Նոր Նորքի դատարանի շենքում երեկ շարունակվեց Տիգրան Նաղդալյանի սպանության գործի քննությունը։ Դատական նիստին ներկայացել էր ամբաստանյալ Արմեն Սարգսյանի պաշտպան Հովիկ Արսենյանը։ Հիշեցնենք, որ պրն Արսենյանին, դատավոր Սարո Արամյանի որոշմամբ ժամանակավորապես հեռացրել էին գործի վարույթից։
Երեկ Հովիկ Արսենյանը դատարան էր ներկայացել համարելով, որ իրեն վարույթից հեռացրել են առանց հիմքի։ Ուստի, հավանաբար բողոքարկելու համար, դատարանից պահանջեց դատավարությանը մասնակցելու իրավունք չունենալու մասին որոշումը։
Դատավոր Սարո Արամյանն ի պատասխան նշեց, որ դատարանը դեռ սպասում է Փաստաբանների միջազգային միությանը եւ դատախազությանն ուղարկած հարցադրումների պատասխաններին։ Այդ պատճառով դատարանը չի կարող նոր որոշում կայացնել։ Մի խոսքով, Հովիկ Արսենյանին չտրամադրվեց որեւէ որոշում։ Ծագած վիճաբանությունը վերացվեց վեճի եւ մեծ աղմուկի։ Դատավոր Սարո Արամյանը պահանջեց Հովիկ Արսենյանին հեռացնել դատարանի դահլիճից, ինչը արվեց։
Ամբաստանյալ Արմեն Սարգսյանի մյուս պաշտպանըՙ Ռոբերտ Գրիգորյանը, Արսենյանի «կրկնակի» հեռացումից հետո միջնորդեց, որ դատարան բերվի նաեւ ամբաստանյալ Արմեն Սարգսյանը, քանի որ քննարկվում է վերջինի փաստաբանի հարցը։ Դատարանը մերժեց միջնորդությունը, թեեւ միջնորդության վերաբերյալ կարծիքները տարբեր էին։ Օրինակ, ըստ Տիգրան Նաղդալյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Ռուբեն Ռշտունու, Արմեն Սարգսյանին պետք է բերել դատարան, քանի որ նա չի մասնակցում դատական այն ընթացքին, որը վերաբերում է 6 այլ ամբաստանյալների հարցաքննությանը։
Իսկ ինչ առնչվում է դատական գործընթացի մյուս գործողություններին, ապա դրանց, Ռուբեն Ռշտունու կարծիքով, ամբաստանյալ Արմեն Սարգսյանը մասնակցելու իրավունք ունի։
Ռուբեն Ռշտունուՙ նման կարծիք հայտնելուց հետո, մեղադրող Զելիմ Թադեւոսյանը, թերեւս թյուր ընկալելով Տիգրան Նաղդալյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցչի խոսքերը, փորձեց դատարանին «ցույց տալ Ռշտունու իրավունքի չիմացությունը»։ Ռուբեն Ռշտունին բացարկ հայտնեց Զելիմ Թադեւոսյանին։
Նիստն ընդմիջվեց։ Ընդմիջումից հետո բացարկի մասին որեւէ քննարկում տեղի չունեցավ, միայն Ռուբեն Ռշտունին դատարանին տեղեկացրեց, որ վատ է զգում եւ միջնորդեց, որ նիստն ընդմիջվի։ Սարո Արամյանը որոշեց նիստն ընդհատել մինչեւ սեպտեմբերի 19-ը։ Իսկ մինչ այդ կպարզվի նաեւ, թե Զելիմ Թադեւոսյանին բացարկ հայտարարելու մասին ինչ է մտածում Տիգրան Նաղդալյանի իրավահաջորդը։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ