Նշում են սփյուռքահայ գործարարները
Հայաստան-սփյուռք տնտեսական համաժողովի ավարտից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների եւ համաժողովի մասին իրենց տպավորությունները հայտնելու խնդրանքով դիմեցինք սփյուռքի մեր հայրենակիցներին։
Աշոտ Հովհաննիսյանՙ «Սիներջի ինտերնեյշնլ սիստեմս» ընկերության նախագահ, ԱՄՆ բարձր տեխնոլոգիաների խորհրդի անդամ.
¬ Մասնակցում էի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտային քննարկումներին։ Իմ զեկույցն այն մասին էր, թե ինչպես կարող է սփյուռքն աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։ Ստեղծել ենք ինտերնետի պորտալՙ «Սիլիկոն-Արմենիա», որը պետք է նպաստի Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ընկերություններին աշխարհում ճանաչելուն։ Նրանք շատ լավ աշխատանք են կատարում, բայց կարեւոր է, որ այդ մասին աշխարհն իմանա։
Համաժողովից տպավորություններս դրական են։ Միգուցե համաժողովի նախապատրաստման ժամանակը շատ կարճ էր։ Գործարարները շատ խիստ ժամանակացույց ունեն եւ շատ գործեր պլանավորված են արդեն մեկ տարի առաջ։ Կարծում եմ, հաջորդ համաժողովը նախապատրաստելիս պետք է ավելի շատ տեղեկացվի, ծրագիրը լավ մշակվի, ուղղությունները հստակեցվեն։ Սակայն ընդհանուր առմամբ, շատ գոհ եմ։ Ինձ հատկապես հիացրեց Panarmenian EXPO-ն, որը ցույց տվեց, որ Հայաստանը կարող է դրսի շուկայում ներկայանալ։
Վահե Թութունջյանՙ ճարտարապետական խորհրդատվական ընկերության ղեկավար (Քաթար).
¬ Հայաստան ենք եկել, որպեսզի տեսնենք, թե ինչ հնարավորություններ կան Հայաստանի եւ Քաթարի տնտեսական փոխհամագործակցությունը խորացնելու։ Քաթարն արագ զարգացող տնտեսություն ունեցող երկիր է, որի փորձին ծանոթանալը նպաստավոր կլինի Հայաստանի համար։
Համաժողովը շատ լավ է կազմակերպված։ Այն պետք է քաջալերի, որպեսզի սփյուռքահայ ներդնողները գան Հայաստան։
Բյուզանդ Քեհրանյանՙ գործարար (Սիրիա).
¬ Երբ տեղեկացանք այս համաժողովի մասին, շատ ուրախացանք։ Հալեպից մասնակցում են 15 հոգի։ Վաղուց կցանկանայի, որ նման համաժողով լիներ, որպեսզի սփյուռքի գործարար հայերը մոտիկից ծանոթանան Հայաստանի գործարարների հետ։ Հուսով եմ, որ մեր այստեղ ստացած տեղեկատվությունն իր տրամաբանական շարունակությունը կունենա։ Այս համաժողովում որեւէ թերություն չնկատեցի։
Հովսեփ Սեֆերյանՙ Հայ գործարարների միություն.
¬ Մասնակցեցի բանկային համակարգի եւ գյուղատնտեսության ոլորտային քննարկումներին։ Չէի կարող բոլորին մասնակցել, որովհետեւ նույն ժամին էին կազմակերպված։ Լավ կլիներ, որ հաջորդ համաժողովը մեկ-երկու օրով երկար լիներ։ Անհրաժեշտ է, որ բոլորը կարողանան մասնակցել։ Ճիշտ կլիներ, որ համաժողովները լինեին ոչ թե երեք, այլ գոնե երկու տարին մեկ անգամ։ Սակայն ամենակարեւորն է, որ խոսքը գործ դառնա։ Եթե այս համաժողովի առաջարկների 10 տոկոսն իրականություն դառնա, ես ինձ բավարարված կզգամ։
Մենք այստեղ 7 համատեղ ձեռնարկություն ունենք, բոլորն էլ «ԱԲԳ» սկզբանվամբ։ Պետք է շարունակենք ուրիշ ոլորտներում էլ ձեռնարկություններ բացել եւ ներդրումներ կատարել։
Մեր վերջին զրուցակիցը բելգիահայ Հայկ Արսլանյանն էր, որն արդեն 12 տարի գործունեություն է ծավալել Հայաստանում։ Համաժողովի բացման օրը տպավորիչ ելույթ ունեցած գործարարն այս ընթացքում 4 մլն դոլար ներդրում է կատարել, հիմնելով ադամանդագործական ձեռնարկություն Նոր Գեղիում։
- Առաջին համաժողովը հիմնականում ճանաչողական նշանակություն է ունենում։ Սակայն պետք է նշեմ, որ, օրինակ, Բեյրութից, որտեղ շատ խոշոր գործարարներ ունենք, որեւէ մեկը չէր եկել։ Եթե, ինչպես նշեց պրն Ճշմարիտյանը, չեն հրավիրել, ապա պետք է գոնե տեղեկացնեին։ Շատերը տեղյակ չէին։ Ինքս իմացել եմ համաժողովից երեք օր առաջ։ Այլապեսՙ համաժողովը շատ լավ էր կազմակերպված։
Կոնկրետ ինձ հետ 20-25 հոգի համագործակցելու ցանկություն են հայտնել։ Հայաստանում իմ գործունեության շնորհիվ գրեթե 2500 մարդ աշխատանք է գտել։ Սակայն դա քիչ է։ Հայաստանում պետք է բիզնես ծավալել, որպեսզի արտագաղթը կասեցվի։ Եթե 1000 հոգի սփյուռքից ինձ նման վարվի, Հայաստանն այլեւս խնդիր չի ունենա։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ