Մեր համազգային տոների կողքին հանրապետության երկրորդ քաղաքն ունեցավ նաեւ իր առանձին տոնըՙ «Գյումրու օրը»։ Սեպտեմբերի 27-ի շաբաթ օրն առաջին անգամ կազմակերպված այդ տոնին քաղաքի բնակիչների հետ մասնակցելու էին եկել հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Երեւանի քաղաքապետը, այլ բարձրաստիճան հյուրեր մայրաքաղաքից, Հայաստանի մյուս քաղաքներից ու մարզերից, մշակույթի եւ արվեստի գործիչներ, արտասահմանյան դիվանագետներ, սփյուռքահայեր, որոնց ներկայությունը առավել ջերմություն հաղորդեց օրվան եւ ուրախացրեց լիաթոք տոների կարոտած գյումրեցիներին։ Թերեւս խորհրդանշական էր նաեւ այն, որ քաղաքի օրվա առաջին տոնակատարությունը հիմնականում հոգեւոր-մշակութային ուղղվածություն ուներ։ Ինչպես մեր ժողովուրդը միշտ, այնպես էլ Գյումրին այսօր, այս տարիներին, նախ եւ առաջ հոգեւոր վերածննդով պիտի ոտքի կանգնի։ Դա նշեցին նաեւ օրվա հանդիսությունների ժամանակ ելույթ ունեցողները։
Գյումրու օրվա միջոցառումները սկսվեցին քաղաքի Սբ. Նշան վերականգնված եկեղեցու օծման արարողությամբ։ Հավատի այս տունը խորհրդային տասնամյակների ընթացքում չէր ծառայում իր նպատակին, ապա եւ տուժել էր երկրաշարժից։ Նրա վերակառուցում-վերանորոգումն իրականացվել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ իր եղբայրների դրամական միջոցներով ու ջանքերով։ Նորաբաց լեփ-լեցուն եկեղեցում Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեւոր կարգ կատարվեց. օծվեց սուրբ սեղանը, ապա առաջին սուրբ եւ անմահ պատարագը մատուցվեց։ Վեհափառ հայրապետը իր եւ Մայր աթոռի մաղթանքն ու օրհնությունը հաղորդեց գյումրեցիներին։
Ապա հանդիսությունները շարունակվեցին Վարպետաց փողոցի բացմամբ։ Վարպետների քաղաք Գյումրու փառքը կազմել են նրա ոչ միայն արհեստավոր ոսկեձեռիկ վարպետները։ Այստեղ ավելի մեծ ակնածանքով Վարպետ են կոչել մշակույթի եզակի մեծություններին, ովքեր սերելով այս քաղաքից, իրենց ոգեղեն արարումով աշխարհինն են դարձել։ Ավետիք Իսահակյան։ Հովհաննես Շիրազ։ Մհեր Մկրտչյան... Նրանք, նրանց ոգին այսօր այս փողոցում են միատեղվել։ Տոնակատարության մասնակիցներն ու հյուրերը եղան Վարպետի անցյալ տարի վերաբացված հուշատուն-թանգարանում, քանդված ու նորից կառուցված այն տանը, որտեղ ծնվել է «Ալագյազի մանիների» ու «Աբու Լալա Մահարու» հեղինակը։ Քիչ այն կողմ կա վթարված, բայց քաղաքի ճարտարապետական ոճին հարազատ մի շենք, որը որոշվել է վերականգնել ու դարձնել Մհեր Մկրտչյանի թանգարան։ Շենքի դիմաց, մեծադիր դիմանկարից մկրտչյանական պայծառ ժպիտով նայող արտիստի հայացքի ներքո, սիրո ու մեծարանքի ջերմ խոսքեր հնչեցին։ Մհեր Մկրտչյանը հետմահու պարգեւատրվեց քաղաքի իշխանությունների սահմանած առաջին «Վարպետ» ոսկե կրծքանշանով, իսկ նրա եղբայր եւ արվեստակից, կինոբեմադրիչ Ալբերտ Մկրտչյանին շնորհվեց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում։ Նույն Վարպետաց փողոցում, Իսահակյանի հուշատուն-թանգարանի հարեւանությամբ այդ օրն առաջին անգամ դռները բացեց Հովհաննես Շիրազի թանգարանը։ Մուտքի խորհրդանշական ժապավենը կտրեցին բանաստեղծի Վանանդ որդին եւ այս թանգարանի հիմնադրման ակունքներում կանգնած, խորհրդային տարիներին Լենինականի կուսակցական ղեկավար Դոնարա Հարությունյանը։ Ինչպես հետո վկայեց տկն Հարությունյանը, ժամանակին Շիրազն ինքն է ցանկացել, որ այս շենքում լինի իր տուն-թանգարանը, լինի Իսահակյանի տան մոտ։ 88-ից հետո այս շենքն ավելի քան մեկ տասնամյակ զբաղեցրել էին 13-14 անօթեւան ընտանիքներ, որոնց տեղափոխելու հարցն ի վերջո հնարավոր եղավ լուծելՙ նրանց բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով։ Ազատված շենքը թանգարանին վերադարձնել հաջողվեց տեւական վերանորոգումից հետո։ Բացման առթիվ սրտի խոսք ասողների թվում էր Անի Շիրազը, որը նշեց, որ բանաստեղծի զավակները շիրազյան մասունքներից թանգարանին տրամադրել են անձնական իրեր, նամակներ, ստեղծագործությունների բնագրեր։
Քաղաքի կենտրոնական հրապարակում դրվեց նախկին տեղում կառուցվելիք քաղաքապետարանի նոր շենքի խորհրդանշական հիմնաքարը։ Ելույթ ունեցան վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը, ուրիշներ։ Հրապարակի մեկ այլ կողմում Վարպետաց հուշաղբյուր բացվեց եւ «Վարպետ» կրծքանշան հանձնվեց ժողովրդական դերասան Սոս Սարգսյանին։ Ապա ծրագիրը շարունակվեց Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանում։
Բազմամարդ հրապարակում մինչեւ ուշ երեկո հնչած տոնական համերգն ու հրավառությունը եզրափակեցին քաղաքի տոնը։ Որը, հուսանք, միշտ մեզ հետ կլինիՙ ամեն տարի Գյումրու նաեւ սոցիալ-տնտեսական վերազարթոնքի նոր քայլեր արձանագրելով։
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ