«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2003-09-23 | #172, 2003-09-24 | #173, 2003-09-25


«ԳՅՈՒՄՐՈՒ ՕՐ» ԱՄՍԻ 27-ԻՆ

Քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ եւ համայնքային ավագանու որոշմամբ հետայսու ամեն տարի սեպտեմբեր ամսին Գյումրիում կնշվի քաղաքի օրը։ Առաջին անգամ «Գյումրու օրվա» հանդիսություններ կանցկացվեն արդեն այս շաբաթՙ ամսի 27-ին, որոնց շրջանակներում տոնախմբության մասնակիցներին ու հյուրերին կներկայացվեն ավանդաշատ քաղաքի անցյալն ու ներկան, կբացվեն մշակութային նոր օջախներ, կմեծարվեն Գյումրիում ավանդ ու երախտիք ունեցող անվանի մարդիկ։

«Գյումրու օրվա» միջոցառումների մեկնարկը կտրվի առավոտյան, քաղաքի Սբ. Նշան եկեղեցու օծման արարողությամբ։ Կեսօրին կկատարվի վերանվանակոչված Վարպետաց փողոցի եւ այս փողոցում, Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանի հարեւանությամբՙ Շիրազի թանգարանի հանդիսավոր բացումը։ Ապա քաղաքի կենտրոնական հրապարակում, երկրաշարժից վթարված ու քանդված քաղգործկոմի շենքի տեղում կդրվի քաղաքապետարանի նոր կառուցվելիք շենքի խորհրդանշական հիմնաքարը։ Հրապարակին հարող մեկ այլ հատվածում, 88-ի դեկտեմբերին խոնարհված եւ այժմ վերակառուցվող Սբ. Ամենափրկիչ եկեղեցուց ոչ հեռու, կբացվի Վարպետաց հուշաղբյուր։ Կկազմակերպվի այցելություն Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարան, կշնորհվեն Գյումրու պատվավոր քաղաքացու եւ այլ կոչումներ։

Օրվա հանդիսությունները կեզրափակվեն կենտրոնական հրապարակումՙ տոնական մեծ համերգով ու հրավառությամբ։

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4