Տարուց ավելի իրական ու երեւակայական փոփոխությունների ենթարկվող ԶԼՄ օրենքի նախագիծը, այնուամենայնիվ, իր հիմնական դրույթներով ու էությամբ մնում է վիճարկելի։ Երեկ այն կրկին ներկայացվելու էր ԱԺ դատին, սակայն «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչները համառորեն պնդում էին քննարկումը կազմակերպել հաջորդ եռօրյայի ընթացքում։ Բանն այն է, որ Մամուլի ազգային ակումբը ներկայացրել է օրենքի սեփականՙ այլընտրանքային նախագիծ եւ առաջարկում էր հաջորդ եռօրյայում համատեղ քննարկում կազմակերպել։ Համառորեն դիմադրող ԱԺ նախագահի կարծիքով, սակայն, ՄԱԱ-ի այլընտրանքային նախագիծը շրջանառվող տարբերակ չէ, եւ որեւէ կարգի հետաձգումների կարիք չկա։
Հատկապես զրպարտության ու վիրավորանքի համար մամուլի ներկայացուցիչների համար նախատեսված քրեական պատասխանատվությունն իսկապես կարող է դառնալ մահակՙ ճնշելու ազատ խոսքը, թացն ու չորը խառնելու իրար։ Այնպես որ, եւ պատգամավորների փոքրիկ կղզյակի, եւ լրագրողների մտավախությունը, թե արագընթաց քննարկումը կարող է հաստատել լրագրողական աշխարհի համար վտանգավոր նոր իրողությունները, միանգամայն բնական է։
Այնուամենայնիվ, զիջում չեղավ, եւ ԶԼՄ օրենքի նախագծի քննարկումը տեղափոխվեց այսօր։
Ամիսներ շարունակ հասարակական կրքեր բորբոքած այս հիմնախնդրի լուծման կերպը կդառնա լրագրողական աշխարհի հանդեպ մեր օրենսդիրների վերաբերմունքի (բարեհաճության կամ թշնամանքի) եւ ժողովրդավարության մասին նրանց պատկերացումների ուղղակի անդրադարձը։
Մամուլի ազգային ակումբը լրագրողներին կոչ է արել այսօր հավաքվել խորհրդարանի մուտքի մոտ եւ պատգամավորներին համոզելՙ չմասնակցելու ԶԼՄ օրենքի նախագծի առաջին ընթերցման քվեարկությանը։ Այն պատճառաբանությամբ, որ նախագիծը եռօրյայի օրակարգ է մտել կանոնակարգային խախտումներով։ Հիշեցնենք, որ ԶԼՄ օրենքի ընդունումը եվրոպական մեր պարտավորությունների մեջ է, եւ նախագծի ընդունման շտապողականությունն ակնհայտորեն նաեւ քաղաքական դրդապատճառներ ունի։
Կ. Դ.