«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2003-10-01 | #178, 2003-10-02 | #179, 2003-10-03


ԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ԻՆՔԸ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՈՐԵՎԷ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՉԻ ՊԱՏԿԱՆՈՒՄ

Փարիզում ցուցահանդես կազմակերպելուց առաջ պատկերասրահներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերին այդ քաղաք էր այցելել ներկայումս Բարսելոնում բնակվող երիտասարդ հայ նկարիչ Արա Միքայելյանն իր ճարտարապետ եղբոր հետ։

Հայաստանում ծնված Արա Միքայելյանի գործերը ժամանակին Փարիզում ցուցադրվել են հայաստանցի երիտասարդ նկարիչների ցուցահանդեսում, բայց նա առաջին անգամ այդ քաղաքը տեսավ անցյալ ամիս։ «Աշխարհ» թերթին տված հարցազրույցում նա պատմեց, որ Երեւանում ինքը ստացել է գեղագիտական կրթություն եւ ճարտարապետի դիպլոմ։ 80-ական թթ.-ից լրջորեն զբաղվում է նկարչությամբ։ Երեւանում նրա գործերն առաջին անգամ ցուցադրվել են, երբ ինքը 6 տարեկան էր։ Արայի եղբայրը ժամանակին մասնակցել է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի նախագծմանը։

1994 թվականից մոր եւ եղբոր հետ Բարսելոնում հաստատված Արա Միքայելյանն ու իր եղբայրը ստիպված էին դարձյալ 5 տարի սովորել, քանի որ հայաստանյան դիպլոմներն Իսպանիայում չէին գնահատվում։

Իսպանիայում որպես բնակության վայր հենց Բարսելոն քաղաքի ընտրությունն Արան բացատրում է Գաուդիի ճարտարապետության եւ Դալիի նկարչության հանդեպ տածած սիրով, ինչպես նաեւ ծովային կլիմայի հմայքով։ Նկարչությունից բացի, նա զբաղվել է քանդակագործությամբ։ Իր գործերը ցուցադրել եւ ցուցադրում է Բարսելոնի եւ Վալենսիայի մի շարք պատկերասրահներում, կոլեկտիվ եւ անհատական ցուցահանդեսներում, ինչպես նաեւ Մադրիդում, Բիլբաոյում, Խերոնում, Լիսաբոնում, Նյու Յորքում։ Գործեր ունի Հայաստանի, Գերմանիայի, Հունաստանի, Ավստրալիայի թանգարաններում եւ մասնավոր հավաքածուներում։

Իր նկարչությունը համարում է ֆանտաստիկ, սյուրռեալիստական, հույզի, հոգու, նույնիսկ ենթագիտակցականի վրա հիմնված։ Վերջին 20 տարիներին, իր իսկ խոսքերով, ունեցել է ստեղծագործության սեւ, կանաչ, ապա «քանդակագործական» փուլեր։ Ներկայումս զբաղվում է թեմատիկ գործերով։

Արա Միքայելյանի կարծիքով, իր արվեստի վրա ազդել են Գաուդին, Ռեմբրանտը, Վելասկեսը, Ռիբերան, Պետեր Բրեյգելը, Բոսխը, Դալին, հայերիցՙ Գառզուն, Ժանսեմը, Արշիլ Գորկին։ Նա գտնում է, որ ինքը նկարչական որեւէ ուղղության կամ շարժման հետեւորդ չէ։

Վերջին 9 տարիներին երկու անգամ եղել է Հայաստանում։ Կուզենար ավելի հաճախ այցելել հայրենիք։ Բայց մտադիր է առաջիկա տարիներին մնալ Բարսելոնում։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4