Ամբերդ ամրոցն իբրեւ պատմաճարտարապետական համալիր յուրահատուկ է թե ռազմական շինարարության հայկական ոճով ու պաշտպանական ամուր դիրքով, թե շինությունների բազմազանությամբ ու տարածքի մեծությամբ։ Շինություններից առանձնապես կարեւոր են ամրոցը, դղյակը, եկեղեցին ու մատուռը, մեծ նշանակություն ունեն նաեւ ամրոցի պատերը, դարպասներն ու բաղնիքները։ Գմբեթավոր եկեղեցին կառուցվել է 1026 թվականին, իսկ մատուռի ավերակները հայտնաբերվել են բաղնիքի մոտակայքումՙ հնէաբանական պեղումների ժամանակ։ Ենթադրվում է, որ մատուռը կառուցվել է X դարում։ Ամրոցի ամբողջական կառուցապատումն ունեցել է երեք հիմնական փուլեր. առաջինըՙ Բագրատունիների ու Զաքարյանների իշխանությունների միջեւ ընկած ժամանակաշրջանն է, երբ կառուցվել է տարածքի մեծ մասը, երկրորդըՙ Զաքարյան իշխանների կողմից Ամբերդի ազատագրումն է, որ ձգվում է մինչեւ մոնղոլական արշավանքների շրջանը, այս ընթացքում կառուցվել են «Նոր պալատը», կիսակոնաձեւ աշտարակը։ Երրորդ փուլը ընդգրկում է XIII դարից մինչեւ Ամբերդի կործանման ժամանակաշրջանը. կառուցվել են ամրոցի նոր պատերը։
Ամրոցում բաղնիքի առկայությունն անսովոր երեւույթ է ռազմական կառույցների համար, որ շեշտում է ամրոցի հարստությունն ու ինքնատիպությունը։ Գոյության ողջ ընթացքում Ամբերդը ենթարկվել է բազմաթիվ ավերածություններիՙ բնական աղետների ու թշնամիների հարձակումների, որոնց հետեւանքով կործանվել են ամրոցի արեւելյան եւ արեւմտյան պատերը։
Վերջին բնական աղետը, որ մեծապես վնասեց ամրոցինՙ խորացնելով եղած ճաքերն ու բացելով նորերը, 1988 թվականի ուժգին երկրաշարժն էր։ Ավերված շինության վրա բացասաբար են անդրադարձել նաեւ առատ տեղումներըՙ վնասելով վերին հարկերն ու պատերի չպաշտպանված մյուս հատվածները։ Ի լրումն այս ամենի, ամրոցի պատերի վերին շարքերի տեղաշարժված քարերը թուլացել են, եւ դրանց փլուզման վտանգը մեծ է հատկապես առատ անձրեւների շրջանում։ Պատերի մի մասն էլ շեղվել է ուղղահայաց դիրքից եւ ամենաթույլ ցնցման դեպքում անգամ դրանց փլուզումն անխուսափելի է։ Թեպետ արտաքուստ պատերը թվում են բավականին ամուր, սակայն իրական պատկերը ճիշտ հակառակն է։ Ամբերդի տարածքը դիտելիս տպավորություն է առաջանում, թե ամբողջապես լքված է։ Այցելության համար նույնիսկ որեւէ արահետ գոյություն չունի, որոշ հատվածներում պետք է զգուշանալ վնասված պատերի քարերի հարվածից, որոշ տեղերում էլՙ ձորն ընկնելուց։
Այս աղետալի վիճակը կանխելու եւ ամրոցը փրկելու նպատակով ՀՀ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունը, «Քարեդարան» հասարակական կազմակերպությունը ՅՈՒՆԵՍԿՕ¬ի աջակցությամբ ձեռնամուխ են եղել ամրոցի ամրակայման եւ բարեկարգման ծրագրի իրականացմանը։
«Հայաստանում ամենաքիչ ուսումնասիրված պատմական հուշարձաններն ամրոցներն են, մինչդեռ դրանք ամենահետաքրքրականներն են այս ասպարեզում։ Ուրախալի է, որ այժմ դրանք ուսումնասիրելու հնարավորություն ունենք, մանավանդ եթե հաշվի առնենք օտարների նկատելի հետաքրքրությունը դրանց նկատմամբ։ Հետազոտական մանրակրկիտ աշխատանք ենք կատարում, առանց որի չափազանց մեծ է ամրոցն էլ ավելի վնասելու հավանականությունը, պետք է բացառել ամեն տեսակի ոչ մասնագիտական ու մակերեսային մոտեցումները։
Առաջնային խնդիրը դղյակը փրկելն է, ի դեպ, մինչ օրս վերջինս լիարժեք ուսումնասիրված ու պեղված չի եղել, իսկ այս պահին ամենից վտանգվածն է։ Դրամաշնորհը ստանալուն պես կսկսենք դղյակի ամրակայման աշխատանքները, որին կմասնակցեն ճարտարապետներ, հնագետներ, նյութաբաններ եւ այլ մասնագետներ։ Ամբերդը եռաշերտ ամրոց է, ուսումնասիրությունների մի հսկա շտեմարան, որ լի է ոչ միայն միջնադարյան ճարտարապետական արվեստի, ռազմական ու պաշտպանական կառույցի մասին նյութերով, այլեւ ինժեներական, հաղորդակցման, ջրամատակարարման, ճանապարհաշինական աշխատանքների հետազոտման ահռելի պաշարով», մեզ հետ զրուցելիս ասաց հուշարձանների պահպանության վարչության պետ Գագիկ Գյուրջյանը։
Ծրագիրն իրականացվում է 2 փուլով եւ կավարտվի 2004 թվականին։ Ըստ հաշվարկների, ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 350 հազար ամերիկյան դոլար։
Ակնկալվում է, որ ծրագրի օգնությամբ հնարավոր կլինի փրկել Ամբերդը կործանումից, ամրացնել ու բարեկարգել ողջ տարածքը, ծավալել գիտական ուսումնասիրություններՙ լավագույն պայմաններ ստեղծելով զբոսաշրջության զարգացման համար։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ