«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2003-09-26 | #175, 2003-09-27 | #176, 2003-09-30


ԴԱՎ-Ի (ՍՊԻԴ) ՏԱՐԱԾՈՒՄԸ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«Lancet» բժշկագիտական հանդեսի տվյալների համաձայն, Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի երկրներում ԴԱՎ-ի վիրուսակիրների մոտավոր թիվը 2001 թ. կազմել է 1200000։ Նույն թվականին հիվանդացել է 250 հազար մարդ։ 15-49 տարեկան բնակչության մեջ վիրուսակիրները կազմել են 0,6 տոկոս։ Նույն տարիքի կանանց մեջ վարակված են եղել 260 հազարը։ 2001 թ. նույն տարածաշրջաններում դավակիր է եղել 15000 երեխա, ԴԱՎ-ից մահացել է 25000 մարդ։

Ինչ վերաբերում է նախկին ԽՍՀՄ հանրապետություններին, ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի եւ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով, Հայաստանում 2001 թ. ԴԱՎ-ով հիվանդների մոտավոր թիվը կազմել է 2400։ Սա բավական մտահոգիչ թիվ է։ 15-49 տարեկան բնակչության մեջ վիրուսակիրները կազմել են 0,2 տոկոս։ Նույն տարիքի կանանց մեջ վարակված են եղել 480-ը։ Հիվանդ է եղել 100-ից պակաս երեխա։ Նույն թվականի տվյալներով, ԴԱՎ-ից մահացել է 100-ից պակաս մարդ։ 15-49 տարեկան բնակչության մեջ վարակակիրները կազմել են 0,1 տոկոսից պակաս, հիվանդ կանանց թիվըՙ 280, մահացության դեպքերըՙ 100-ից պակաս։

Ադրբեջանում 2001 թ. հիվանդ է եղել 1400 մարդ։ 15-49 տարեկան բնակչության մեջ վարակակիրները կազմել են 0,1 տոկոսից պակաս, հիվանդ կանանց թիվըՙ 280, մահացության դեպքերըՙ 100-ից պակաս։

Բելառուսում վարակված է եղել 15000 մարդ։ 15-49 տարեկան բնակչության մեջ վարակակիրների տոկոսը 0,3 է։ Հիվանդ կանայքՙ 3700, մահացել է 1000 մարդ։

Էստոնիայում վարակվածների թիվը 7700 է։ 15-49 տարեկան բնակչության մեջ վիրուսակիրները կազմել են 1 տոկոս, հիվանդ կանանց թիվըՙ 1500, մահացության դեպքերըՙ 100-ից պակաս։

Վրաստանում 2001 թ. ԴԱՎ-ով հիվանդ է եղել 900 մարդ։ 15-49 տարեկան բնակչության մեջ վարակակիրները կազմել են 0,1 տոկոսից պակաս, հիվանդ կանայքՙ 180, մահացության դեպքերըՙ 100-ից պակաս։

Ղազախստանում նույն ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 6000, 0,1 տոկոս, 1200 եւ 300։

Ղրղզստանում 2001 թ. վարակված է եղել 500 մարդ։ 15-49 տարեկան բնակչության մեջ վիրուսակիրների տոկոսը 0,1-ից ցածր է եղել, հիվանդ կանանց թիվըՙ 100-ից պակաս, մահացության դեպքերըՙ 100-ից պակաս։

Լատվիայում նույն ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 5000, 0,4 տոկոս, 1000 եւ 100-ից պակաս, Լիտվայումՙ 1300, 0,1 տոկոս, 260 եւ 100-ից պակաս, Մոլդովայումՙ 5500, 0,2 տոկոս, 1200 եւ 300։

Վիճակը համեմատաբար բարվոք է եղել Տաջիկստանում եւ Թուրքմենստանում, որտեղ ԴԱՎ-ով հիվանդների թվերը կազմել են համապատասխանաբար 200 եւ 100-ից պակաս, վարակի տարածման տոկոսըՙ 0,1-ից ցածր, հիվանդ կանանց թիվըՙ 100-ից պակաս, մահացության դեպքերըՙ 100-ից պակաս։

Ռուսաստանի Դաշնությունում 2001 թ. ԴԱՎ-ով հիվանդ եղել է 700000 մարդ։ Սա ամենաբարձր ցուցանիշն է ամբողջ հետխորհրդային տարածքում եւ լուրջ մտահոգության տեղիք է տալիս, նկատի ունենալով մասնավորապես հայ-ռուսական սերտ շփումները։ 15-49 տարեկան բնակչության մեջ վարակակիրները կազմում են 0,9 տոկոս, նույն տարիքի հիվանդ կանանց թիվը 180000 է, մահացության դեպքերըՙ 9000։

Պակաս մտահոգիչ չէ Ուկրաինայի վիճակը, որտեղ 2001 թ. վարակված է եղել 250000 մարդ։ 15-49 տարեկան բնակչության մեջ վիրուսակիրները կազմել են 1 տոկոս, հիվանդ կանանց թիվըՙ 76000, մահացության դեպքերըՙ 11000։

Ամփոփելով կարող ենք ասել, որ նախկին ԽՍՀՄ հանրապետություններում ԴԱՎ-ի տարածման աստիճանները բավական տարբեր են։ Տվյալներ չկան միայն Ուզբեկստանի վերաբերյալ։ Բայց անկախ դրանից կարելի է պնդել, որ այդ վտանգավոր վարակն ամենից քիչ է ախտահարել նախկին ԽՄՀՄ միջինասիական հանրապետությունները։

Ամենաբարվոքը Թուրքմենստանի վիճակն է, ապաՙ Տաջիկստանինը եւ Ղրղզստանինը։ Բոլորն էլ մահմեդական եւ բավական պահպանողական պետություններ են։ Բոլոր երեքում էլ վարակի տարածման տոկոսը 0,1-ից ցածր է։ Նույնը կարելի է ասել Ադրբեջանի մասին։

Քրիստոնյա պետությունների մեջ բարվոք է Վրաստանի, Լիտվայի, Էստոնիայի վիճակը, որտեղ վարակի տարածումը կազմում է 0,1 տոկոսից պակաս կամ 1 տոկոս։ Հայաստանում եւ Մոլդովայում կազմում է 0,2 տոկոս, Բելառուսումՙ 0,3, Լատվիայումՙ գրեթե 0,4 տոկոս։

Վիճակն առավել վատ է Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Էստոնիայում, որտեղ 15-49 տարեկան բնակչության մեջ վարակի տարածումը կազմում է 0,9-1 տոկոս։

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4