Գրական հոբելյանների տարի է 2003 թ.։ Գրասեր հանրությանն այս հոբելյանական առիթները հնարավորություն են տալիս մեկ անգամ եւս հաղորդակցվելու, ունկնդիրը դառնալու իր մեծերի ապրած օրերին եւ նրանց ստեղծագործություններին։ Հայ գրականության մեջ Շահան Շահնուրը եզակի ու շատ առանձնացող դերակատարում ունի։ Թերեւս ամենահակասական կարծիքների ու մերժումների, բուռն վեճերի տեղիք տվող այն գրողն է, որի ստեղծագործությունների ամենահիմնական արժեքը աներկբայորեն կարելի է համարել ավանդական մտածողությունների եւ ընդունված կարծրատիպերի քանդումը, մնալով խորապես ազգային եւ իրավ արվեստագետ։
Մտածողության թարմությունը եւ արժեքների նորովի ըմբռնումներն իր գրականությունը դարձրել են անակնկալների գրականություն։ Բնավ ինքնանպատակության եւ ինքնօրինակության չեն միտված սակայն շահնուրյան գրական խիզախումներն ու «հանդգնությունները»։ Դրանք թերեւս պարտադրանքն են իր ժամանակի, որոնք վերածվել են 20-րդ դարավերջի արեւմտահայ կյանքի ռեալ եւ ցավագին իրականության գրական «ձեւակերպումների»։ Տաղանդի անկրկնելիությունը եւ ձեռագրի ինքնատիպությունն են, որ իր գրականությունն այդքան հակասական ու ազդեցիկ են դարձրելՙ միաժամանակ գրողին դատապարտելով մենակության տխուր ճակատագրին։ Սակայն, որպես կանոն, հայ գրողին բաժին ընկած ծանր ճակատագրին հաջորդում են հետագա սերնդի երախտիքը եւ գնահատանքը։
Թերեւս, մեզ դրանց համար ժամանակ է պետք, տարիների հեռավորությունը դյուրացնում եւ հասկանալի է դարձնում շատ բան։
Տարվա գրական հոբելյանների այս շքեղ բույլում (Սիամանթո, Մահարի, Թեքեյան, Մնձուրի, Շուշանյան) Շահան Շահնուրն իր պատվարժան տեղն ունի, եւ նրա հոբելյանական հանդիսությանը, որ կատարվեց երեկՙ գրողների միությունում, մասնակցեցին ոչ միայն հայաստանյան, նաեւ սփյուռքյան գրականագետներ եւ մտավորականներ։ Միջոցառումը կազմակերպված էր Հայաստանի գրողների եւ Թեքեյան մշակութային միությունների նախաձեռնությամբ։ Հոբելյանական երեկոն վարեց բանասիրական գիտությունների դոկտ., պրոֆ. Սուրեն Դանիելյանը։ Ի սկզբանե, երեկոյի բանախոսներն իրենց մեկնաբանություններում մեղմելու փորձեր արեցին այն երկվությունը, որ ստեղծված է շահնուրյան գրականության շուրջ։ Գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Ազատ Եղիազարյանը, ամերիկահայ մտավորական, գրականագետ Երվանդ Ազատյանը, պետական համալսարանի բանասիրական մասնաճյուղի դեկան Արծրուն Ավագյանը, Սուրեն Դանիելյանը Շահնուրին ներկայացրին իբրեւ (եթե կարելի է ընդհանրացնել) «ներքին աքսորը ցմրուր ապրած մտավորականի»։ Սերվելով Պոլսի մտավորական միջավայրիցՙ 20-ամյա երիտասարդն ապրում է տարագիր սփյուռքահայի ողջ դառնությունները։ Իր ապրած ներքին ողբերգության պատճառը պոլիսյան հայկական իրականության նկատմամբ կարոտն էր, եւ նոր միջավայրի պարտադրող իրականությունն ու բարոյականությունը։ Փարիզյան (եւ ոչ միայն) կյանքի իրողությունները փաստի առաջ են կանգնեցնում տարագիր հայերինՙ նահանջը ազգային ինքնության տարրերից այլեւս անխուսափելի դարձնելով։ Գրողը հստակ տեսնում է այդ նահանջը, այդ օտարացումը, եւ ուծացման վտանգն է, որ ստիպում է Շահնուրին լինել ավելի դաժանՙ անխնայաբար ոչնչացնող, որոնք հաճախ տեղիք տալով թյուրըմբռնման։ «Կնահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սեր։ Կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն։ Եվ մենք դեռ կնահանջենք բանիվ եւ գործով, կամա, թե ակամա, գիտությամբ եւ անգիտությամբ, մեղա՜, մեղա՜, մեղա՜ Արարատին։
Եղան հայեր, որոնք իրենց մորթը փրկելու համար վճարեցին ոսկի, եղան ուրիշներ, որոնք տվին հավատք, կուսություն, եղան անոնք, որոնք լքեցին տուն, տեղ, երկինք, եղան դեռ վատեր, որ ուրացան ազգ ու լեզու, եւ հերոսներ, որ տվին արյուն, կյանք, օր ու արեւ։ Իսկ մենք կվճարենք իբրեւ վերջին փրկագին այն, որ պիտի գա։ Իբրեւ վերջին փրկագինՙ մանուկներ, որոնք կրնային մեծնալ, ապագայի սերունդներ, որոնք մեզմե վերջ պիտի գային։ Որովհետեւ այն, որ պիտի գա, պիտի ըլլա օտար, բանիվ եւ գործով, կամա եւ ակամա, գիտությամբ եւ անգիտությամբ, մեղա՜, մեղա՜ Արարատին»։
27-ամյա երիտասարդ գրողըՙ ճշմարտության դեմ-հանդիման եւ ողբերգականորեն մենակ, պարտադրում է ընթերցողին ներկայի ճանաչողության, նրան մղում ինքնաճանաչումի։ Շահնուրի պարտադրած ճշմարտությունն անընդունելի էր, որովհետեւ դաժանորեն անողոք էր, այո՛, օտարի գերակայություն, նահանջի պարտադրանք, ազգային դիմագծի աղճատում, դժվար էր համակերպվելը։ Եվ Շահնուրի գրականության ուժը կեղծ արժեքների քողազերծումն էր, իրականության մեջ սփյուռքահայի նոր կերպարի ստեղծումը։ Գրողը բնավ չի ունեցել եղածը ոչնչացնելու միտում, ճիշտ հակառակըՙ ուծացումի աղետը կանխելու մտայնությունն է, որ նրան դրդել է ծայրահեղսրացումների։ Շահնուրյան պոռթկումներն աղճատվող բարոյականության, կրոնական վեճերի, կուսակցական պառակտումների հետեւանք էին ընդդեմ դրանց։ Եվ ավելինՙ այս ամենի նկատմամբ զարմանալի անտարբերությունը, որ մեր դարավոր անդեմության վկայությունն էր, ցավալի եզրահանգումով, թե հայ ժողովուրդը չի ստեղծվել քրիստոնեության համար, այլ կրոնն է ստեղծվել մեզ համար։ Գրողի տառապանքն առավել սաստկացնում է հոգեւոր արտագաղթըՙ օտարի նմանակումը, հնի կրկնությունը, հայկականության քայքայումը։
Այս ամենը լիուլի բավարար էրՙ ապազգայինի այնպիսի պիտակներով որակել Շահնուրին, որ Վազգեն Շուշանյանին թույլ տար արտահայտվելու, թե Շահնուրն Արարատ չունի իր մեջ։
Իր տարագիր կյանքը, ֆիզիկական ու հոգեւոր ցավը, իր դեմ քինախնդիր արշավը մղում են նրան մենության։ Կյանքի վերջին տարիները Սան-Ռաֆայելի ծերանոցի հիվանդի մահճակալն է դառնում իր միակ նեցուկը։
Սփյուռքահայ արձակի մեծագույն տաղանդիՙ Շահան Շահնուրի գրականությունն այսօր նույնքան արդիական է։ Այսօր նույնքան վտանգավոր, եզրային իրավիճակներում հայտնված հայությունը, համանման նահանջի մեջ է ու ընդվզումի նույնքան անողոք երգի պահանջ ունի։
Եվ սա դարձյալ բնորոշ է հայկական այսօրվա սփյուռքին, որի հաստատումն էր Երվանդ Ազատյանի այն խոսքը, թե սփյուռքն ի վիճակի չէ տեր կանգնելու հայ գրողին, հայ մտքին, եւ միակ ապահով հանգրվանը հայրենիքն է, Հայաստանը։
Ինչպես եւ ընդունված է նման միջոցառումներին, բանախոսներին լրացնում էր գեղարվեստական հայտագիրը։ Երաժշտական կատարումներով հանդես եկան Սուրեն Մանուկյանը եւ Աննա Մայիլյանը, նաեւ ասմունքող Աննա Հեքեքյանը։ Դահլիճը ջերմորեն արձագանքեց ծագումով պոլսահայ, վաղուց իրեն սիրելի դարձած արտիստուհու ելույթին։ Վարդուհի Վարդերեսյանը մի հատված ներկայացրեց Շահնուրի «Պճեղ մը անուշ սիրտ» ստեղծագործության բեմականացումիցՙ լրացնելով իր խոսքը Շահնուրի հետ կապված տխուր վերհուշով, երբ գրողն իր ծերության թշվառ օրերն էր անցկացնում Սան-Ռաֆայելի առողջարանի աղքատիկ կացարանում...
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ