Սեպտեմբերի 25-ը եւ 26-ը իրավամբ կարելի է մշակութային օրեր համարել Արցախում։ Գրիգոր Նարեկացու անմահ ստեղծագործությանՙ «Մատյան ողբերգության» պոեմի հազարամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտ ժամանած ՀՀ գրողների միության պատվիրակությանը, ՀԳՄ վարչության նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 25-ին հյուրընկալեց Արցախի պետհամալսարանը։ Առիթը բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի վերջերս լույս տեսած «Կես ժամանակ» բանաստեղծական ժողովածուն էր, որի քննարկումը տեղի ունեցավ ԱրՊՀ մեծ դահլիճում։ Գրական երեկոն բացելով, Արցախի գրողների միության վարչության նախագահ Վարդան Հակոբյանը նշեց Հ. Գրիգորյանի պոեզիայի նշանակությունն արդի հայ գրականության մեջՙ ընդգծելով նրա գրական ժառանգությունը որպես նշանակալից երեւույթ։ Բանաստեղծի վերջին գրքի շարժառիթով վերլուծելով ընդհանրապես նրա գրական գործունեությունը, մյուս ելույթ ունեցողները նշեցին Հ. Գրիգորյանիՙ ընթերցողների կողմից միշտ սպասված հեղինակ լինելու հանգամանքը։
Հովհաննես Գրիգորյանը, շոյված լինելով արցախցի ընթերցողների ջերմ գնահատանքից, շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, խոստանալով այսուհետ եւս գրիչը ծառայեցնել իր պոեզիայի երկրպագուների հոգեւոր պահանջների լիարժեք բավարարմանը։
Հաջորդ օրը, առավոտյան, «Գրիգոր Նարեկացի» համալսարանի բակում տեղի ունեցավ միջնադարյան մեծ բանաստեղծի հարթաքանդակի բացման արարողությունը։ ՀԳՄ վարչության նախագահ Լ. Անանյանն այս առիթով նշեց, որ Նարեկացու հուշաքարի բացումը Ստեփանակերտում համահայկական երեւույթ է, որովհետեւ Նարեկացին տիեզերական ժամանակով է կապված բոլոր սերունդների հետ։
Արցախցի անվանի քանդակագործ Ալբերտ Հարությունյանի ստեղծած այս մշակութային կոթողը, տեղադրված լինելով Ստեփանակերտի կենտրոնական փողոցում, այսուհետեւ ավելի կհարստացնի օրեցօր գեղեցկացող մայրաքաղաքի ընդհանուր տեսքը։ Հարթաքանդակի բացմանը ելույթ ունեցան ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը, բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանը, Նարեկացու անունը կրող համալսարանի ուսանողները։
Այնուհետեւ «Գրիգոր Նարեկացի» համալսարանի դահլիճում տեղի ունեցավ գիտաժողովՙ նվիրված «Մատյան ողբերգության» պոեմի հազարամյակին։ Գիտական թեմայով ելույթները մեկ անգամ եւս հավաստեցին Նարեկացու պոեզիայի մեծ արժեքը համաշխարհային արվեստի առումով։ Վերստին ընդգծվեց այն համոզմունքը, որ հայ ժողովրդի համար ամենակարեւոր կռվանը եղել ու մնում է նրա մշակույթը։
Նարեկացիական միջոցառումը երեկոյան շարունակվեց Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատումՙ գեղարվեստական համատեքստով։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ