«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2003-09-16 | #167, 2003-09-17 | #168, 2003-09-18


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԵԹԵ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արա Աբրահամյանը տեղեկացրեց իր վերջին հանդիպումների մասին

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոկտեմբերի 6-7-ը Մոսկվայում տեղի կունենա Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարը։ Իսկ մինչ այդ Ռուսաստանի հայերի միության նախագահ, համահայկական կազմակերպության ստեղծման կազմկոմիտեի ղեկավար Արա Աբրահամյանը եղել է տարբեր երկրներումՙ ներկայացնելով նման կառույց ստեղծելու գաղափարը։

Երեկ այդ այցելությունների եւ հանդիպումների մասին ասուլիս տվեց Արա Աբրահամյանը։ Նա սկսեց նրանից, որ դեռեւս 2002 թ. հոկտեմբերին Մոսկվայում կայացած «Հայերը դարերի սահմանագծին եւ միջազգային հարաբերությունների այժմեական խնդիրները» կոնֆերանսում որոշվել է ստեղծել նախաձեռնող խումբ։ Խմբին հանձնարարվեց ձեւավորել կազմկոմիտեՙ «Համաշխարհային հայկական կազմակերպություն» ստեղծելու նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու եւ ղեկավարելու նպատակով։

Ձեւավորված կազմկոմիտեն արդեն գումարել է 2 նիստ, եւս մեկըՙ վերջինը, կլինի հենց համահայկական կառույցի հիմնադիր համագումարի նախօրեին, որի ժամանակ կճշտվեն վերջին հարցերը։

Պրն Աբրահամյանի խոսքերով, վերջին մեկ տարվա ընթացքում ինքն այցելել է մոտ 27 պետություն, որտեղ կան եւ կայացել են հայ համայնքները։ Կազմկոմիտեի ղեկավարը հանդիպել է տարբեր երկրների ղեկավարների, ՀԿ-ների, Հայաստանի ղեկավարության եւ կուսակցությունների զգալի մասի հետ։ Արա Աբրահամյանի խոսքերով, բոլորն էլ հետաքրքրությամբ լսել եւ ընդունել են համահայկական կառույց ստեղծելու գաղափարը։ Եվ, թերեւս, միակ տարաձայնությունն այն է եղել, որ գաղափարի իրականացմանը երբեմն մոտեցել են թերահավատությամբՙ համարելով շատ դժվար խնդիր։

Աջակցության առումով, պրն Աբրահամյանը բերեց Ֆրանսիայի նախագահի վերաբերմունքի օրինակը։ Ժակ Շիրակի անմիջական օգնությամբ Փարիզում արդեն տրամադրվել է համապատասխան շենքՙ համահայկական կազմակերպության գրասենյակի համար։ Նմանապես շուտով կավարտվեն նաեւ Բրյուսելում շենք ստանալու աշխատանքները։ Գրասենյակներ կլինեն նաեւ ԱՄՆ մի քանի քաղաքներում, որտեղ այդ կապակցությամբ խնդիրները վերջնական լուծում կստանան մեկ-երկու օրից ՌԴ նախագահի հետ Արա Աբրահամյանի ԱՄՆ այցելության ժամանակ։ Կենտրոնական գրասենյակն, իհարկե, կլինի Հայաստանում, եւ այդ գրասենյակում, նախնական ծրագրով, կաշխատեն 300-ից ավելի մասնագետներ։

Համաշխարհային հայկական կազմակերպության (ՀՀԿ) գործունեությունը կունենա 4 գլխավոր ուղղություն. 1. Հայաստանի Հանրապետության զարգացում եւ ամրապնդում, 2. Ցեղասպանության ճանաչում (այդ թվումՙ ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորում), 3. պայքար համաշխարհային ահաբեկչության եւ աղքատության դեմ, 4. ինտերնետ կրթության տարածում հետխորհրդային տարածքի երկրներում։

Հայաստան այս վերջին այցելության ժամանակ Արա Աբրահամյանը հանդիպել է ՀՀ նախագահի ու վարչապետի, տարբեր կուսակցությունների, խորհրդարանական խմբակցությունների հետ, ներկայացրել մինչեւ հիմա կատարված աշխատանքը։ Արա Աբրահամյանն իր զրուցակիցներին հրավիրել է մասնակցելու ՀՀԿ հիմնադիր համագումարին։ Վերջինին 57 երկրներից կմասնակցեն մոտ 150 պատգամավորՙ առանց Հայաստանի եւ Ռուսաստանի։ Ընդհանուր պատգամավորները կլինեն 250 հոգի, իսկ համագումարի բացմանը ներկա կլինեն մոտ 2000 մարդ։

Թե ինչու է ՀՀԿ հիմնադիր համագումարի համար ընտրվել Մոսկվան, Արա Աբրահամյանը տրամաբանական համարեց, քանի որ Ռուսաստանում ամենամեծ հայ համայնքն է, որն էլ հանդես է եկել նման նախաձեռնությամբ։

Իր խոսքն ավարտելուց հետո ՌՀՄ նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին։ Այն հարցին, թե ինչպիսի՞ն է դեկտեմբերին ԱՄՆ նախագահի հետ հանդիպելու օրակարգը եւ ճի՞շտ է արդյոք Բուշ-Պուտին հանդիպմանն իր մասնակցելու մասին տեղեկությունը, պրն Աբրահամյանը տեղեկացրեց, որ տարբեր նախագահների ՌԴ այցելությունների ժամանակ ինքը մասնակցում է ընդունելություններին։ Իսկ Բուշի հետ հանդիպումը, ըստ Ա. Աբրահամյանի, կախված է հենց Բուշից եւ կճշգրտվի սեպտեմբերի 26-27-ին իրՙ Վաշինգտոն այցելության ժամանակ։

Ապագա կառույցի բովանդակությունն ու կառուցվածքին վերաբերող հարցերին ի պատասխան նշվեց, որ համագումարում ներկայացուցչական նորմը որոշվել է ըստ տվյալ կազմակերպության անդամների թվի։ ՀՀԿ-ն չի ունենա անդամներ, գումար չի հավաքի, այլ, ինչպես ասաց Արա Աբրահամյանը. «Փողը պետք է աշխատել, հավաքածով ազգային հարցեր լուծելը դժվար է»։

Ներկայումս գործող հայկական կազմակերպությունների հետ հնարավոր բախումների եւ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու առումով Արա Աբրահամյանն ասաց, որ ՀՀԿ-ն չի լինելու քաղաքական կառույց։ Իսկ հնարավոր բախումների կապակցությամբ պրն Աբրահամյանը կատակեց, թե իրենք վաղօրոք կհանձնվեն, ոչ մեկի հետ կռիվ չեն տա։ «Մեր նպատակն ազգային շահն է։ Եթե որեւէ մեկը դեմ է, մենք նրա հետ գնալու ճանապարհ չունենք եւ ոչ էլ կռվելու ժամանակ», ավելացրեց ՌՀՄ նախագահը։

Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնական աշխատող ուժը պետք է լինեն գործարարները։ Արա Աբրահամյանը հանդիպել է նաեւ հայ մեծահարուստների հետ, քննարկել տարբեր հարցեր։ Ի դեպ, գործարարները նույնպես այս ամենին մասնակցելու ցանկություն են հայտնել։

Ասուլիսի թեմայից դուրս, կազմկոմիտեի ղեկավարը տեղեկացրեց, որ Ռուսաստանում Պետդումայի ընտրություններին կմասնակցեն 7 հայ թեկնածուներ, եւ նրանցից երեւի թե 3-4-ը կանցնեն։ Պրն Աբրահամյանը ճշգրտեց նաեւ, որ Ռուսաստանի որոշ ընկերություններիՙ պարտքի դիմաց տրված հաստատությունների կառավարման հետ ինքը կապ չունի, այլ զբաղվում է մի քանի ամիս առաջ հիշատակված 50 մլն դոլար ներդրումներով, որոնք, ի դեպ, ավելանում են։

Ի վերջո, հոկտեմբերի 6-7-ը Մոսկվայում տեղի կունենա Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարը, իսկ 8-12-ը կկայանան Ռուսաստանի հայերի միության օրեր Հայաստանում եւ Արցախում։

Լրագրողներն, իհարկե, հարցրին նաեւ Արա Աբրահամյանի կարծիքըՙ Ռուբեն Միրզախանյանի հրաժարականի մասին։ Պրն Աբրահամյանը պատասխանեց, որ շարունակելու է աջակցել Ռուբեն Միրզախանյանինՙ ինչպես կարող է։ Արա Աբրահամյանը, թերեւս մեզանից շատերի համար ուսանելի արտահայտությամբ եզրափակեցՙ Ռ. Միրզախանյանին վերաբերող հարցերը. «Մարդ պետք է աշխատի այնտեղ, որտեղ ցանկանում է»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4