«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2003-10-02 | #179, 2003-10-03 | #180, 2003-10-04


ՈՎ Է ՈՒՄ ԽԱՅԾԸ ԿՈՒԼ ՏԱԼԻՍ

Քաղաքական ուժերը ձգտում են նոր վերադասավորությունների՞

Այս գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին եռօրյաները ցույց տվեցին, որ քաղաքական դաշտը Հայաստանում հստակեցման փոխարեն հերթական անորոշության լաբիրինթոսն է ընկնում։ Անորոշություն, որն ուղեկցվում է քաղաքական հեղհեղուկ կայունությամբ եւ որը որեւէ պահի կարող է փուլ գալ հենց խորհրդարանի գլխին։ Նման իրավիճակի ստեղծման «գործում» իրենց ներդրումն ունեն երկու ճամբարներիՙ իշխանության եւ ընդդիմության թեւերը։ Սակայն ի տարբերություն նախորդ նման դեպքերի, այս իրավիճակը ունի յուրահատկություններ, որոնք չէին դրսեւորվել երբեւէ։

Բանն այն է, որ ներկայումս զուգահեռաբար նույն գործընթացներն են երկու ճամբարներում էլ։ Ե՛վ իշխանական կոալիցիայի, ե՛ւ ընդդիմության շրջանակներում ներքին պառակտումներ են սկսվել, որոնք քաղաքական ուժերին առայժմ հաջողվում է թաքցնել։

Կոալիցիայում նման դրսեւորումներն ակնհայտ էին դեռ այն ժամանակ, երբ կողմերին չէր հաջողվում բաժանումներ կատարել պետական կառավարման վերին օղակներում, իսկ դրա ավարտից հետո (ի դեպՙ հանրապետության նախագահի ակտիվ միջամտության արդյունքում) դաշնակցական օղակը չէր թաքցնում իր անբավարարվածությունը։ Դա իր շարունակությունն ունեցավ նաեւ հետագայում, երբ ՀՅԴ-ականները շրջանառության մեջ դրեցին ավելի ցածր պաշտոնները եւս վերաբաժանելու խնդիրը, որը բացասաբար ընկալեցին կոալիցիայի մյուս շրջանակները։ Թեեւ ՀՅԴ-ն չշարունակեց պնդել իր առաջարկը, սակայն առնվազն ակնհայտ դարձավ, որ կոալիցիայի ներսում իրոք դերաբաշխումների շուրջ տարակարծություններ կան։ Այժմ որեւէ մեկը չի կարող վստահորեն պնդել, թե մի գեղեցիկ օր ՀՅԴ-ն բավականին կոշտ չի դնի կոալիցիայում իր դերակատարության բարձրացման խնդիրը եւ դրա հենքի վրա կամ-կամի հարց չի դնի։ Առավել եւս, երբ դաշնակցականները շատ լավ տեսնում են, թե ինչպես են հանրապետականները տուրք տալիս ՕԵ-ականների հենց այն գաղափարներին, որոնք ընդամենը շաբաթներ առաջ անիրագործելի ու պոպուլիզմի դաշտից էին համարում։

Խոսքը վերաբերում է ավանդների վերադարձման հարցին, որի նկատմամբ ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ ՀՀԿ-ն սկզբնական շրջանում կարծես թե սթափ գնահատականներ էին տալիս։ ՀՀԿ-ի նման շրջադարձը ՀՅԴ-ից դեպի ՕԵ կարող է պայմանավորված լինել միայն նրանով, որ ՀՅԴ-ի հետեւողական պահանջների անընդհատ առաջադրումը այլեւս վստահություն չի առաջացնում, եւ ամեն պահ երկու կուսակցությունների համագործակցության կապը կարող է կտրվել։

Բոլոր դեպքերում եթե հանրապետականներն իրոք որոշել են առավելաբար «շրջվել» դեպի «Օրինաց երկիրը», ապա ՀՅԴ-ն մտածելու բան իսկապես կունենա ։ Կոալիցիայի մյուս ուժերը կարող են մահապատիժը վերացնելու նախաձեռնությունը ներկայացնել որպես ՀՅԴ-իՙ ի սկզբանե արտահայտած հստակ եւ վերջնական դիրքորոշումն ընդունելու ժեստ, այսպես կոչվածՙ փոխատուցում։ Սակայն մահապատժի վերացման հարցի քաղաքական որոշման կայացումը առավելաբար բխում էր գլոբալ շահերից, որոնք կապված են իշխանությանՙ ԵԽ-ի բարյացակամության ակնկալիքի հետ։ Եվ հազիվ թե ՀՅԴ-ն կուլ տա ՀՀԿ-ի եւ ՕԵ-ի նետած խայծը, քանի որ ակտիվորեն ներգրավված է Հայաստան-ԵԽ հարաբերությունների բարելավման գործընթացներում եւ հրաշալի տեղեկացված է բոլոր կողմերի դիրքորոշումներին ու մոտեցումներին։

Փոքր-ինչ այլ սցենարով էին զարգանում իրադարձությունները ընդդիմության ճամբարում։ Դեռ ԱԺ ընտրությունների ընթացքում էր ուրվագծվում, որ «Ազգային միաբանություն» կուսակցությունը ընդդիմությունում մնալու դեպքում խորհրդարանը կունենա ընդդիմադիր երկու հոսանք։ Փոխադարձ անվստահությունն ու նույնիսկ անհանդուրժողական հայտարարությունները լիովին այրեցին կամուրջները Գեղամյանի ղեկավարած կուսակցության եւ «Արդարություն» դաշինքի միջեւ։ Այսօր լիուլի քաղում ենք այդ հակասությունների պտուղները։

«Արդարությունն» այլեւս փաստացի դաշինք համարել չի կարելի։ Նրանում ընդգրկված ուժերը գրեթե լիակատար ուծացվել են ՀԺԿ-ին։ Այսօր որեւէ մեկը այդ դաշինք կոչվածում չի կարող նկատել ոչ, ասենք, ԱԺՄ-ի, ոչ ՀԴԿ-ի, ոչ էլ անգամ «Հանրապետություն» կուսակցության դիմագիծը։ Քաղաքական ուժերի խոշորացման տեսանկյունից դա, անշուշտ, դրական զարգացում կարելի է համարել։ Սակայն դաշինք հասկացությունը եւ անվանումը այս պարագայում լիովին իմաստազրկվում են։

Եթե այս դաշինքի դեպքում ականատեսն ենք փաստորեն մի քանիսից մեկ կուսակցության ձեւավորմանը, ապա մյուս հատվածում գործ ունենք ըստ էության անտրամաբանական զարգացումների, մոտեցումների հետ։ Մի կողմից «Ազգային միաբանություն» խմբակցությունը խորհրդարանում կողմ է արտահայտվում մահապատժի վերացման իշխանության նախաձեռնությանը, մյուս կողմիցՙ նույն կուսակցության ցուցակով խորհրդարան անցած Հմայակ Հովհաննիսյանը ինչ-ինչ մեղադրանքներ է ներկայացնում նույն իշխանության «ՕԵ»-ական հատվածինՙ հոկտեմբերի 27-ի ոճրագործության անմիջական մասնակցության վերաբերյալ։ Այստեղ խոսք անգամ չի գնում այն մասին, որ Հովհաննիսյանի թեթեւ ձեռքով ու չապացուցված հայտարարություններով ընդհանրապես էժանացվում է 27-ի գործի նշանակությունը։ Անհասկանալին այն է, թե այս կուսակցության համար ո՞րն է կարեւորը. հոկտեմբերի 27-ի գործում ենթադրությունների հիման վրա մեղավորների փնտրտուքն ու միջկուսակցական ինտրիգներով խորհրդարանում զբաղվե՞լը, թե ոճրագործության հեղինակներին մահապատժի ենթարկելու հարցի վերացման շուրջ իշխանությունների հետ փաստացի համագործակցությունը։

Ինչեւէ. ավանդների վերադարձման հարցը օրակարգ վերադարձնելու խնդրում իշխանությունների մոտեցումներին «Արդարություն» դաշինքի դիրքորոշումների համահունչ լինելըՙ կապված մահապատժի բացառությունների համակարգը ցմահ ազատազրկման գաղափարին համապատասխանեցնելու քայլի հետ, ԱՄ-ի նման հակասական վարքագիծըՙ մի կողմից համագործակցել իշխանությունների հետ, մյուս կողմից վարկաբեկել նրա առանձին կողմերին, պարզորոշ ցույց են տալիս, որ ընդդիմությունն իր քաղաքական կուրսը եւ անելիքները խորհրդարանում հստակ չի պատկերացնում։ Ավելին. դա նշանակում է, որ սկզբունքային ընդդիմություն չենք ունենալու։ Եթե դրան էլ ավելացնենք իշխանության ճամբարում տիրող ներքին լարվածությունը, ապա կարելի է ընդհանրացնել, որ մոտակա ժամանակահատվածում քաղաքական դաշտը նոր վերաձեւումներից զերծ համարել չի կարելի։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4