Հայագիտական համաժողովի վերջին քննարկումներում
«Հայաստանը տարածաշրջանային զարգացումների համակարգում», «Հայկական ինքնության խնդիրը եւ հայապահպան գործունեությունը սփյուռքում», «Կրթության հիմնախնդիրները սփյուռքում եւ Հայաստանում» թեմաները քննարկման առատ նյութ էին դարձել երեկՙ հայագիտական համաժողովի վերջին աշխատանքային օրը։ Առաջին թեմային նվիրված կլոր սեղանին մասնակցում էին ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանը, իրանագետ Վահան Բայբուրդյանը եւ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Պրն Հովհաննիսյանը հանդես եկավ «Հայաստանը անդրկովկասյան¬մերձավորարեւելյան տարածաշրջանի գործոն» զեկուցումով, որում համառոտ ու բովանդակալից ներկայացրեց Հայաստանի տեղն ու դերը քաղաքական արդի տեղաշարժերում։ Մեր երկրի դերակատարումը, նրա դիտարկմամբ, դրսեւորվում է հետեւյալ գործոններով։ Առաջինը աշխարհաքաղաքական գործոնն է, որն իրականացվում է երկակի ձեւով. մի կողմից նպաստելով տարածաշրջանում կայունության պահպանմանը, որը դրսեւորվում է Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, ինչպես նաեւ Մ. Նահանգների ու Եվրամիության հետ հարաբերություններում, մյուս կողմից զուսպ ու հավասարակշիռ քաղաքականություն վարելով Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։
Երկրորդը ռազմաքաղաքական գործոնն է, քանզի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերը այսօր ամենահզորն են Անդրկովկասում։ Այս իրողությունը հայտնի է ամենքին եւ տարածաշրջանի պետություններին հարկադրում է ամենայն լրջությամբ կշռադատել իրենց քայլերը որեւէ արկածախնդրություն նախաձեռնելուց առաջ։ Ռազմական գործոնի նշանակությունն առավելապես ուժեղացավ վերջին տարիներին, քանի որ Հայաստանը պահպանելով ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանի հետ եւ անդամակցելով «Կոլեկտիվ անվտանգության պայմանագիր» կազմակերպությանը, միաժամանակ զարգացնում եւ խորացնում է իր ռազմական համագործակցությունը Մ. Նահանգների ու ՆԱՏՕ¬ի հետ։
Երրորդըՙ տարածաշրջանային հաղորդակցության գործոնն է, որովհետեւ բացի այն, որ մեր երկիրը Ռուսաստանին կապում է Իրանի հետ, միաժամանակ ապահովում է նաեւ այդ գծի շարունակությունըՙ դառնալով կարեւոր օղակ Եվրոպայի եւ Արեւելքի միջեւ։ Իսկ տնտեսական շրջափակումը վերանալու պարագայում մեր երկիրը կվերածվի ռազմավարական հաղորդակցության խաչմերուկի։ Եվ վերջին, չորրորդ գործոնը, պրն Հովհաննիսյանի դիտարկմամբ, սփյուռքի դերն է։ Հայկական գործոնի այդ յուրահատկությունից զուրկ են տարածաշրջանի մյուս երկրները, ինչն էլ բացառիկ է դարձնում դրա դերակատարումը։ Հայկական սփյուռքն այսօր նկատելի դեր ունի Մ. Նահանգներում, Ֆրանսիայում, Լիբանանում եւ այլ երկրներում։ Վերջին տարիներին հայ համայնքն ուժեղանում է Ռուսաստանում, զարգացման միտումներ են նկատվում նաեւ վրացահայ եւ այլ համայնքներում։ Սփյուռքի գործոնը հայկական գործոնի օրգանական մաս կազմելով, ավելի է շեշտում վերջինիս կարեւորությունը։
«Հայաստանի տեղն ու դերը Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային քաղաքականության ոլորտում» զեկուցման մեջ իրանագետ, պրոֆ. Վահան Բայբուրդյանը մատնանշեց քաղաքակրթությունների երկխոսության սկզբունքի վրա հիմնված Իրանի քաղաքականության դերն ու նշանակությունը տարածաշրջանում։ Նրա գնահատմամբ, հայ¬իրանական հարաբերությունները հիմնված են ամուր փոխըմբռնման վրա, եւ մեր երկիրը բարձր վարկանիշ ու հեղինակություն ունի Իրանում։ Վերջինիս հետ Մ. Նահանգների ունեցած տարաձայնությունները երբեւէ չեն խախտի հայ¬իրանական հարաբերությունները։
«Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում եւ Հայաստանի Հանրապետության գործոնը» թեմայի վերաբերյալ իր տեսակետներն ու վերլուծությունը ներկայացրեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանըՙ հիմնվելով թուրք գիտնականների դիտարկումների վրա։
Վերջիններիս նա բաժանեց երեք խմբի, յուրաքանչյուրին բնութագրելով առանձին։ Այսպես, առաջին խումբը Թուրքիային համարում է թույլ պետություն, անընդունակ ազդելու այլ երկրների վրա, երկրորդի կարծիքով Թուրքիան միջնաբերդ է եւ պիտի իշխի հարեւաններին, երրորդըՙ ավելի առաջ գնալով, Թուրքիան դիտում է որպես արեւմտյան երկրների հետ ամուր համագործակցությամբ մի միջնաբերդի, շրջապատված ներքին օղակ երկրներով, որոնց թվում է նաեւ Հայաստանը։ Հայաստանի հանդեպ Թուրքիան իրականացնում է ճնշման քաղաքականություն, ինչը դրսեւորվում է շարունակվող շրջափակմամբ, Հայոց ցեղասպանության հերքմամբ ու թուրքահայ համայնքի իրավունքների սահմանափակմամբ։ Պրն Սաֆրաստյանը նշեց, որ Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը մեղմելու հարցում առանձնակի դեր ունեն միջազգային կառույցները, որոնք հնարավորինս ձգտում են նպաստել հայ¬թուրքական երկխոսության կայացմանը։
Համաժողովի լիագումար եզրափակիչ նիստը տեղի կունենա այսօր, աշխատանքները կամփոփվեն եւ կընդունվի բանաձեւ, որին կանդրադառնանք առանձին։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ