«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2003-09-26 | #175, 2003-09-27 | #176, 2003-09-30


ՎԱՐԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԻ» ՀԵՏ

Երեկ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) վարկային փաթեթի երաշխիքի պայմանագիր կնքեց «Կոնվերս բանկի» հետ։ Բացի այս բանկից, նման պայմանագրեր են նախատեսված եւս երկու բանկերիՙ «Անելիքի» եւ «Ինեկոյի» հետ։ «Կոնվերս բանկին» տրամադրված վարկային երաշխիքը կազմում է 1,5 մլն դոլար։ Ինչպես համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ նշեց USAID-ի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Քիտ Սիմոնսը, այդ գումարն ուղղված կլինի փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ֆինանսավորմանը։ USAID-ի ներկայացուցիչն այն հարցին, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել այս բանկերը, պատասխանեց, որ նրանք են հետաքրքրություն ցուցաբերել այս ծրագրի նկատմամբ։

«Կոնվերս բանկի» գլխավոր տնօրեն Սմբատ Նասիբյանը հայտնեց, որ այս վարկերը բանկը տրամադրելու է իր գումարներից, իսկ USAID-ի տրամադրածը կհանդիսանա այդ վարկերի 50 տոկոսի համար երաշխիք։ Նա նաեւ տեղեկացրեց, որ «Կոնվերս բանկի» կողմից փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը տրամադրված վարկերն այլ ծրագրերով կազմել են 900 մլն դրամ։ Չվերադարձված եւ ժամկետանց վարկեր չեն եղել։

Կիթ Սիմոնսը լրագրողներին հայտնեց նաեւ, որ շուտովՙ հոկտեմբերի 22-ին, USAID-ն ՀՀ կառավարությանը կներկայացնի առաջիկա 5 տարիների գործունեության ռազմավարությունը, որտեղ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4