«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2003-10-03 | #180, 2003-10-04 | #181, 2003-10-07


ՎԼ. ՊՈՒՏԻՆ. «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԻՆ»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կովկասում կայունության հաստատումը համարում է Ռուսաստանի եւ Հայաստանի կարեւորագույն խնդիրը։ «Կովկասը կայունության եւ տնտեսական համագործակցության տարածաշրջան դարձնելը», ըստ նրա, երկու երկրների «կարեւորագույն ընդհանուր խնդիր է»։ Այդ մասին նա հայտարարեց Համաշխարհային հայկական կազմակերպության (ՀՀԿ) հիմնադիր համագումարում։

Պուտինի խոսքերով, Ռուսաստանը «պատրաստ է այսուհետեւ եւս խաղաղարար դեր կատարել Անդրկովկասում հակամարտությունների կարգավորման մեջ»։

«Ռոսիա» հեռուստաընկերության «Վեստի» ծրագիրը նշում է, որ ռուսաստանցի խաղաղարարները մնալու են Անդրկովկասում։

ՌԴ նախագահի կարծիքով, «ահաբեկչությանը, ազգային եւ կրոնական ծայրահեղականությանը պետք է հակադրել ոչ միայն պետությունների համատեղ աշխատանքը», այլեւ հասարակական սկզբունքային դիրքորոշումը, ժողովրդական դիվանագիտության ուժերն ու հնարավորությունները։

Պուտինը հույս հայտնեց, որ ստեղծվող ՀՀԿ-ն «իր ավանդը կներդնի այդ աշխատանքում»։ Նրա խոսքերով, ռազմավարական գործընկերությունը համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի շահերին։ «Մեր արդի գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների արմատական ազգային շահերին, ծառայում անվտանգության ամրապնդմանը եւ մեր երկրների միջազգային հեղինակության աճին, մեր կայունությանը եւ տնտեսական առաջընթացին», ընդգծեց Պուտինը։

Նրա խոսքերով, մենք «միասին արդյունավետորեն պայքարում ենք նոր սպառնալիքների դեմ, աշխատում մեր երկրներում միջէթնիկական հաշտության ու համաձայնության ամրապնդման ուղղությամբ եւ գործակցում ենք ռազմավարական կարեւոր շրջան Կովկասում»։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4