«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2003-09-20 | #171, 2003-09-23 | #172, 2003-09-24


ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՅԵՐԵՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵ՞ՆՔ

Եղած վերաբերմունքից պարզվում էՙ ոչ այնքան...

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում գործող «ԻՍՄԱ» ընկերության տնօրեն, համալսարանի կոմպյուտերային համակարգեր եւ ինֆորմատիկա բաժանմունքի պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը երեկ մամլո ասուլիս էր հրավիրել «Նեմեսիս» հասարակական կազմակերպության վարձակալած դահլիճումՙ հայ¬անգլերեն թարգմանչական համակարգի նորություններին ծանոթացնելու, ինչպես նաեւ Windows ծրագրի հայերեն տարբերակը ցուցադրելու համար։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Բաց հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունն ու «Եվրասիա» հիմնադրամը անցկացրին «Հայ¬անգլերեն թարգմանչի ստեղծման խնդիրները» սեմինարը, որին մասնակցեցին տվյալ խնդրով զբաղվող անհատներն ու կազմակերպությունները։ Պրն Մանուկյանի մշակած թարգմանչական համակարգը արժանացավ հավանության եւ աշխատանքը շարունակելու համար ստացավ դրամական պարգեւՙ 5 հազար դոլար։

Հայերեն տեղեկատվական դաշտ ստեղծելու եւ ընդլայնելու համար, անշուշտ, չափազանց մեծ է հայ¬անգլերեն թարգմանչական ծրագրի նշանակությունը։ Դա հնարավորություն կտա ինտերնետի միջոցով մի քանի վայրկյանի ընթացքում հայերենի վերածել ամենավերջին գիտական ուսումնասիրությունները, մասնագիտական գրքերը եւ այլն։

Պրն Մանուկյանի ստեղծած համակարգն այսօր ունի 1300 բառ, կատարում է իմաստային թարգմանություն, ինչպես նաեւ հնչեցնում է տեքստը։ Ամբողջապես պատրաստ է Windows համակարգչային ծրագրի հայերեն տարբերակը։ Ցավոք, ընկերությունը պետական արտոնագիր առ այսօր չունի, հետեւաբար կատարած ողջ աշխատանքը մնում է անտեսված ու անկիրառելի։ Դժվարին պայմաններում, մտավոր մեծ լարումով ձեռք բերվածը մնացել է կառավարության ու բարեգործների ուշադրությունից դուրս։ Պատճա՞ռը։ Իրենց գործը լռելյայն անող մարդիկ պարզապես դուրս են մնում նրանց տեսադաշտից, առաջ են մղվում ձեռներեցներն ու ճարպիկները, որ լավ գիտեն որտեղից եւ երբ գումար հայթայթելու ուղիները։ Հուսանք, որ պրն Մանուկյանին արտոնագիր շնորհելու հարցը լուծելի կդառնա ու կգտնվեն նրան աջակցող մարդիկ, որպեսզի նրա կուտակած բազմամյա փորձն ու գիտելիքները հօդս չցնդեն։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4