«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2003-09-20 | #171, 2003-09-23 | #172, 2003-09-24


ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆԸՙ ՈՉ

ԱԺ մուտքի առաջ երեկ առավոտյան պիկետ էին կազմակերպել Մամուլի ազգային ակումբի ներկայացուցիչներըՙ համակիր լրագրողների մի խմբի հետ։ ԱԺ շտապող յուրաքանչյուր պատգամավորի հայտնվելուն պես նրանք համերաշխ վանկարկում էինՙ ամոթ, ամոթ նրանց, ովքեր կողմ կքվեարկեն ԶԼՄ օրենքի նախագծին։ Պատգամավորների հակազդեցությունը խիստ գունագեղ էր։ Ոմանք համերաշխ արձագանքում էինՙ հայտնելով իրենց միասնության մասին, ոմանք էլ համր ու քարացած դեմքով անցնում ակցիայի մասնակիցների կողքից։ Մեկն էլ ուղղակի դուռը շրխկացրեց լրագրողների քթին։

Լրագրողներին բախտ վիճակվեց «ամոթանքի արժանացնել ընդամենը մի 2 տասնյակ պատգամավորների։ Տպավորությունն այնպիսին էր, թե ազգային երեսփոխանների մեծ մասն այսօր չի ներկայացել նիստի։ Քիչ անց պարզվեց, սակայն, որ դահլիճում գրանցված պատգամավորների թիվը 100-ից ավելի է։ Մյուս մուտքով էին ներս ճողոպրել։ Ինչեւէ, դրանից «պիկետչիկների» խանդավառությունը չմարեց։ Նրանք մտադիր են շարունակել պայքարը եւ ուրբաթ օրը մամուլի ասուլիս կազմակերպել, ուր կհրապարակվեն այն պատգամավորների անունները, ովքեր «կհամարձակվեն կողմ քվեարկել նախագծին»։

Ի դեպ, ակցիային համերաշխ հետեւում էին նաեւ ոստիկանների աննախադեպ ստվարացած խմբերըՙ զենք ու զրահը լրագրողներին ի ցույց։

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4