«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2003-09-18 | #169, 2003-09-19 | #170, 2003-09-20


ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Երեկ «Օգոստոսի 23. Ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Պուշկին Սերոբյանը եւ «Ավանգարդ» թերթի խմբագիր Ջուլիետ Մարտիրոսյանը հանդիպում էին կազմակերպել, ըստ պրն Սերոբյանի, ողջ ազգին վերաբերող եւ ազգային անվտանգության կարեւորություն ունեցող մի հարցի առնչությամբ։

Խնդիրը մոտավորապես հետեւյալն էր։ Անցյալ տարվա նոյեմբերին Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն ընդունել է որոշում մայրաքաղաքի Կաթողիկե եկեղեցուն պատկանող տարածքը լեզվի ինստիտուտին տալու մասին։ 13-րդ դարի եկեղեցու մոտ 1200 քմ տարածքը 1996 թ.-ին քաղաքապետի որոշմամբ պայմանագրով անհատույց եւ անժամկետ տրվել է եկեղեցունՙ միայն տարածքը բարեկեցիկ պահելու պայմանով։

Ըստ Պուշկին Սերոբյանի, Ռոբերտ Նազարյանն ապօրինաբար է ընդունել տարածքը վերցնելու որոշում։ Անգամ տեղի է ունեցել իշխանազանցություն, քանի որ հաշվի չի առնվել ՀՀ կառավարության որոշումը վանքապատկան տարածքները եկեղեցիներին թողնելու մասին։

Իրականում արդեն որոշ ժամանակ շենքի մի փոքր հատվածը զբաղեցնող լեզվի ինստիտուտին այդ տարածքը բացարձակապես պետք չէ։ Խոսակցություններ կան, թե շենքը տարածքի հետ վաճառվելու է։ Եվ այդ կերպ, ինչպես եւ մինչեւ հիմա, Կաթողիկե եկեղեցին դարձյալ կմնա փակված։

Տարածքը վերցնելու որոշման համար խթան է եղել ԳԱԱ դիմումը քաղաքապետարանՙ ճշգրտելու լեզվի ինստիտուտին պատկանող տարածքի սահմանները։ Եվ չնայած սրան, ԳԱԱ-ին եկեղեցու կապակցությամբ ուղարկված նամակները մնացել են անպատասխան։ Ուստի Պուշկին Սերոբյանը հայտարարեց, որ եթե ապօրինի որոշումը չվերացվի, նման պահանջով հայց կներկայացվի դատարան։

Կազմակերպված հանդիպմանը հրավիրվել էին քաղաքապետարանից, ԳԱԱ-ից, եկեղեցուց։ Ոչ ոք, իհարկե, չէր ներկայացել։ Իսկ հուշարձանների պահպանության գործակալության ներկայացուցիչն, ընդհանրացնելով խնդիրը, նշեց, որ Երեւանում դեռ գործում է խորհրդային տարիներին կազմված ցուցակՙ հուշարձանների մասին։ Անգամ այդ ցուցակով Կաթողիկե եկեղեցին դասվում է հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների շարքին։

Կաթողիկե եկեղեցին եզակի է նաեւ նրանով, որ Կենտրոնում ամենահինն է, մինչդեռ փակված է շինությունների մեջ։

Հետաքրքրական է նաեւ, որ, Պուշկին Սերոբյանի խոսքերով, Ռոբերտ Նազարյանի ապօրինի որոշումը եւս մեկ անգամ անօրինական է։ Խնդիրն այն է, որ եկեղեցին ունի պահպանական գոտի (որի մեջ մտնում է տարածքը) եւ դրա մասին որոշում կայացնելիս պետք է անպայման հաշվի առնվի հուշարձանների պահպանության գործակալության մոտեցումը, ինչը չի արվել։

Այս ամենը եւս մեկ անգամ փաստում է, որ մեր իշխանական օղակներում ոչ միայն ենթակայություն չկա, այլեւ համաձայնեցում։ Ամեն մեկը գործում է իր ուզածով։ Ողբերգությունն էլ այն է, որ այդ ուզածը սեփական գրպանի պարունակությունն ավելացնելուց այն կողմ չի գնում։ Մինչդեռ արդեն տարիներ գործող ՀՀ սահմանադրությունը մեր երկիրը նաեւ իրավական է հռչակել։

Ինչեւէ, իրավական պետություն հասկացությունն էլ երեւի կարելի է ընկալել յուրովի։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4