Եթե հայ մեծանուն լեզվաբանների ու մյուս գիտնականների գրքերը խորհրդային տարիներին թարգմանվում էին ռուսերեն ու ռուսալեզու ժողովուրդների սեփականությունը դառնալովՙ կրկնակի արժեւորվում, ապա, անկախության ձեռքբերումից հետո, մեր գիտական միտքը արեւմտյան երկրներում տարածելու համար առաջացավ դրանք անգլերեն թարգմանելու անհրաժեշտությունը։
ԳԱԱ ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի «Լեզվի ընդհանուր տեսություն» մենագրությունն այսուհետեւ կդրվի նաեւ անգլիախոս մասնագետների սեղանին, շնորհիվ այն տքնաջան աշխատանքի, որ հանձն էր առել Երեւանի պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնի նախկին ղեկավար, այժմ Կանադայի Մքգիլ համալսարանի պրոֆեսոր Դորա Սաքայանը։ Գրքի շնորհանդեսը, որ տեղի ունեցավ օրերս համալսարանի բանասիրական ֆակուլտետի դահլիճում, հայագիտությանը ողջ էությամբ նվիրվելու, մարդկային գեղեցիկ փոխհարաբերություններ ստեղծելու, հեռավոր երկրում հայրենիքի հետ ջերմ կապեր պահպանելու դասեր տվեց ուսանողներին։ Տկն Սաքայանը խոսեց թարգմանության իրականացման աշխատանքների դժվարությունների մասին, դրանց թվում նշելով նաեւ համակարգչից զուրկ Լեզվաբանության ինստիտուտի հետ ինտերնետային կապի բացակայությունը, որի պատճառով նա հարկադրված է եղել լեզվաբանական տերմինաբանությունը Ջահուկյանի հետ ճշգրտելու համար 2 անգամ այցելել Հայաստան։ Անվանի լեզվաբանի վստահությանն արժանանալը նա մեծ երջանկություն համարեց իր կյանքում։
Նրա աշխատանքը բարձր գնահատեցին ԵՊՀ պրոռեկտոր Արամ Սիմոնյանը, բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանը։ Վերջինս դրվատանքի ջերմ խոսքեր ասաց տկն. Սաքայանին ինչպես թարգմանության, այնպես էլ հայագիտական համաժողովում հայոց լեզվին նվիրված փայլուն զեկուցում կարդալու համար։ Հայերենի ու անգլերենի համեմատության դաշտում նա ցուցադրել է հայոց լեզվի ողջ ճոխությունը ընդամենը մեկՙ երես բառի միջոցով։ Հուզիչ էր հատկապես ակադեմիկոս Ջահուկյանի ելույթը։ Իր գրքի թարգմանությունն անվանելով յուրատեսակ սխրանքՙ նա ասաց. «Դորան իր համառությամբ կարողացավ հաղթահարել իմ համառությանը։ Գիրքն ունի բնագրային արժեք։
Կան հայեր, որ հայրենիքից հեռանալիս մոռանում են վերջինիս գոյության մասին, սակայն Դորան միշտ հայրենիքի հետ է ու տապակվում է նրա ցավերով։ Նա կազմակերպեց իմ կյանքում առաջին շնորհանդեսը, ու ես ստիպված եմ ինքս ինձնով հիանալ։ Եթե իմ սրտում չլիներ հայությունը, չէի կարողանա անել այն, ինչ արել եմ»։
Ռ. Պ.