Երեկ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը հանդես է եկել Տ. Նաղդալյանի սպանության դատաքննության վերաբերյալ հայտարարությամբ։ Հայտարարության մեջ ասված է, որ առաջին նիստերը հաստատեցին, որ դատական նախաքննությունն առաջնորդվել է վարչախմբի պատվերով եւ, հանցագործությունը բացահայտելու փոխարեն, արվել է հնարավորըՙ մյուս ամբաստանյալներից Արմեն Սարգսյանի անունը որպես պատվիրատուի կորզելու նպատակով։ Արդարադատության գործառույթից շեղվող դատավարությունը ծառայեցվում է ընդդիմության առաջնորդների եւ նրանց հարազատների դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարի սցենարին։ Դրա մասին են վկայում հետեւյալ իրողություններըՙ մյուս ամբաստանյալների հարցաքննության ժամանակ ապօրինաբար դահլիճից հեռացվել են Արմեն Սարգսյանը եւ նրա փաստաբան Հովիկ Արսենյանը։ Դատավոր Ս. Արամյանի եւ Զ. Թադեւոսյանի (մեղադրող) ուղղակի ճնշմամբ ամբաստանյալները հրաժարվել են դատաքննական ցուցմունք տալուց։ Դատավարությունը կեղծ պատրվակով հետաձգեց ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի ցուցմունքի լսումները։ Ընդ որում, ըստ ԶԼՄ-ների, սեպտեմբերի 25-ի դատական նիստի կարճ ընդմիջումից հետո Հ. Հարությունյանի դեմքին նկատվել են բռնության հետքերՙ նրա անկառավարելի վարքագծի պատճառով եւ հետագայում ամբաստանյալին «մշակելու» նպատակով։
Հայտարարության հեղինակները դիմում են «միջազգային կազմակերպություններին, ՀՀ-ում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններինՙ ներազդելու ՀՀ իշխանությունների եւ նրանց կցորդը դարձած դատարանի վրաՙ վերը թվարկված ապօրինությունները կանխելու, դատավարությունն իրավական դաշտ տեղափոխելու նպատակով»։