«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2003-09-13 | #166, 2003-09-16 | #167, 2003-09-17


ԹԵԵՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ԲԱՅՑ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՕՍԿԱՆՅԱՆ-ԳՅՈՒԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Վարդան Օսկանյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց մի քանի հարցերի։ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկի վերաբերյալ արտգործնախարարը նշեց, որ թեեւ այդ մասին խոսվում է, բայց երբ հարցնում են նորի բովանդակությունից, պատասխանը մոտենում է հնին։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման լուրերին, արտգործնախարարը տեղեկացրեց, որ այդ մասին ինքն իմացել է մամուլից, եւ նման երկկողմ հանդիպման առաջարկ դեռեւս չկա։ Վարդան Օսկանյանը ենթադրեց, որ հնարավոր է թյուրըմբռնումը կապված լինի համանախագահների հետ երկու նախարարների հնարավոր հանդիպման հետ։

Հաջորդ հարցը վերաբերում էր ԼՂՀ կարգավորման հարցում նոր տարբերակների հնարավորությանը։ Պրն Օսկանյանը նշեց, որ ՀՀ մոտեցումներում որեւէ փոփոխություն չկա։ Իսկ որ Ադրբեջանի ընտրություններից հետո հնարավոր է ղարաբաղյան հարցի կարգավորման որոշ ակտիվացում, արտգործնախարարը չբացառեց։

Անդրադառնալով հաջորդՙ երկու շաբաթվա ընթացքում Նյու Յորք այցելություններին, Վարդան Օսկանյանը տեղեկացրեց, որ այդ ընթացքում հնարավոր են մեկ տասնյակից ավելի երկկողմ հանդիպումներ, նաեւՙ Թուրքիայի արտգործնախարարի հետ։ Իսկ թե որտե՞ղ եւ ե՞րբ, ճշտվում են։

Շարունակելով թուրքական թեման, հաջորդ հարցն այն էր, թե հնարավո՞ր է արդյոք հաստատել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ առանց սահմանները բացելու, եւ որքանո՞վ են իրական սահմանների մասին ակտիվացած խոսակցությունները։ Օսկանյանը պատասխանեց, որ վերապահումով է վերաբերվում այդ լուրերին, գտնելով, որ դրանք չափազանցված են։ Իսկ առանց սահմանների բացման դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առումով պրն Օսկանյանը նշեց, որ դիվանագիտական հարաբերությունները պետք է լինեն բարիդրացիական եւ հիմնված միջազգային իրավունքի վրա։ Եթե այդպես է, ապա սահմանները չբացելու դեպքում որոշակի հակասություններ կառաջանան։

Եվս մեկ հարց էր հետաքրքրում լրագրողներին. այն վերաբերում էր ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե ԵԱՀԿ-ն որպես միջնորդ ԼՂՀ հարցի կարգավորման գործում սպառել է իրեն։ Արտգործնախարարը նշեց, որ ամեն անգամ անհաճո վիճակում հայտնվելիս Ադրբեջանը սովորություն է դարձրել մեղադրել միջնորդներին, Հայաստանինՙ քննադատելով նրանց։

Ավելացնենք, որ սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 4-ն ԱԳ նախարարը կլինի Յալթայում, Նյու Յորքում, Ստրասբուրգում, Բրյուսելում եւ Փարիզում։ Յալթայում տեղի կունենան ԱՊՀ ղեկավարների տարբեր մակարդակների հանդիպումներ, Նյու Յորքում արտգործնախարարի հանդիպումները ՄԱԿ-ի 58-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում են։ Ստրասբուրգում Վարդան Օսկանյանը կհանդիպի Եվրախորհրդի, իսկ Բրյուսելումՙ Եվրամիության ղեկավարների հետ։ Մինչ Երեւան վերադառնալըՙ հոկտեմբերի 3-ին, Վարդան Օսկանյանը Փարիզում ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 32-րդ գլխավոր կոնֆերանսում։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4