«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2003-09-30 | #177, 2003-10-01 | #178, 2003-10-02


ՍՏԵՂԾՎԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Բրյուսելի արտակարգ խորհրդաժողովում որոշվեց անվանափոխությամբ լուծել ժնեւյան գրասենյակի հետ ունեցած տագնապը

2003 թվականի սեպտեմբերի 27-28-ը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հրավիրված Եվրոպայի հայկական միությունների ֆորումի արտակարգ խորհրդաժողովը 16 կազմակերպությունների ու 30 մասնակիցների լիազորությամբ որոշեց վերջ դնել Ժնեւի գրասենյակի հետ առկա տարաձայնություններին եւ հիմնադրել նոր կազմակերպությունՙ նոր կանոնադրությամբ եւ ժողովրդավարական գործելաոճով, ընտրելով ավելի ընդհանրական անվանումՙ Եվրոպայի հայկական համագումար (ԵՀՀ)։ Հիշեցնենք, որ հունիսի 6-8-ը Վենետիկում հրավիրված ԵՀՄՖ 5-րդ խորհրդաժողովում կազմակերպության ընդհանուր քարտուղար Թորոս Սակերյանը հրաժարական էր ներկայացրել։ Հետո ստեղծվել էր ճգնաժամային իրավիճակ, քանզի ղեկավարումն անցել էր քաղաքական խորհրդին, որը նույնպես գտնվում էր անգործության մեջ, քանի որ նրա երեք անդամներից մեկը նույն ինքն պրն Սակերյանն էր, մյուսըՙ կես տարի առաջ հրաժարական ներկայացրած Նիկոլա Դավիթյանը եւ երրորդըՙ Վահե Գաբրաշը, որ չէր մասնակցում Վենետիկի խորհրդաժողովին։ Այսպիսով, ստեղծված իրավիճակում մնում էր արտակարգ խորհրդաժողովի միջոցով լուծել ֆորումի հետագա ճակատագիրը։ Սակայն ինչպես հայտնի է մեր ընթերցողներին, պրն Սակերյանը հետագայում հայտարարեց, որ ինքը չի հրաժարվել իր պաշտոնից եւ սեպտեմբերի սկզբին Ժնեւում հրավիրեց նոր ժողով, ուր հավաքվածները մի անգամ եւս հաստատեցին նրա պաշտոնավարումը, առաջ ընկնելով սեպտեմբերի 27-ին Բրյուսելում հրավիրված ժողովից։

Այս երկփեղկված իրավիճակին ավելացավ նաեւ ԵՀՄՖ անվան տակ երկու կազմակերպությունների գոյության փաստը։ Նկատի ունենալով, որ դա շփոթ ու ավելորդ թյուրիմացությունների տեղիք կտա հասարակության շրջանում, բրյուսելյան խորհրդաժողովի առաջին իսկ նիստի ընթացքում որոշվեց ընդհանրապես չքննարկել Թորոս Սակերյանի գործունեությունը, հիմնել ավելի անկախ կազմակերպություն եւ գործունեությունը շարունակել արդեն վերը նշված համագումարի շրջանակներումՙ կենտրոնակայան ունենալով Բրյուսել քաղաքը։ Մինչ այդ ներկաները լսեցին քաղաքական խորհրդի անդամ Կարո Հակոբյանի հաշվետվությունը Վենետիկից հետո ստեղծված իրավիճակի մասին, ուր բանախոսը նշեց, որ իրենք առճակատման ճանապարհով չեն գնալու։ Իսկ Ռուսաստանի հայկական կոնգրեսի գործադիր քարտուղար Վլադիմիր Ղազարյանն իր ելույթում ներկաներին ծանոթացրեց Ժնեւի խորհրդաժողովի արդյունքներին։ Նշենք, որ մի քանի կազմակերպություններ մասնակցել էին ե՛ւ Ժնեւի, ե՛ւ Բրյուսելի ժողովներին։

Այնուհետեւ մասնակիցները միջազգային փորձառություն ունեցող իրավաբանների մասնակցությամբ անցան նոր կանոնադրության քննարկմանը։ Բուռն բանավեճերի եւ օգտակար շտկումների արդյունքում որպես հիմք ընդունվեց ԵՀՀ նոր կանոնադրությունը։

Կազմակերպության ապագա անելիքների եւ գաղափարախոսության մասին ծրագրային ելույթ ունեցավ Կիպրոսի համայնքի ներկայացուցիչ Գեւորգ Զեյթունցյանը։ Հիմնական գնահատականն այն էր, որ նոր կազմակերպությունը պետք է որդեգրի թափանցիկ ու ժողովրդավարական քաղաքականությունՙ ապահովելով համայնքների ու կազմակերպությունների առավելագույն մասնակցությունը, դառնալով նաեւ Հայաստանի անկեղծ զինակիցը սփյուռքում։

Տեղի ունեցան նաեւ կազմակերպության վարչության եւ վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ։ Ընտրվեց 7 հոգուց բաղկացած վարչություն, որի առաջին նիստում վարչության նախագահ ընտրվեց Կարո Հակոբյանը (Շվեդիայի հայկական կազմակերպությունների համադրող կենտրոնի նախագահը), իսկ տեղակալՙ Գեւորգ Զեյթունցյանը (Կիպրոս)։

Խորհրդաժողովին մասնակցում էին Անգլիայի, Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Հոլանդիայի, Բելգիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ռուսաստանի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Չեխիայի եւ այլ երկրների հայ համայնքների ներկայացուցիչներ։

ԵՀՀ հիմնադիր ժողովը ընդունեց նաեւ հռչակագիր նոր կազմակերպության ստեղծման ու նպատակների վերաբերյալ։ Աշխատանքային բնույթ կրող խորհրդաժողովի վերջում որոշվեց հաջորդ հանդիպումը կազմակերպել Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։

Այսպիսով, եվրոպահայ կազմակերպություններն ունեցան նոր համադրող մարմինՙ Եվրոպայի հայկական համագումարը, որի նպատակն է լինելու համագործակցության մթնոլորտ ստեղծել եվրոպահայ կազմակերպությունների միջեւ, նպաստել եվրոպահայության խնդիրների լուծմանն ու ազգային հարցերիՙ այդ թվում Ցեղասպանության ճանաչմանը։ Կազմակերպության ծրագրերում լուրջ տեղ կհատկացվի նաեւ Հայաստանի ու ԼՂՀ պետականությանն աջակցելու միջոցառումներին։

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Բրյուսել-Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4