Հայրենիք-սփյուռք տնտեսական համաժողովի շրջանակներում երեկ բացվեց Panarmenian EXPO-2003 ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին ավելի քան 100 ընկերություններ Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից։ Տաղավարներում ցուցադրվում էին մեր տնտեսության տարբեր ճյուղերի ապրանքներըՙ սննդի արդյունաբերություն, թեթեւ արդյունաբերություն, կահույքի արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, սարքաշինություն եւ այլն։ Իրենց արտադրանքի մասին որոշակի տեղեկություններ հայտնելու խնդրանքով դիմեցինք մի քանի ընկերությունների ներկայացուցիչների, որոնք առավելապես ներկայացնում էին նոր արտադրատեսակներ։
Գագիկ Հովհաննիսյան-«Գահ-Գէտ» ՍՊԸ տնօրեն.
¬ Զբաղվում ենք օզոնային տեխնոլոգիաներով։ Արտադրում ենք օզոնային գեներատորներ եւ այդ տեխնոլոգիաների հիման վրա ածանցյալներՙ օզոնացված կոսմետիկական յուղեր։ Այդ յուղերն օգտագործվում են մազաթափության դեմ, մաշկի բարելավման համար։ Նույն յուղերը պատրաստում ենք տնային կենդանիների համար։
Աշխեն Երեմյան-«Կոտքեմիկլ» ընկերության տեխնոլոգ.
¬ Արտադրում ենք առայժմ միայն ձեռքի օճառՙ նարնջի, կիտրոնի եւ կանաչ խնձորի բուրմունքով։ Օգտագործում ենք լավագույն հումքըՙ արմավի յուղ եւ արմավի միջուկի յուղ։ Դա օճառին տալիս է բարձր որակ։ Այսինքնՙ մենք օգտագործում ենք բուսական ճարպեր։ Ապրանքը վաճառում ենք հիմնականում ներքին շուկայում։ Պատվերներ կան նաեւ ԱՄՆ-ից, Իրանից, Ռուսաստանից։
Գագիկ Չեփեյան-«Զովք» ձեռնարկության ներկայացուցիչ.
¬ Արտադրում ենք մանգոյի, գուավայի, մասուրի, ծիրանի, դեղձի, պոմիդորի, խնձորի եւ նարնջի հյութեր։ Նորույթը վերջին երկուսն են։ Արտադրանքն սպառվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում, Իրանում։ Մանգոյի եւ գուավայի հումքն ստանում ենք Հնդկաստանից։
Լեռնային Ղարաբաղը ներկայանում էր հիմնականում գյուղմթերքներով։ Շուշիի ATME ընկերության արտադրած թեյերն արդեն հայտնի են Հայաստանում եւ արտերկրում։ Դրանք տարբեր նշանակություն ունեն, նպաստում են ստամոքսի, սիրտ-անոթային հիվանդությունների բուժմանը, հանգստացնող են։ Շաքարախտով հիվանդների համար նախատեսված թեյ կա։ Ընկերության ներկայացուցիչը համոզմունք հայտնեց, որ տվյալ մարդու համար հարազատ բնաշխարհի դեղաբույսերն ավելի օգտակար են, քան այլ երկրներինը։
Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում «Կլաս» ընկերությունն սպառողներին էր ներկայացրել բնական լեռնային մեղր։ Ընկերության հիմնադիր Արսեն Ավագյանը նշում է, որ Ղարաբաղի մեղրի առավելությունն է, որ հավաքվում է բազմաթիվ ծաղկատեսակներից, ինչն էապես ազդում է նրա համային եւ որակական հատկանիշների վրա։
Արդեն հանրաճանաչ ընկերությունների ներկայացուցիչներին նույնպես խնդրեցինք ներկայացնել իրենց նոր արտադրատեսակները, մեր առաջին զրուցակիցը «Գրանդ հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանն էր։
- «Մասիս տոբակոյի» «սլիմ» տեսակի ծխախոտների արտադրությունը պայմանավորված էր պահանջարկի առկայությամբ։ Այդ ծխախոտները մինչ այժմ ներմուծվում էին։ Մենք արտադրելու ենք տարբեր չափսերի «սլիմներ»։ Կառուցվում է սիգարելլայի եւ սիգարի թողարկման համար նախատեսված արտադրամասը։
«Գրանդ քենդին» շուտով կարտադրի «Մարս» եւ «Սնիկերս» շոկոլադները։ Այսինքնՙ արտադրության տեխնոլոգիան նույնն է, իսկ անվանումներն այլՙ հայկական կլինեն։
«Գրանդ սանում» մեծ թափով Ռուսաստանի համար զինվորական լամպեր են արտադրվում։ Հունաստանից նատրիումական, փողոցային լամպերի մեծ պատվեր ունենք։
Եկող տարվա վերջին կունենանք քարի արտադրանք։ Արդեն քարհանք ենք ձեռք բերել։ Մինչ այս տարեվերջ կբացվեն համատեղ ձեռնարկություններն Իրանումՙ Ջուլֆայում եւ Թավրիզում։
Մեր հաջորդ զրուցակիցը «Արզնի թռչնաբուծական-տավարաբուծական-խոզաբուծական» ընկերության նախագահի օգնական Կարեն Հարությունյանն էր։ Նա առանձնացրեց ընկերության արտադրած այն ապրանքները, որոնք այլ ընկերություններ չեն արտադրում։ Դրանք են կաթի սերը եւ քամած մածունը։ Կարեն Հարությունյանը հայտնեց, որ երբ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահները ծանոթանում էին ընկերության տաղավարին, ինքն ասաց, որ այդ մթերքները նրանք տեսել են միայն Ստեփանակերտի շուկայում։
Ցուցահանդեսը կգործի նաեւ այսօր եւ վաղը։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ