«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2003-09-10 | #163, 2003-09-11 | #164, 2003-09-12


«ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԼԱՎ ՉԷ, ԵՐԲ ՏԵՂԻ ԲԱՆԿԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ»

Նշում է «Կոնվերս բանկի» գլխավոր տնօրեն Սմբատ Նասիբյանը

Կանխիկ շրջանառության ծավալները Հայաստանում շարունակում են բազմիցս գերազանցել անկանխիկ շրջանառությանը։ Այս խնդրի կարգավորմանն է կոչված «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքը, որն սկսեց գործել հուլիսի 1-ից։ Ինչպիսի՞ն է բանկերի տեսակետն այս օրենքի առնչությամբ, որեւէ փոփոխություն անկանխիկ շրջանառության ավելացման ուղղությամբ նրանք նախատեսո՞ւմ են։ Այս եւ բանկային համակարգին վերաբերող այլ հարցերին պատասխանելու նպատակով հարցազրույցի հրավիրեցինք երկրի առաջատար բանկերից մեկիՙ «Կոնվերս բանկի» գլխավոր տնօրեն Սմբատ Նասիբյանին։

- Ըստ ձեզ, որքանո՞վ «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքը, որը սահմանափակում է տնտեսվարողի կատարած կանխիկ գործարքները, կնպաստի անկանխիկ շրջանառության ավելացմանը։

¬ Ըստ մերՙ բանկերի տեսակետի, օրենքը լավն է։ Ճիշտ է, գործարարները բոլորը բողոքում են։ Այսօր եթե դիտարկենք թեկուզ մեր բանկի միջոցով կատարվող փոխանցումները, ապա դրանց 50-60 տոկոսը բաժին է ընկնում բյուջե կատարվող փոխանցումներին։ Միմյանց միջեւ անկանխիկ փոխանցումներ տնտեսվարողները գրեթե չեն կիրառում։ Ներկայումս Հայաստանի 107 մլրդ դրամական բազայից մոտ 20 մլրդ դրամն է անկանխիկ։ Այսինքնՙ ընդամենը 18 տոկոսը։ Զարգացած երկրներում ընդհակառակըՙ 6-10 տոկոսն է լինում կանխիկ։ Այս առումով օրենքը պետք էր։ Հասարակությունն ինչքան շատ գումար պահի իր մոտ, այնքան բանկերի վարկավորման հնարավորություններն ավելի ցածր կլինեն։ Դա, իհարկե, մեր բանկի խնդիրը չէ, որովհետեւ փող աշխատելու բազմաթիվ այլ տարբերակներ ունենք, նաեւ դրսում աշխատելու։ Մենք չենք ցանկանում սահմանափակվել մեր փոքրիկ եւ անհասկանալի շուկայով։

- Ձեր բանկի օրինակով կարո՞ղ եք ասել, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո անցած 2 ամսվա ընթացքում ինչ-ինչ փոփոխություններ են կատարվել։

¬ Ես առարկայական տարբերություն դեռ չեմ նկատում։ Կա անկանխիկի որոշակի, մոտ 10-15 տոկոսի աճ։ Սակայն փոփոխությունները նկատելի կլինեն, երբ վարչարարական միջոցներով օրենքը չկատարողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն։ Տնտեսվարող սուբյեկտները եթե չտեսնեն օրենքի կիրարկման ազդեցությունը, այսինքն, եթե ոչ ոք չվերահսկի դա, ապա մոռացության կմատնվի։

- Իսկ օրենքն անհրաժեշտ, բայց բավարա՞ր պայման է կանխիկ շրջանառության սահմանափակման համար։

¬ Ոչ, իհարկե։ Դրա համար անհրաժեշտ է ամբողջ ենթակառուցվածքներ բարելավելՙ հարկային օրենսդրությունը պարզեցնել, հարկերի դրույքաչափերն իջեցնել։ Ամեն ինչ պետք է տրամաբանական հիմնավորում ունենա, այլապես եթե հաշվարկենք, ապա կտեսնենք, որ բոլոր հարկերը պարտաճանաչ եւ լրիվ չափով վճարելու դեպքում շահույթ չի մնա։ Օրինակ, «Պարզեցված հարկի մասին» օրենքը բավականին հստակություն մտցրեց, բայց մյուսներին եթե նայենք, ապա բոլորը կաշխատեն խուսափել դրանք վճարելուց։ Այնպես որ, միայն վարչական միջոցներով ոչինչ չի փոխվի։ Խոսքը նաեւ դատական համակարգի հստակության, հավասար դաշտի, որեւէ այլ հնարավորությունների բացառման մասին է։ Բիզնեսի նկատմամբ հասարակության ընկալումն է ընդհանրապես աղավաղված։

- Պրն Նասիբյան, օրերս ԿԲ նախագահը հայտնեց, որ մեր բանկերի արտաքին ակտիվներն ավելացել են։ Լա՞վ է դա, թե՞ վատ։ Եվ ինչո՞վ է լավ կամ վատ։

¬ Բանկերի համար լավ է։ Այսինքնՙ նրանք Հայաստանով չեն սահմանափակվում, հետեւաբար նաեւ մեր հասարակության կողմից «կեղտոտ» կամ «խուլիգան» համակարգ կոչվելուց խուսափելու հնարավորություն կունենան։ Վերջերս այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ կարծես թե բանկերը հասարակության թշնամին են։ Մենք որեւէ խնդիր չունենք եւ կարող ենք բիզնեսով զբաղվել նաեւ այլ երկրում։ Սակայն երկրի համար լավ չէ, երբ բանկերը նախընտրում են ներդրումներ կատարել այլ երկրներում։ Կոնկրետ մեր բանկի վարկային ներդրումները Հայաստանում մեկ տարում 2 մլրդ դրամով կրճատվել են։

- Այսինքնՙ մեզ մոտ ներդրումների կարիք չկա՞։

¬ Կա, բայց ոչ ոք չի ցանկանում այնպիսի դաշտ եւ պայմաններ ստեղծել, որպեսզի մենք ներդրումներ կատարենք։ Մեր գործառնությունն էՙ հասարակությունից փող վերցնելը եւ հնարավորության դեպքում առանց ռիսկի, ավելի բարձր պայմաններով տեղաբաշխելը։

- Ստացվում է, որ բնակչությունից կարելի է գումար ներգրավել, բայց դրանք ներդնել այլ երկրների տնտեսության մե՞ջ։

¬ Սա մեր տնտեսության համար շատ վատ է, բայց այլ կերպ չի լինում, երբ առկա են վերոնշյալ հանգամանքները։ Այժմ որոշակի սահմանափակում կաՙ տոկոսային մարժա, որն ստիպում է Հայաստանում ներդրումներ կատարել։ Այսինքնՙ բանկերը միջին չափով ներդնում են 8 տոկոսով։ Արտերկրում այդ տոկոսով չես տեղաբաշխի։ Եթե 10 տոկոսով են որոշ բանկեր գումար հավաքում, ապա պարզ է, որ նրանք չեն կարող դրսում տեղաբաշխել եւ Հայաստանում են ներդրումներ կատարում։ Սակայն մեր բանկի ավանդային միջին տոկոսը 2 տոկոս է։ Հետեւաբար առանց բարդությունների կարող ենք 4-5 տոկոսով գումար տեղաբաշխել արտերկրում։ Եթե ներգրավման եւ տեղաբաշխման մարժան Հայաստանում նվազեց, ապա ես կասկածում եմ, որ որեւէ մեկն այս պայմաններում ներդրում կկատարի։

- Իսկ ի՞նչ է պետք անել, որպեսզի այդ պայմանները բարելավվեն։

¬ Ընդհանուր մթնոլորտը, ընդհանուր կարգավորվածությունը պետք է փոխվեն։ Արտասահմանում խաղի կանոնները հստակ են։ Մինչդեռ մեր երկրի կառավարումը, իմ կարծիքով, բարելավման բազմաթիվ տեղեր ունի։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4