«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2003-09-18 | #169, 2003-09-19 | #170, 2003-09-20


ԵԿՈՂ ԵՌՕՐՅԱՅԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ

Գիտության, կրթության, երիտասարդության եւ այլ հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի երեկվա նիստից հետո Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց կատարվածը։ Նա նշեց, որ հանձնաժողով են մուտքագրվել 28 օրենսդրական նախաձեռնություններ, որոնցից 4-ը ներկայացրել է կառավարությունը, 24-ըՙ ԱԺ պատգամավորները։ 28 նախագծերից 11-ը վերաբերում է կրթության բնագավառին, 1-ը գիտությանը, 1-ըՙ երիտասարդությանը։ Երկու նախագիծ վերաբերում է մշակույթին, 9-ըՙ զանգվածային լրատվությանը, ներկայացվել այլ բնույթի է 4 նախագիծ։ Առաջիկա եռօրյայում հանձնաժողովն առաջարկել է ընդգրկել 4 նախագիծ։

Առաջին փաթեթը վերաբերում է զանգվածային լրատվության օրենքին։ Ըստ այս նախագծի, որը բազմիցս քննարկվել է տարբեր մակարդակներում, կամրագրվի մեկ կարեւոր դրույթ, որով կարգելվի գրաքննությունը։ Իսկ ընդհանրապես հանձնաժողովը եկել է համաձայնության, որ զանգվածային լրատվության միջոցի սահմանումը, որն ամենակարեւորն է, օրինագիծը չի պարունակում։ Հանձնաժողովում լուրջ քննարկման նյութ է դարձել լրատվություն տարածողի լրատվության աղբյուրը հայտնելու հարցը։ Ըստ հանձնաժողովի, միայն քրեական գործ հարուցվելու դեպքում փակ նիստում լրագրողը պարտավոր կլինի հայտնել աղբյուրը։

Ինչ վերաբերում է նախկինում մտահոգություն առաջացրած ֆինանսների թափանցիկության հարցին, ապա, հանձնաժողովի կարծիքով, հովանավորի անունը շեշտելը ճիշտ չէ։

Հանձնաժողովի ներկայացրած հաջորդ փաթեթը վերաբերում է վարչական իրավախախտումների օրենսգրքում այնպիսի դրույթներին, որոնք բխում են ԶԼ օրինագծից։ Մասնավորապես, եթե զանգվածային լրատվության օրենքով ամրագրվի առանց գրանցման գործելու դրույթ, հետեւաբար պետք է հանվի նախկինում այդ գրանցման համար նախատեսված տուրքը։ Առանձնակի մոտեցում է ցուցաբերվել հրապարակված այն նյութերի տարածմանը, որոնք հատուկ հասցեատերեր ունեն։ Դրանց վաճառքը պետք է կազմակերպվի ոչ թե չարգելված վայրերում, ինչպես որ ներկայիս ձեւակերպումն է, այլ կառավարության սահմանած հատուկ տեղերում։ Դա վերաբերում է էրոտիկ կամ սարսափ բովանդակությամբ նյութերին։

Երրորդ փաթեթը տեղեկատվության մատչելիության նախագիծն է, որն օրակարգ է մտնում երրորդ ընթերցման համար, ուստի հանձնաժողովը միայն խմբագրական ուղղումներ է մտցրել։ Ըստ տկն Հակոբյանի, ամեն դեպքում նախագծի ամենամեծ բացը պետական այն լիազոր մարմնի սահմանման բացակայությունն է, որը պետք է զբաղվի տեղեկատվության մատչելիության հարցերով։

Վերջին փաթեթը վերաբերում է կրթական զարգացման ծրագրում փոփոխություն մտցնելուն։ Տկն Հակոբյանի ներկայացմամբ, ի սկզբանե ճիշտ չի եղել օրենքով միջոցառումների ցանկ սահմանելը, որոնց զգալի մասն այսօր, պարզվում է, չի իրականացվել։ Այս փաթեթով առաջարկվում է օրենքից հանել միջոցառումների սահմանված ցանկը, այսինքնՙ այդ հարցը չկարգավորել օրենքով։

Հարցերին տված պատասխաններով լրագրողները ճշգրտեցին, որ ինտերնետային լրատվամիջոցների հարցն առանձնացվել է, իսկ օտարերկրյա ԶԼՄ-ների առումով նրանց մասնաճյուղերը չեն կարող լինել ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող։ Բայց եթե օտարերկրյա ԶԼՄ-ն աշխատում է Հայաստանում առանց մասնաճյուղի, դա ձեռնարկատիրություն է։

Հանդիպման ավարտին լրագրողներին ընդհանուր գծերով ներկայացվեց հաջորդ եռօրյայի օրակարգը։ Բացի հիշատակված չորս նախագծերից, օրակարգում ընդգրկվել են նաեւ քրեակատարողական ծառայության, զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության, պետբյուջեի հաշվետվության հաստատման, զբաղվածության, ՀՀ ազգային անվտանգության եւ այլ օրինագծեր։ Բնականաբար, օրակարգում ընդգրկված են նաեւ մի շարք միջազգային փաստաթղթերի վավերացումները։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4