«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2003-09-18 | #169, 2003-09-19 | #170, 2003-09-20


ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԻԲՐԵՎ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐ

«Հայագիտության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները» հայագիտական միջազգային համաժողովի շրջանակներում ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի նիստերի դահլիճում հետաքրքրական բանավեճեր ընթացան։ Ելույթները մեծ մասամբ ավելի նեղ մասնագիտական թեմաների շուրջ էին, որոնց մի մասը պարզապես ընթերցվեց իբրեւ պարտադիր բաղկացուցիչ մաս։ Մինչդեռ գործնական տեսակետից տեղի եւ սփյուռքի հայագետների շահագրգիռ մասը հետաքրքրված էր հայության համար մի քանի կարեւոր հիմնահարցերի լուծման ճանապարհների որոնումներով։ Խնդրահարույց թեմաները գլխավորապես հայ ժողովրդի ծագումնաբանության, 1915-ի Ցեղասպանության, գրական արեւելահայերենի եւ արեւմտահայերենի մերձեցման եւ ուղղագրության հարցերի շրջանակում էին, եւ դրանցից կարեւորագույնըՙ մեր ազգային ինքնության եւ հայապահպանման հարցը։ Վերջին թեմաների շուրջ նախընթաց երկու օրերին հետաքրքրական քննարկումներ ընթացան։

Բանասիրական գիտությունների դոկտոր Արտեմ Սարգսյանը գրական արեւելահայերենի եւ արեւմտահայերենի մերձեցումն անհամատեղելի համարեց նույնացումին եւ ձուլումին։ Երկու լեզուների միջեւ եղած անջրպետն արհեստականորեն, շինծու վերացնելն անհնար է, քանի որ այդ իրողությունը լեզվի զարգացման ներքին հնարավորությունների շնորհիվ ընթացող պատմական բնականոն վիճակ է պարտադրում։ Ըստ բանախոսի, մերձեցումը նախ եւ առաջ վերաբերում է երկու լեզուների բառապաշարինՙ չշրջանցելով հնչյունաբանական եւ քերականական կողմը, անպայման ուշադրություն դարձնելով երկու լեզուների շարահյուսական կառուցվածքի ընդհանրություններին։ Գործնական քայլեր սկսելու ուղղությամբ Ա. Սարգսյանն առաջարկեց հիմնել համապատասխան հայագետներով համալրված խորհուրդ, հայագիտական կենտրոններ, որոնց հիմնական խնդիրը պետք է լինի ստեղծել արեւելահայերենի եւ արեւմտահայերենի ժամանակակից համակարգչային շտեմարաններ։ Հարցը հավասարակշիռ մոտեցում է պահանջումՙ առանց կրքերի եւ փոխադարձ վիրավորանքների։ Նա ժխտեց այն կարծիքը, թե արեւելահայերենը եւ արեւմտահայերենն ազգային երկու տարբեր լեզուներ են։ Արտեմ Սարգսյանի ելույթին բուռն արձագանքեց հայերենի, դասական ուղղագրության նվիրյալ եւ ջատագով Հիլդա Գալֆայանըՙ Փարիզից։

Նույն դահլիճում երեկվա կազմակերպած կլոր սեղանը «Հայկական ինքնության խնդիրը եւ հայապահպանման գործունեությունը սփյուռքում» թեմայով, անցավ խիստ հագեցած մթնոլորտում։ Հիմնական բանախոսըՙ Լեւոն Աբրահամյանը «Հայոց ինքնությունն արդի տեսությունների համատեքստում» թեմայով իր ելույթի մեջ համակողմանիորեն ներկայացրեց հարցըՙ տեղի տալով բուռն հետաքրքրությունների եւ շահեկան հարցադրումների։ Հարցն ազգ-պետություն համակարգի մեջ լեզվի եւ կրոնի հիմնարար դերերի մասին էրՙ պատմական անցյալի անդրադարձներով։

Մեր ինքնության որոնումները տանում են խոր անցյալ, հասնում հայոց հինգերորդ դարի «համարձակ ու ինտելեկտուալ» սերնդին։ Նախնական վիճակներին վերադառնալու ելակետային դիրքերից Ալբերտ Ստեփանյանը պատմությունը համակարգելու փորձերը, «գրավոր տեքստի տարածության մեջ» ինքնաստեղծման ճիգ համարեց, «ինքնակայացումը ձեռագրային միջավայրում»ՙ ուտոպիկ վիճակ։

Բանախոսին (Լ. Աբրահամյանին) ուղղած հարցերը հաճախ վերածվում էին ելույթներիՙ մտքերի փոխանակման ընթացքում ծնունդ տալով նոր գաղափարների։ Ազգային ինքնության խնդրի շուրջ հետաքրքրական մեկնաբանություններով հանդես եկան սփյուռքահայ Խաչիկ Թեոլեոլյանը եւ նախագահողըՙ Լեւոն Զեքիյանը։

Սակայն խնդրի հրատապությունը պարտադրում էր ներկաներին պատմական անցյալներից եւ տեսական հարթություններից տեղափոխվել իրական, գործնական մթնոլորտ, երբ դահլիճից հնչեց «Ո՞ւմ ենք մենք հայ համարում» սփյուռքահայի հարցադրումը, որը եւ հաստատեց նախագահող Կառլեն Դալլաքյանը։ Ընդմիջումից հետո հարցը որոշակիորեն հստակեցվեց։

Իրողություն է, որ այսօր հայության թվակազմն աճում է արտերկրում, մասնավորաբար Մ. Նահանգներում եւ Ռուսաստանում, եւ, ընդհակառակը, նվազում Հայաստանում։ Սա մեր ժողովրդի ներկայիս դիմագրաված ամենալուրջ հարցն է։ Արտահայաստանյան կենտրոններում հայապահպան կռվաններըՙ դպրոցը, եկեղեցին, ազգային-մշակութային հաստատությունները, եթե ազգային սնուցում չստանան Հայաստանից, ապա չեն դիմանա ժամանակի փորձությանը եւ կփլուզվեն, ուստի առաջնայինը համարվեց հայրենիքում եղածը պահել-պահպանելը, զարգացնելը։

Սա այն ընդհանուր հայեցակարգն էր, որին հանգեցին մասնակիցները, ապա եւ արվեցին որոշակի առաջարկներ. 1. փրկել եւ պահպանել հայկական գյուղը, սկսելով գյուղական դպրոցից։ 2. Հայաստանում ստեղծել նախկինում գործող սփյուռքի հետ կապի կոմիտեի նման մի կառույց։

Սփյուռք-Հայաստան 2 համաժողովներից առաջինը, եթե հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատճառով որեւէ կերպ չարդյունավորվեց, ապա երկրորդն առանց որեւէ պատճառի նույնպես արդյունք չտվեց։ Պատճառը մեկն էՙ չկա որեւէ կառույց, որը պրոֆեսիոնալ կերպով զբաղվի նման համաժողովներում կայացած որոշումների ու տեսակետների գործնականացմամբ, դրանց հետեւողական վերահսկմամբ։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4