Արցախի գրողների միության հերթական «Գրական ուրբաթը» նվիրված էր անվանի գրող-հրապարակախոս Վարդգես Պետրոսյանին։ Իր գրական-հասարակական գործունեության ընթացքում Վ. Պետրոսյանը միշտ էլ եղել է ազգապահպան գաղափարների անխոնջ կրողը, որի բարձրարժեք ստեղծագործություններով ոչ մեկ սերունդ է դաստիարակվել։
Բացելով երեկոն, ԼՂՀ ԳՄ վարչության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը վերստին կարեւորեց Վարդգես Պետրոսյանի գրական վաստակը, գտնելով, որ գրողի արծարծած գաղափարները կարեւոր դեր են խաղացել Արցախում հայաշունչ ոգին պահպանելու գործում, առավելապես արցախյան շարժման նախատարիներին։
Գրողի գրական ժառանգության մասին զեկուցումով հանդես եկավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը։ Վ. Պետրոսյանի ստեղծագործությունների թեմաները, ըստ զեկուցողի, այսօր էլ հրատապ են։ Ապրելով խորհրդային ժամանակաշրջանում, անվանի գրողը յուրովի պայքար է մղել ժամանակի դեմՙ հայ երիտասարդների եւ ընդհանրապես հայ հասարակության մեջ արթուն պահելով ազգային խնդիրը։
Արձակագիր Լեւոն Մկրտչյանը եւ բանաստեղծ Արկադի Թովմասյանը հուշեր պատմեցին Վարդգես Պետրոսյանիՙ Ղարաբաղ կատարած այցերից, բարձր գնահատելով ոչ միայն նրա գրական, այլեւ մարդկային արժանիքները։ Դաժան ճակատագիր ունեցող, անհանգիստ մարդու եւ գրողի կերպարը առկա է ոչ միայն նրա կերտած երկերում, այլեւ առօրյա մարդկային հարաբերություններում, որոնց վերաբերյալ ամեն մի հուշ այսօր ուսուցողական արժեք ունի։
Վ. Պետրոսյանի գրական-հասարակական գործունեության մասին ելույթ ունեցան նաեւ ուսուցիչներ, գրչի մշակներ։ Լրագրող, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանն առաջարկեց առաջիկայում սեմինար կազմակերպել «Հրապարակախոսությունը եւ գրականությունը» թեմայովՙ սեմինարի նյութերը հրատարակելով առանձին գրքով։ Առաջարկություն եղավ նաեւ Ստեփանակերտի փողոցներից կամ հաստատություններից մեկը կոչել Վարդգես Պետրոսյանի անվամբ։ Այս առնչությամբ ԳՄ վարչության նախագահը նշեց, որ իրենք արդեն միջնորդություն են հղել հանրապետության իշխանություններինՙ Վարդգես Պետրոսյանին հետմահու «Վաչագան Բարեպաշտ» մեդալ շնորհելու մասին։ Նա խոստացավ այս առաջարկությունը եւս կցել միջնորդությանը։
Երեկոյի ընթացքում ընդգծվեց գիրք-ընթերցող կապն ամրապնդելու նպատակով հաճախակի հանդիպումներ կազմակերպել գրողների հետ, առանձնապես հանրակրթական օջախներում։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ