ՌԱԿ ծննդյան հանգրվանի առիթով
Հայ քաղաքական կյանքի ամենակայուն եւ ազդեցիկ գործոններից մեկը Ռամկավար Ազատական կուսակցության գոյավորումն ու գործունեության հարատեւումն է։ ՌԱԿ-ի ծննդյան եւ կազմավորման առաջին հանգրվանը ձգվում է դեպի Արմենականությունը, դեպի հեռավոր 1885 թ. աշունը, երբ ազգային մեծանուն գործիչներ Մ. Խրիմյանի եւ Մ. Փորթուգալյանի ազատաշունչ գաղափարներով դաստիարակված սաները Խսրի տան մեջ հիմնադրեցին Արմենական կուսակցությունը։ Արմենականների ծնունդն օրինաչափ հետեւանքն էր Վասպուրականում 1870-1880-ական թթ. ազգային-քաղաքական, կրթական-մշակութային կյանքի բուռն վերելքի, որը նախորդ շրջանում Կ. Պոլսի պատրիարքարանի մեջ սահմանափակված Հայկական հարցը փոխադրեց գավառ, ուր այն ժողովրդականություն ձեռք բերեց եւ հայ ազգային-քաղաքական անդրանիկ կուսակցությունը կազմավորեց։
Արմենականներին էր վիճակված արեւմտահայ իրականության մեջ սկսել կազմակերպված ազատագրական գաղափարաքաղաքական արշավը, ապա զինակուտակման եւ զինավարժական աշխատանքները։ Արմենականների ցանած ազատության սերմերն էին, որ շատ շուտով արմատակալեցին մի ողջ սերնդի հոգում։
Արմենականների առաջնորդությամբ այդ սերունդն արդեն խորապես գիտակցում էր, թե ինչու է զենք բարձրացնում եւ 1896 թ. դիմադրական ծանր մարտերում իր կյանքը գիտակցաբար դրեց հայրենիքի զոհասեղանին։ Հաջորդ հանգրվանը Հայ սահմանադիր-ռամկավար կուսակցության կազմավորման գործընթացն է (1908 թ.)։ Սահմանադիր-ռամկավարներն իրենց ծրագրում նշում էին, որ կուսակցության գործունեության գլխավոր նպատակակետը ժողովրդի գերիշխանության հաստատումն է։ Կուսակցությունն իր դրոշի տակ էր համախմբելու պարտաճանաչ հայ հարուստին, ժրաջան հայ աշխատավորին, գիտակից հայ մտավորականին եւ, հենվելով մեր ժողովրդի բնածին ռամկավարական խառնվածքի վրա, ձգտելու էր հասնել համազգային միակամության։ Ինչպես արմենականների, այնպես էլ ռամկավարների ծրագրում իսպառ բացակայում էր դասակարգային պայքարի գաղափարը, ինչպես նաեւ սոցիալիստական վարդապետության քարոզը։ Ռամկավարների ղեկավարները բացառապես արեւմտահայեր էին, եւ կուսակցության գործունեությունը հիմնականում կենտրոնացավ Արեւմտահայաստանում։ Թեեւ կուսակցության կենտրոնը Կ. Պոլսում էր, սակայն ռամկավարների ակտիվությունը ծավալվեց Վան-Վասպուրականում, ուր նախկին արմենականները գերակշիռ մեծամասնությամբ անցան ռամկավարների շարքերը։ ՀՍՌԿ-ն օրգանական շարունակությունը եղավ Վանի Արմենական կուսակցության, եւ պատահական չէ, որ ռամկավար ղեկավարների եւ գործիչների միջեւ ակնառու դեր էին կատարում նախկին արմենականները։
1915 թ. ապրիլյան տագնապալի օրերին ռամկավար գործիչներն ու մարտիկները կարեւորագույն, անփոխարինելի նպաստը բերեցին Վանի հերոսական ինքնապաշտպանությունը հաղթանակով ավարտելու գործում։ Ինքնապաշտպանության զինվորական մարմնի պետը եւ փաստացի ղեկավարը եղավ փորձառու հայդուկ Արմենակ Եկարյանը (նախկինում նշանավոր արմենական)։ Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է ընդգծել, որ Վանը փրկվեց շնորհիվ հայ քաղաքական բոլոր ուժերի համերաշխ եւ կազմակերպված գոյակցության։
Հայ քաղաքական իրականության (Արմենականությունից ձգվող) երրորդ հանգրվանը 1921 թ. հոկտեմբերի 1-ին Կ. Պոլսում մի շարք համախոհ քաղաքական ուժերի համաժողովում Ռամկավար Ազատական կուսակցության կազմավորումն է։ ՌԱԿ-ի կազմավորումը տեղի ունեցավ հայ քաղաքական իրականության ամենամռայլ պահին, երբ հայաթափվել էր ողջ Արեւմտահայաստանը, իսկ ջարդի եւ կորստի մատնված արեւմտահայության բեկորները դեգերում էին արաբական անապատներում։
Սակայն անգամ այսպիսի հուսաբեկ մթնոլորտում ՌԱԿ-ն արիություն ունեցավ իր առաջին իսկ պատգամավորական ժողովի օրակարգում դնելու արեւմտահայության դատի հետապնդման գաղափարը։ ՌԱԿ-ը, ի տարբերություն այլոց, արդարացի եւ իմաստուն դիրքորոշում որդեգրեց Խորհրդային Հայաստանի նկատմամբ, գտնելով, որ «Արեւմտյան Հայաստանի դատին անկախ օրկանով մը հետապնդման հետ միանգամայն աջակցիլ եւ մեր ուժերը տրամադրել հայկական կառավարութեան, Հայաստանի տնտեսական եւ բարոյական վերաշինութեան, ինչպէս նաեւ հայ ժողովուրդի ֆիզիքական պահպանման աշխատանքին համար»։
1920-30-ական թթ. ՌԱԿ-ը ձեռնամուխ եղավ բազմահազար եւ հարյուր հազարավոր գաղութահայերի կյանքի կարգավորմանըՙ նախ եւ առաջ ձգտելով աշխարհասփյուռ հայության զանգվածներին փրկել ուծացման վտանգից, նրանց պահել հայաշունչ եւ հայաոգի միջավայրում։
Շուրջ 70 տարի շարունակ գործելով սփյուռքում, ՌԱԿ-ը բարեկամական հարաբերություններ է պահպանել Հայաստանի խորհրդային վարչակարգի հետ, դրանով իսկ հնարավորություններ է ընձեռել կարելիության սահմաններում օգնել մայր-հայրենիքին եւ հայրենաբնակ հայությանը, միաժամանակ սփյուռքահայությունը կապված պահելով մայր հողին։
Հատկապես անուրանալի են այն զոհողություններն ու ճիգերը, որ Ռամկավար Ազատական կուսակցության պատասխանատուները կրում են միջազգային հարթության վրա Հայ դատը հետապնդելու ուղղությամբ։ Նաեւ ռամկավարների անկեղծ ու անհատնում ջանքերով է, որ այս կարեւոր հիմնահարցի շուրջ սփյուռքում եւ Հայաստանում հայոց քաղաքական կուսակցությունների միջեւ համերաշխ համագործակցության մթնոլորտ է ձեւավորվել ու ձեւավորվում։
1990 թվականից ռամկավարները գործում են նաեւ հայաստանյան քաղաքական իրականության մեջ։ Ի տարբերություն այլ կուսակցությունների, ՌԱԿ-ը զերծ է կտրուկ, արմատական գաղափարաքաղաքական շրջադարձերից, աղմկալի եւ ցուցամոլական գործունեությունից։ ՌԱԿ-ը պատմության բոլոր փուլերում աչքի է ընկել հանգիստ, հավասարակշիռ, հանդարտ ու կայուն քաղաքական վարքագծով։ Իր վերոնշյալ պահվածքով Ռամկավար Ազատական կուսակցությունն էականորեն կարեւոր դեր է խաղում Հայաստանի եւ սփյուռքի հարաբերությունների առավել սերտացման, ինչպես նաեւ հայաստանյան ներքաղաքական կյանքը վտանգավոր ցնցումներից զերծ պահելու գործում։
118-ամյա կենսագրություն ունեցող կուսակցությունն այսօր եւս հաստատակամորեն կանգնած է հայ ժողովրդի պատմական անուրանալի իրավունքների վերականգնման, հայոց պետության անկախության ու ինքնիշխանության ապահովման, սփյուռքահայության իրավունքների հետեւողական պաշտպանության դիրքերում։
Այն կուսակցությունը, որի շարքերում սնվել, դաստիարակվել ու աճել են այնպիսի անհատներ ու ժողովրդական առաջնորդներ, որպիսիք են Մ. Ավետիսյանը, Արմ. Եկարյանը, Փ. Թերլեմեզյանը, Վ. Թեքեյանը, Արտ. Դարբինյանը եւ էլի բազմաթիվ նշանավոր դեմքեր, լավագույն երաշխիքն է հայոց ազատ եւ անկախ պետականության հզորացման, հայ ինքնության եւ ազգային ոգու ամրապնդման, ազգապահպանության ու հայոց պատմական եւ ներկա իրավունքների ճանաչման ու պահանջատիրության։
Արմենականությունից մինչեւ մեր օրերը ձգվող ճանապարհը պատմականորեն բարդ, ծանր ու հակասական իրադարձություններով է լեցուն, նաեւ հպարտալից եւ անչափ պատասխանատու ճանապարհ է...
ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու