«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2003-09-17 | #168, 2003-09-18 | #169, 2003-09-19


ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸՙ ԹԱԼԱՆՎԱԾ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հայ տաղանդավոր նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի 21 լավագույն աշխատանքների բնակարանային կողոպուտը մերօրյա բարոյականության անկման ամենացայտուն դրսեւորումը կարելի է համարել։ Այս ստորագույն արարքը, որ կատարվել է նկարչի դուստր Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի բնակարանից, անկասկած չէր կարող վրդովմունքի տեղիք չտալ ոչ միայն արվեստագետ-մտավորականների շրջանակում, այլեւ հասարակության մեջ։ (Եթե հասարակությունը դեռ չի կորցրել ազգային արժեքների գիտակցման զգոնությունը)։ Որովհետեւ վաղուց արդեն ընդունված է, որ մեծ արվեստագետների ստեղծագործություններն իբրեւ համաժողովրդական սեփականություն եւ ազգային հարստություն են ժառանգվում։ Իրենք էլ այլեւս իրենց չեն պատկանում։

Տերյան 65 հասցեում գտնվող շենքի երկրորդ հարկում է Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի բնակարանը, որտեղ երեկ հանդիպեցինք նկարչուհուն եւ իր դուստր, դարձյալ նկարչուհի, Մարիային։

Տիպիկ նկարչի կացարան, որ առաջին հայացքից տուն-թանգարանի տպավորություն է թողնում։ Պատերին Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի աշխատանքներն են։ Այս տանը տիկին Լավինյան հոր նկարներից բացի այլ նկարներ չունի. «Համաշխարհային գլուխգործոցներ են, ես իրավունք ունե՞մ իմ նկարները նրանց կողքին դնելու»։ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի կենդանի գոյությունը տասնամյակներ շարունակ այս բնակարանում նկարների եւ դստեր հիշողություններում է ապրում։

20-րդ դարասկզբի հայ գեղանկարչության մեծերից մեկըՙ Ալ. Բաժբեուկ-Մելիքյանը, ապրել եւ ստեղծագործել է Թիֆլիսում, նկարչի դժվարին կյանքով ու անմնացորդ նվիրումով է արարել ամեն կտավը, եւ անսովոր աշխատասիրությամբ, իր ստեղծածի նկատմամբ չափազանց նախանձախնդիր վերաբերմունքով։ Արվեստանոց չի ունեցել, անհարմարավետ բնակարանը նաեւ իր արվեստանոցն է եղել։ «Չէր սիրում, երբ նկարները հենց այնպես շարված էին լինում կողք կողքի, անպայման պիտի պատից կախված լինեին։ Եթե տեղ չէր լինում, թույլ համարվածները ոչնչացնում կամ այրում էր»։

Սակայն, տարիներ անց Մինաս Ավետիսյանին, որի արվեստը շատ բարձր էր գնահատում, գրված նամակներից մեկում խոստովանում է. «Չվերաբերվեք ձեր նկարների հետ այնպես, ինչպես ես, հետո կարող եք փոշմանել»։ Նկարչի դուստրը պատմում է, որ նման դեպքերում իրենք ոչինչ չէին կարող անել, որովհետեւ հայրն անսովոր շիկացած տրամադրության մեջ էր լինում։ Նկարչի ոչնչացրած նկարները մի քանի անգամ ավելի են եղել, քան պահպանվածները, որոնք շուրջ 200 աշխատանքներ են, դրանցից 100-ը իր երեք ժառանգների մոտ են պահվումՙ իբրեւ նվիրատվություններ։ Մի շարք գործեր պահպանվում են Երեւանի ազգային պատկերասրահում, Թբիլիսիում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Պետերբուրգի արեւելյան մշակույթի թանգարանում, նաեւ կան արտերկրում եւ մասնավոր անձանց հավաքածուներում։

Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի բնակարանի 39 նկարներից 21-ը կողոպտվել էՙ տանտիրոջՙ Երեւանից բացակայության ընթացքում։ Նկարչուհին տարիներ ի վեր ապրում է ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ Երեւանում. «Երբեւէ մտքովս չի անցել, թե հնարավոր է այսպիսի բան, բայց դժբախտությունն, ասում են, մի անգամ է լինում», հուզմունքից ներսի ցավը հազիվ զսպելովՙ ասում է տկն Լավինյան։ Տուն-թանգարան հիշեցնող բնակարանը, որտեղ պահպանվում է մեր ազգային հարստության մեկ հատվածը, զուրկ էր տարրական ապահովագրությունից։ Նույնիսկ մետաղյա դուռ կամ լուսամուտներին ճաղավանդակները բացակայում էին։ Երկու փայտե դռներ էին անգլիական փականներով։ Նկարչուհին Մոսկվայից վերադառնում է սեպտեմբերի 6-ին, վաղ առավոտյան մտնում բնակարան, դուռը բացելուն պես կաթվածահար տեղում քարանում, տան պատերն անսովոր թափուր էին. հատակին 3 դատարկ շրջանակ էր ընկած. «Ավելի մեծ ցավ չեմ ապրել, ուշքի չեմ գալիս, զարմանում եմ, ինչպես կաթված չստացա։ Տարել են բոլոր լավ գործերը, կողոպտիչներն արվեստին գիտակ են եղել, կամ առնվազնՙ իրենց պատվիրատուները»։

Հայաստանի միակ կին ակադեմիկոս նկարչուհին 81 տարեկանում իր ամենամեծ հարվածն է ստացել, եւ ենթադրում է, որ կողոպուտը նախօրոք ծրագրված է եղել, լավ նախապատրաստված, դրացիներ չկան, թափուր բնակարաններ են կողքին, գիշերային ժամերին է կատարվելՙ օգոստոսի 30-31-ին կամ սեպտեմբերի սկզբի օրերին, եւ գրեթե համոզված է, որ նկարները վաղուց Հայաստանում չեն, որովհետեւ իր կարծիքով Երեւանում այդպիսի հարուստ մարդիկ չկան, որ գնեն։

Մեր զրույցի ընթացքում նա նյութական արժեքների չվերածեց իր կորուստը. «Դրանք թանկ, հոգեւոր մեծ արժեքներ են։ Իմ մտերիմները զանգահարում են տարբեր տեղերից, ինձ հանգստացնում, ասելով, թե այդքան մի տանջվիր. մխիթարվիր, որ նկարները կենդանի են, կարող էին լրիվ ոչնչանալ, ասենք հրդեհվել...»։

Նկարչի ժառանգները միշտ էլ փափագել են ամբողջացնելու եւ մեկտեղելու իրենց հոր ժառանգությունը։ Սակայն տարիներ շարունակ չեն կարողացել իրականացնել տուն-թանգարան հիմնելու գաղափարը։ Իրենց բազմաթիվ դիմումները մշտապես պետական ատյանների անտարբերությանն են արժանացել, երբ թվում է համապատասխան մարմինները իրենք պետք է շահագրգիռ մոտեցում ցույց տային, ապահովելու նման հարստություն ունեցող բնակավայրերը։ Բնակարանային այս կողոպուտն ազգային արժեքների թալան է, հարված ոչ միայն նկարչուհուն, այլեւ մեր ազգինՙ եւ բարոյական, եւ նյութական առումներով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4