«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2003-09-30 | #177, 2003-10-01 | #178, 2003-10-02


ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼ ԱՅՍ ԱՍՊԱՐԵԶԻՆ

Մեր փոքրիկ հողակտորի վրա հայտնաբերվել են մոտ 3500 տեսակ բարձրակարգ ծաղկավոր բույսեր, ավելի քան 17500 կենդանատեսակներ։ Հայաստանը մոլորակի այն եզակի անկյուններից է, որն աչքի է ընկնում էնդեմիկ, այսինքն միայն մեր տարածքին բնորոշ տեսակների արտասովոր խտությամբ։ Յուրաքանչյուր 1 կմ քառակուսու վրա, օրինակ, հանդիպում են ավելի քան 100 տեսակ բարձրակարգ բույսեր։ Դրանց մեծ մասն ընդգրկված է հենց պահպանվող տարածքներումՙ արգելոցներում, արգելավայրերում, ազգային պարկերում։ Այսօր հանրապետությունում 3 պետական արգելոցներ կան («Էրեբունի», «Խոսրովի անտառ», «Շիկահող»), 23 արգելավայր (սրանք աչքի են ընկնում պահպանության նվազ խիստ ռեժիմով եւ կոչված են ապահովելու էտալոնային տեսակների ու համալիրների վերարտադրությունը), 2 ազգային պարկ («Սեւան» եւ «Դիլիջան»)։ Վերջիններս կարող են օգտագործվել նաեւ իբրեւ հանգստավայրեր։ Եվ ոչ միայն «Էրեբունի» արգելոցն է հատկանշվում համամարդկային արժեքով։ «Շիկահողի» արգելոցում արեւելյան հաճարենու անտառակներ կան, որոնք, գիտնականների հավաստմամբ, մնացորդային ձեւով մեզ են հասել սառցադաշտային ժամանակներից։ Այստեղ է նաեւ հանրահայտ սոսիների (արեւելյան չինար) պուրակը, որն իբրեւ բնական համալիր, հազվադեպ երեւույթ է ողջ աշխարհի համար։ Կամ հրաբխային ծագում ունեցող բարձրլեռնային Արփի լիճը, որ գտնվում է 2200 մ բարձրության վրա։ Այն համարվում է միջազգային նշանակության գերխոնավ տարածք եւ ջրլող թռչունների բնադրավայր, Ռամսարի կոնվենցիայի համաձայն, ներառված է պահպանության ենթակա միջազգային ցուցակներում։

Հատուկ տարածքների պահպանության կարեւոր պայմաններից մեկըՙ նյութատեխնիկական բազան, սկսած արտահագուստից մինչեւ տրանսպորտային փոխադրամիջոցը, դաշտային աշխատանքների ու գիտական ուսումնասիրությունների համար անհրաժեշտ սարքերն ու սարքավորումները, խիստ աղքատիկ է կամ բոլորովին գոյություն չունի։ Եղածն էլ հնամաշ է ու գործածության համար ոչ պիտանի։ Վերջին 15 տարվա ընթացքում պահպանվող տարածքներից ոչ մեկը կրակմարիչներ չի ստացել։ Մինչդեռ հայտնի է, որ մեր անտառներն ընդհանրապես հրդեհավտանգ են։ Չեն իրականացվում նաեւ հակահրդեհային միջոցառումներ, օրինակ, բանուկ արահետների ստեղծում, ճանապարհների բարեկարգում։ Առաջներում հրշեջ մեքենաները մասնագիտացված խմբերի հետ մշտապես ներկա էին հատուկ պահպանվող տարածքներում, այսօր այդ մասին խոսք անգամ չի հնչում։ Նույնիսկ պահպանություն իրականացնող աշխատողների կազմը մի քանի անգամ պակաս է անհրաժեշտ թվից։

Հասկանալի պատճառներով միայն ենթադրաբար ու երեւակայության գերլարումով կարելի է դատողություններ անել, թե ինչ է կատարվում այսօր հատուկ պահպանվող տարածքներում։ Արգելոցը նաեւ գիտահետազոտական հիմնարկ է համարվում, ուր ամենամյա մոնիտորինգներ պիտի իրականացվեն։ Սակայն դրանք վաղուց արդեն հիշողություն են դարձել։ Պետությունը շռայլություն է համարում միջոցների հատկացումն այս կարգի հետազոտությունների համար։ Լոկ հայեցողական դիտարկումներով ասվում է, որ, օրինակ, Խոսրովի արգելոցում առկա է մեր բուսաշխարհի գենոֆոնդի մոտ 60-65 տոկոսը։ Թե իրականում ինչ վիճակում են այդ բոլոր մեծարժեք տեսակները, ոչ ոք չի կարող ասել։ «Եթե հնարավոր լիներ, մեր նվիրյալ բնասերներից շատերը, այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից, նման կարգի ուսումնասիրություններ կիրականացնեին։ Սակայն մոնիտորինգը չափազանց թանկ, միջոցներ ու ժամանակ, գիտական արշավախմբերի մասնակցություն պահանջող աշխատանք է, որը վեր է նրանց ուժերից», ասում է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4