«Ազգն» արդեն գրել է Մոսկվայումՙ Միությունների տան սյունազարդ դահլիճում հոկտեմբերի 6-ին բացված Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարի մասին։ Աշխարհի 52 երկրներից եկած պատգամավորների գրեթե բոլոր ելույթները ռուսերեն էին։
Ռուս լրագրողներից մեկի հարցին, թե ՀՀԿ հիմնադիր համագումարն ինչու է անցկացվում Մոսկվայում եւ ոչ թե Երեւանում, միջոցառման մասնակիցները պատասխանում էին, թե բոլոր հայերի մոտ 1/4-ը հայրենիք է համարում Ռուսաստանը։ «Ռոսիա» հեռուստատեսության թղթակիցն ընդգծում է, որ համագումարի կազմակերպիչները որոշել են աշխարհի 12 մլն հայերի միավորումն սկսել Մոսկվայում, քանի որ Ռուսաստանում է ապրում ամենամեծ հայկական համայնքը։
Սա հայերին միավորելու երկրորդ փորձն է։ Նյու Յորքում 1946 թ. ձեռնարկված առաջին փորձը միայն մասնակի հաջողությամբ պսակվեց։ Այդ համագումարը ճանաչեցին ոչ բոլոր հայերը։ Հիմա ուրիշ ժամանակներ են։
Համագումարի մասնակիցներին ռուսերեն եւ հայերեն ողջունելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Մոսկվայում հայերի համաժողովի անցկացումը խորհրդանշական է, քանի որ թե՛ խաղաղ եւ թե՛ պատերազմական ժամանակներում հայերն ու ռուսները եղել են միասին։
Ապա Պուտինը կեսլուրջ-կեսկատակ պատմեց ՌԴ արտգործնախարար Իգոր Իվանովի հետ իր ունեցած խոսակցության մասին։ Նրան համագումարում տեսնելովՙ նախագահը տարակուսանք էր արտահայտել, ակնարկելով Իվանովի վրացական արմատները։ Իվանովը պատասխանել էր. «Իսկ ես Ռուսաստանի կառավարությունում ներկայացնում եմ կովկասյան ազգության բոլոր անձանց»։
Պուտինը ներկաներին հիշեցրեց Պետրոս Առաջինի հրամանագրերից մեկը, որտեղ նշված է. «Հայերին հնարավորինս սիրաշահել եւ անհրաժեշտ դյուրություններ ստեղծել, որպեսզի հաճույքով եւ ավելի մեծ թափով գան»։
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ Ռուսաստանում ձեւավորված է հայկական ամենախոշոր եւ ինտեգրված համայնքներից մեկը։ «Այն պատկանում է Ռուսաստանին, ապրում է նրա հոգսերով եւ հայ-ռուսական համագործակցության ամուր կամուրջ է», ընդգծեց ՀՀ նախագահը։
Պ. Ք.