Հայագիտական միջազգային համաժողովը շաբաթ օրվա եզրափակիչ նիստով ավարտեց 5-օրյա աշխատանքները։ Ավարտ, որ սկիզբ դրեց դժվարին ու պատասխանատու գործիՙ հայագիտությունը մեր պետության ազգային քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկը դարձնելու նպատակով։
Համաժողովի մասնաճյուղերի ու կլոր սեղանների հանձնաժողովների նախագահները հանդես եկան ամփոփիչ զեկուցումներով։
Պատմության մասնաճյուղում լսված զեկուցումներն ամփոփեց ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանը։ Նախ մատնանշելով, որ դրանց մեջ տեղ էին գտել նաեւ ոչ շատ որակյալ, առանձնակի նորություն չպարունակող զեկուցումներ, նա անդրադարձավ ամերիկյան պատմագրության վերաբերյալ Հայաստանում եղած քննադատական վերաբերմունքին, որն, ըստ նրա, հետեւանք է տեղեկատվության պակասի։ Բոլոր վիճելի հարցերը պարզաբանելու անհրաժեշտությունից մղված պատմաբանները առաջիկայում առանձին քննարկումներ կանցկացնենՙ իրենց տեսակետները մանրազնին քննության ենթարկելու համար։
Բանասիրության մասնաճյուղի աշխատանքների մասին խոսեց ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը։
Նա ուրախությամբ արձանագրեց, որ զեկուցումների մեջ մեծ տեղ են գրավել սփյուռքահայ գրականությանը նվիրվածները։ Բուռն բանավեճի նյութ են դարձել հայոց լեզվի 2 ճյուղերիՙ արեւմտահայերենի ու արեւելահայերենի հարաբերության, ինչպես նաեւ ուղղագրությունների խնդիրները։ Առաջ է քաշվել 2 տեսակետ. ըստ առաջինի խնդիրը համակողմանի քննարկման դնելու համար անհրաժեշտ է հատուկ համաժողով հրավիրել, ըստ երկրորդիՙ ուղղագրության խնդիրը առժամանակ սառեցնել, խուսափել դրա անհարկի սրումից, թույլ տալով, որ ժամանակն ինքը թելադրի բնականոն լուծումները։
Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանը մշակույթի մասնաճյուղի աշխատանքներն ամփոփելիս անհրաժեշտ համարեց ընդգծել համաժողովի բովանդակային կողմը, որ միտված էր ներկայացնելու հայագիտության արդի վիճակն ու ուրվագծելու առաջիկա խնդիրները։ Այդ իմաստով հետաքրքրական շատ ելույթների շարքում նա առանձնացրեց հայ երաժշտագիտության, ճարտարապետության, փիլիսոփայական մտքի նոր նվաճումները փաստող ելույթները։ Պետական հովանավորության կարոտ այս բնագավառի մտահոգիչ խնդիրներից մեկը նա համարեց երիտասարդ կադրերի ներհոսքի պակասը, որը լուրջ կորուստների կհանգեցնի առաջիկայում։ Իբրեւ ցավալի իրողություն նա նշեց նախորդ դարասկզբի համեմատությամբ հայ եկեղեցական միաբանություններում վերջին տարիներին նկատվող գիտական մտքի շոշափելի նահանջը, երիտասարդ վարդապետ գիտնականների զգալի պակասը։ Պրն Արեւշատյանը կարեւորեց նաեւ մասնագիտական նեղ կոնֆերանսների հաճախակի կազմակերպումը, հայագիտական ուսումնասիրությունների համար մրցանակներ սահմանելը, բոլոր հայագետներին տեղեկատվությամբ ապահովելը եւ այլն։
«Եկեղեցին եւ հայագիտությունը» մասնաճյուղի աշխատանքների մասին հակիրճ խոսեց Շահե արք. Աճեմյանը։ Նախապես հայտնելով, որ Հայ եկեղեցին առաջին անգամ էր ընդգրկված հայագիտական համաժողովում, նա շեշտեց, որ առավել արժեքավոր ուսումնասիրությունների հեղինակները գերմանացիներն էին ու մեկ վրացուհի, որոնց սահուն հայերենն անկեղծորեն հիացրեց բոլորին։
Մասնաճյուղերի նախագահներից հետո ելույթ ունեցան կլոր սեղանների ղեկավարներըՙ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանը («Հայաստանը տարածաշրջանային զարգացումների համակարգում»), ԳԱԱ անդամ Պողոս Լեւոն Զեքիյանը (Իտալիա) («Հայկական ինքնության խնդիրը եւ հայապահպան գործունեությունը սփյուռքում») եւ «Կրթական բարեփոխումների կենտրոնի» տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը («Կրթության հիմնախնդիրները սփյուռքում եւ Հայաստանում»)։
Պրն Հովհաննիսյանի ելույթը լսվեց առանձնակի ուշադրությամբ, քանզի հագեցած էր արդիական շեշտադրումներով ու համարձակ քննադատությամբ։ Հայագիտությունը, նրա տեսակետով, անկախությունից հետո ձեռք է բերում ավելի կիրառական նշանակությունՙ չափազանց կարեւոր հանրապետության ներքին զարգացման, արտաքին քաղաքականության եւ այլ ոլորտների համար։
Ցավոք, մեր պետությունը դեռեւս ամենայն հոգածությամբ չի մոտենում գիտությանը, բավականին թույլ է կապը պետության ու գիտության միջեւ։ Պետական ուշադրությունը հիմնականում սահմանափակվում է համաժողովների փակման ու բացման նիստերին ներկա գտնվելով, այլ ոչ անմիջական ու ազատ հանդիպումներով ու զրույցներով։ Նա նկատեց, որ համաժողովի ողջ ընթացքում հեռուստատեսությամբ չհնչեց պետության դիրքորոշումը, հայտնի չդարձավ պետական այս կամ այն գործչի հստակ մոտեցումը։
Համաժողովի ընդունած բանաձեւն ընթերցեց պրն Բարխուդարյանը։ Այսպես, որոշվեց հայագիտական համաժողովը դարձնել ավանդականՙ 3 տարին մեկ պարբերականությամբ, ստեղծել հայագիտական միջազգային կենտրոնՙ իր մասնաճյուղերով, հիմնադրել հայագետների համաշխարհային ընկերակցություն, սփյուռքի եւ հայաստանյան գործարարների օգնությամբ ստեղծել «Հայագիտության զարգացման հիմնադրամ», լույս ընծայել հայագիտական պարբերական։ Դրանք իրականացնելու համար կազմել հանձնախումբ ու կազմկոմիտե, ընդգրկելով ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանին, ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանին, ԿԳ նախարար Սերգո Երիցյանին եւ այլոց։
Պրն Երիցյանը նույնպես հանդես եկավ կարճ ելույթով, խոստանալով ուշադրության կենտրոնում պահել սփյուռքի կրթական օջախների հիմնախնդիրները, հայապահպանության խնդիրները։
Եվ այսպես, աշխարհի 25 երկրներից համաժողովին մասնակցեցին 88 հայագետներ, իսկ ընդհանուր թվովՙ ներկա եղան 400 հայագետներ։
Ավարտվեց եւս մեկ ազգային հավաք, վերստին ընդգծելով մեր ազգային բնավորության ամենաբնորոշ գծերից մեկը։ Անհրաժեշտության դեպքում գիտենք արագորեն համախմբվել ու բռունցք դառնալ, բարձր ու վեհ գաղափարներ արտահատել, ու գիտենք նաեւ նույնքան արագորեն անջատվել, գործել մեկուսի, քանզի մեր մեջ ցավալիորեն ուժեղ է սեփական անձի գերագնահատումն ու միմյանց մտավոր կարողությունների անտեսումն ու արհամարհումը։
Ահա թե ինչու ազգային ամեն մի հավաք սկսում ենք արժեւորել ոչ սկզբնապես հնչած խոստումներով, այլ վերջնական արդյունքներով։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ