Նախագահական ընտրություններում նրա հաղթանակը երաշխավորված է ԱՄՆ-ի աջակցությամբ
Ադրբեջանի նախագահական ընտրությունները նշանակվել են հոկտեմբերի 15-ին։ Ամենայն հավանականությամբ, դրանց արդյունքները կանխորոշված են։ Այդ առումով պատահական չէին նախագահ Հեյդար Ալիեւի որդուՙ Իլհամի նշանակումը Ադրբեջանի վարչապետի պաշտոնում, առավել եւսՙ սեպտեմբերի սկզբներին նրա ԱՄՆ, որտեղից էլ Անկարա կատարած հաջորդական այցելությունները։
Սեպտեմբերի 17-ի համարում «Ազգն» անդրադառնալով այցելություններին, նշել էր, որ Իլհամ Ալիեւն Անկարայում ընտրությունների առնչությամբ հայցել է Թուրքիայի ղեկավարության աջակցությունը։ Սա հիմք տվեց ենթադրելու, որ նրան աջակցում է պաշտոնական Վաշինգտոնը։ Այլապես ընտրություններում նախապես «Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարին աջակցող Անկարան հրաժարվելով նրանից, աջակցություն չէր խոստանա Իլհամ Ալիեւին։
Ինչ վերաբերում է ադրբեջանական ընդդիմադիր ուժերին, թեեւ նրանք ոչ մի կերպ չեն հաշտվում նախագահական ընտրություններում որդի Ալիեւի թեկնածության հետ, ամեն կերպ վարկաբեկելով նրան, բայց եւ այնպես Վաշինգտոնի աջակցության հանգամանքին քաջատեղյակ են։ Այս հանգամանքը հավասարակշռությունից հանում է նրանց, այն աստիճանի, որ նրանք Իլհամին վարկաբեկելիս անցնում են բոլոր սահմանները։ Դրա հետ անխնա շահարկվում է Հեյդար Ալիեւի վատառողջությունը, չարաբաստիկ կանխատեսումներով, թե նա արդեն մահացած է։
Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչներից Ադրբեջանի ժողովրդական ճակատի հիմնադիր կազմի անդամ Զարդուշտ Ալիզադեն շահարկման հերթական փորձ է արել։ Նա նշել է, որ եթե Հեյդար Ալիեւը դեռեւս չի մահացել, ուրեմն մահամերձ է, իսկ նրա խաղամոլ որդին որքան էլ օտար լինի երկրի շահերին, ժողովրդին է պարտադրվում իբրեւ նախագահ։
Այս ամենով հանդերձ, Ալիզադեն ընտրություններում անհամեմատ գերադասելի է համարել Իլհամ Ալիեւի շանսերը, միաժամանակ խոստովանել է, որ ընդդիմությունը դատապարտված է։ Այս խոստովանությունը հազիվ թե բխի ընդդիմության ուժի նկատմամբ թերահավատությունից։ Ուրեմն, պայմանավորված է Իլհամին Վաշինգտոնի ցուցաբերած քաղաքական աջակցության գիտակցությամբ, որն Ալիզադեին հուսահատության է հասցնում։
Այլ կերպ, Ադրբեջանի նախագահի պաշտոնում Իլհամ Ալիեւն այլընտրանք չունի, իսկ Վաշինգտոնը նրա երաշխավորն է։ Քանի որ Ադրբեջանը Վրաստանի հետ ընդգծված ամերիկամետ կողմնորոշում է որդեգրել արտաքին քաղաքականության մեջ, ուստի Իլհամին Վաշինգտոնի աջակցությունը հարց է առաջադրում. «Արտաքին կողմնորոշման հարցում Ադրբեջանը այլընտրանք ունի՞, թե՞ ոչ»։
Այս հարցին «Զերկալո» թերթի սեպտեմբերի 4-ի համարում հրապարակված հոդվածով անուղղակիորեն պատասխանել է Միրկադիրովը։ «ԱՄՆ-ը կարող է կորցնել Ադրբեջանը» խորագրով հոդվածում Միրկադիրովը գրում է. «Ինչ-որ առիթով ես զրուցում էի ոմն ամերիկացի դիվանագետի հետ, որը ժամանակ առ ժամանակ Բաքվում է լինում։ Զրույցներից մեկի ընթացքում նրան նախազգուշացրի Ադրբեջանում որդեգրած արտաքին կողմնորոշումը վերանայելու, այսինքնՙ երկրում ռուսամետ ուժերի իշխանության գալու վտանգի մասին։ Նա ծիծաղեց, ամերիկացիներին յուրահատուկ ցինիզմի հասնող անկեղծությամբ ասաց. «Ոչ մի վտանգ էլ չկա։ Յուրաքանչյուր ռուսամետ գործիչ իշխանության գալով Ադրբեջանում, տառացիորեն վեց ամիս հետո կդառնա ամերիկամետ»։ Մի խոսքով նա բացահայտ ակնարկեց, որ ամեն ինչ որոշում են ռազմական հզորությունն ու խոշոր կապիտալը, որոնց տիրապետում է ԱՄՆ-ը»։
Թեեւ Միրկադիրովը փորձում է հերքել ամերիկացի դիվանագետին, սակայն այս փորձով ընդամենն ընդգծվում է հուսահատությունը։ Ուրեմն Ադրբեջանն արտաքին քաղաքականության մեջ անվերապահորեն դեպի ԱՄՆ կողմնորոշվելիս ամերիկացիներին անձնատուր է եղել։ Քանի որ անձնատուր լինելը ենթադրում է խուսանավելու հնարավորության բացառում, ուստի բացառվում է, որ ամերիկացիներն ականջ դնեն ադրբեջանական ընդդիմության հուսահատ ճիչերին։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ