«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2003-09-24 | #173, 2003-09-25 | #174, 2003-09-26


ՀԱՅ ԵՐԵԽԱՆ ԱՆՏԵՍՄԱՆ ՈՒ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՃՆՇՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ

Երեխաների նկատմամբ բռնություն գոյություն ունի՞ Հայաստանում, ո՞ր ձեւերն են տարածված, որո՞նք են հիմնական պատճառները, որքանո՞վ են երեխաները պաշտպանված ընտանիքում, դպրոցում եւ բակերում, իրավական դաշտում նրանց պաշտպանվածությունն ուժեղացնելու ի՞նչ մեխանիզմներ են գործում, ի՞նչ հետեւանքներով են հղի բռնությունները. այս եւ համանման այլ հարցերի պատասխանները ճշգրտելու նպատակով անցկացված հետազոտության արդյունքներն ամփոփվել են «Երեխաների նկատմամբ կատարվող բռնությունները» գրքույկում։ Հետազոտական աշխատանքները կատարվել են ՅՈՒՆԵՍԿՕ¬ի հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ¬ի «Մանկական հիմնադրամի» եւ «Հայ օգնության միության» նախաձեռնությամբ ու միջոցներով։ Իբրեւ սոցիոլոգ հրավիրվել է ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, «Ակունք» էթնոսոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի նախագահ Միհրան Գալստյանը։ Հենց նրանից էլ տեղեկացանք, թե այս հրատապ խնդրի ուսումնասիրությունն ու վերլուծությունը ի՞նչ եզրահանգումների են բերել։

Սոցիոլոգիական հարցմանը մասնակցել են միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ երեխաները ու նրանց ընտանիքների անդամները, երկսերունդ եւ եռասերունդ ընտանիքները, ինչպես նաեւ գիշերօթիկ եւ հանրակրթական դպրոցների երեխաները. ընդհանուր թվով 2147 հոգիՙ Հայաստանի տարբեր քաղաքներից ու գյուղերից։

«Հետազոտության արդյունքները չափազանց հետաքրքրական են ու հնարավորություն են տալիս պարզորոշ տեսնելու երեխաների դաստիարակության արդի մոդելը հայ ընտանիքում։ Ցավով պետք է արձանագրենք, որ ընտանիքներում երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների հիմքում ընկած է սոցիալ-տնտեսական գործոնը, որը բարձր տոկոս է կազմում։ Հասկանալի է, որ գործազրկությունը, նյութական ծանր վիճակը որոշակի լարվածություն են առաջացնում ընտանիքում, որը հաճախ արտահայտվում է բռնությամբ։ Բռնության պատճառներից են նաեւ սերունդների արժեքային համակարգերի տարբերությունները, հոգեֆիզիոլոգիական խնդիրները եւ դաստիարակության մոդելը։ Հատկանշական է, որ բռնության տարածված ձեւերըՙ կոպիտ խոսելաոճն ու ծեծը ծնողներից փոխանցվում են երեխաներինՙ դառնալով սովորական եւ ընդօրինակելի։ Ալկոհոլի կամ թմրանյութի չարաշահման հետեւանքով կիրառվող բռնություններն, իհարկե, քիչ տոկոս են կազմում։ Առավելապես ծանր է գյուղերում ապրող երեխաների վիճակը, որոնք մշտապես ծանրաբեռնված են ֆիզիկական ծանր աշխատանքով», ասաց պրն Գալստյանը։

Բռնության ամենատարածված ձեւը, ըստ հետազոտության, ընտանիքում երեխայի անտեսումն է, նրա նկատմամբ ոչ բավարար ուշադիր վերաբերմունքի դրսեւորումը։ Հուզական կապի բացակայությունը նկատելի է ինչպես նյութապես անապահով, այնպես էլ բարեկեցիկ ընտանիքներում։ Վերջիններում երեխաների խնամքը դայակներին հանձնելու միտում է նկատվում, որն էլ, ըստ էության, նպաստում է հիշյալ երեւույթի առաջացմանը։ Թվում է, նշվածը բռնության ձեւ չի կարելի համարել, սակայն անժխտելի է երեխաների հոգեվիճակի ու վարքագծի վրա դրա թողած բացասական դրոշմի առկայությունը։

Բռնության տարածված ձեւերից է հոգեբանական բռնությունը, որն արտահայտվում է սպառնալիքներով, անհարկի դիտողություններով ու քննադատությամբ։ Թեպետ դրանք ունեն խոսքային բնույթ, բայց խորապես ազդում են երեխայի ֆիզիկական ու հոգեկան զարգացման վրա։ Երրորդ ձեւը ֆիզիկական բռնությունն էՙ ապտակ, ծեծ եւ այլն, որն ավելի բնորոշ է միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ ընտանիքներում, ուր ապտակը համարվում է դաստիարակության գլխավոր միջոց։

Ուշագրավ է հարցված աշակերտների ու ուսուցիչների կարծիքների հսկայական տարբերությունը պատժամիջոցներ կիրառելու հարցի վերաբերյալ։ Ուսուցիչների պատասխաններում ֆիզիկական բռնություն կիրառելու տոկոսը ցածր է եղել, իսկ աշակերտների պատասխաններումՙ նկատելի բարձր. ականջ ձգելը 24,5 տոկոս, ապտակըՙ 10,9, ծեծըՙ 17, առարկայով հարվածելըՙ 1 տոկոս։ Պրն Գալստյանը նկատեց, որ դպրոցներում բռնությունը մեղմելու ու վերացնելու ուղղությամբ լուրջ անելիքներ կան, առաջիկայում նախատեսվում են կանխարգելման ու աջակցության ծրագրեր։

Բռնության վերջին ձեւը, ըստ հարցումների, սեռական բռնությունն է, որի մասին չափազանց քիչ է տեղեկատվությունը։ Հայ իրականության մեջ ընտանիքը փակ համակարգ է, եւ բարոյականությանն առնչվող հարցերը տան պատերից դուրս չեն գալիս։ Այդուհանդերձ, հետազոտական աշխատանքներին մասնակցած փորձագետներն ու մանկավարժները բացահայտել են սեռական բռնության մի շարք դեպքեր։ Իսկ ներքին գործերի նախարարության անչափահասների բաժնի տվյալներով, անցած տարի գրանցվել է սեռական բռնության 28 դեպք։ Դրանք արձանագրվել են հիմնականում գիշերօթիկ դպրոցներում, վերջերս էլՙ հանրակրթականներում, փակ համակարգերում։

Հասարակությունն ընդգծված մերժողական վերաբերմունք ունի այս երեւույթների նկատմամբ, եւ դրանք կանխելու համար անհրաժեշտ քայլերի դիմելը դարձել է խիստ անհրաժեշտ։ Մասնագետների դիտարկմամբ, ամենից առաջ պետք է ստեղծել բռնության կանխարգելման ու ընտանիքի աջակցության ծրագրեր, գործուն դարձնել հոգեբանական ծառայությունների դերը, ուժեղացնել ռադիոհեռուստատեսային հաղորդումների դրական ներգործությունը։ Օրենսդրական դաշտի կատարելագործումն ու միջգերատեսչական ցանցերի ստեղծումը եւս կնպաստեն խնդրի լուծմանը։

Այսպիսով, բռնությունը հայ ընտանիքից, դպրոցից ու բակերից արմատախիլ անելու համար կարիք ունենք պետական ազգային քաղաքականությանՙ նկատի ունենալով վերջին ժամանակներս մեր իրականության մեջ տեղի ունեցած մերժելի երեւույթները։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4