր երեխաներին կփորձենք հայկական կրթության տալ, հայ երաժշտությունը սիրել տալ, այդ ճիգը կանենք։ Դուք այդ ճիգի կարիքը չունեք երեւի։

- Արդյոք չունե՞նք...

¬ Դա էլ, այո, վտանգ ունի, երբ օտարամոլության է վերածվում, մեր երաժշտությունը, արվեստը որեւէ ձեւով չեն զիջում օտարներին։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Վերջում ներկայացնենք «Գրատուն Պերճ» տնօրենի փոստային եւ էլեկտրոնային հասցեները, որոնց միջոցով գրահրատարակիչները կարող են համագործակցել եւ իրականացնել իրենց ծրագրերը։

BERJ BOOKSTORE, 422 S. Central Ave., Glendale, CA 91204, Հեռ.ՙ (818) 244-3830, e-mail։ berjbooks@aol.com


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4