Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի սրահում շաբաթ երեկոյան հաճելի հանդիպում էր սպասվում երաժշտասերներին։ Համերգ-հանդիպումը, որ անցավ ջերմ ու անկեղծ մթնոլորտում, երգահան Կոնստանտին Պետրոսյանի հետ էր։ Կ. Պետրոսյանը ծնվել է Երեւանում, արվեստագետների ընտանիքում։ Հայրըՙ Հրանտ Պետրոսյանը, նշանավոր շեփորահար էր։ Ռոմանոս Մելիքյանի երաժշտական դպրոցն ավարտելուց հետո Կ. Պետրոսյանը կրթությունը շարունակել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, սովորել Գրիգոր Եղիազարյանի դասարանում։ Տարբեր նվագախմբերի հետ աշխատել է իբրեւ խմբավար, ստեղծագործել է տարբեր ժանրերովՙ սիմֆոնիկ, կամերային, վոկալ։
Դասավանդել է Ռ. Մելիքյանի ուսումնարանում, եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտական կենտրոնի ղեկավարը։ 1995 թ. տեղափոխվել է ԱՄՆ, այժմ աշխատում է Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում եւ արդեն քանի տարի իր նպաստն է բերում տեղի հայ համայնքի մշակութային կյանքինՙ իր երաժշտական գիտելիքները, կազմակերպչական ունակություններն ի սպաս դնելով հայ երաժշտության պրոպագանդմանը հեռավոր արեւմտյան ափերում։
Ռոդ Այլենդի Սբ. Սահակ եւ Մեսրոպ եկեղեցուն կից հիմնել է մշակութային-երաժշտական կենտրոն, որի տնօրենն է այժմ։ Անցկացրել է բազմաթիվ միջոցառումներ, ինչպես «Անուշ» օպերայի բեմական կատարումը տեղի սիմֆոնիկ նվագախմբի հետՙ հանրահայտ «Մետրոպոլիտեն» օպերայի աստղեր Լիլի Չուքասզյանի եւ Լուսին Ամարայի մասնակցությամբ։ Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցուն կից մշակութային միության շնորհիվ կոմպոզիտորը ստեղծել է արվեստի դպրոց (ղեկավարՙ Ժաննա Գեղամյան), որտեղ շուրջ 80 ինչպես հայ, այնպես էլ այլազգի (ամերիկացի, լատինամերիկացի, հրեա, իսպանացի, ռուս) երեխաներ սովորում են երաժշտության, կերպարվեստի, պարի, ազգային արվեստների (ասեղնագործություն) բաժիններում։ Այս դասընթացների շնորհիվ այլազգի երեխաները շփվում են հայկական մշակույթի հետ։
Կոնստանտին Պետրոսյանը ստեղծագործական մի շարք հաջողություններ է ունեցել ԱՄՆ-ում։ Առիթ է ունեցել երկու անգամ ներկայացնելու իր ստեղծագործությունները Նյու Յորքի հանրահայտ Կարնեգի Հոլլի սրահում, որտեղ առաջին անգամ հնչել է «Տիրամայր» ստեղծագործությունը։ Մշակութային եւ հասարակական գործունեության համար 1996-ին համարվել է Ռոյ Այլենդ նահանգի տարվա մարդը։ 1997-ին Հայոց եկեղեցու Միացյալ Նահանգների Արեւմտյան թեմի կողմից հոգեւոր երաժշտության ոլորտում կատարած ավանդների համար ստացել է Կոմիտասի անվան մրցանակ։ Նա միաժամանակ ԱՄՆ-ի կոմպոզիտորների միության (ASCAP) եւ ամերիկյան երաժշտական կենտրոնի անդամ է։
Իր գործունեությամբ Կոնստանտին Պետրոսյանը նպաստում է հայ երաժշտության տարածմանըՙ յուրօրինակ ձեւով կամրջելով հայաստանյան եւ սփյուռքյան երաժշտական կյանքը։ Այժմ անդամագրվելով «Հայ երաժշտական անսամբլեային»ՙ փորձում է իր նպաստը բերել նաեւ այս միությանը, աշխատում է նոր ձայնասկավառակի վրա, ստեղծագործական նոր ծրագրեր է նախապատրաստում։
Շաբաթ օրվա երեւանյան համերգին ներկա էին երաժշտասերներ, հյուրեր, հոգեւորականներ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքիցՙ ԱՄՆ-ից, Կանադայից եւ Արցախից։ Կոմպոզիտորին շնորհավորեցին Մայր աթոռ Սբ. Էջմիածնից Ներսես արք. Պոզապալյանը, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, սփյուռքից ժամանած հյուրեր։
Համերգային ծրագիրը բաղկացած էր երկու մասից։ Ստեղծագործությունների մի մասը կատարվում էր առաջին անգամ։ Համերգի առաջին մասում հնչեցին կոմպոզիտորի Չորս մանրանվագներ լարային քառյակի համար, Երեք պիես դաշնամուրի համար եւ Ռ. Դավոյանի խոսքերով գրված վոկալ շարքըՙ սոպրանոյի եւ դաշնամուրի համար։ Շատ ավելի հետաքրքրական էր համերգի երկրորդ մասը։ Երեւանի պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախմբի կատարմամբ հնչեց երգչախմբային մշակումների շարքը։ Երեւանում առաջին անգամ կատարվեց սոպրանոյի, երգչախմբի եւ դաշնամուրի համար 1992-ին գրված «Տիրամայր» ստեղծագործությունը (մենակատարՙ Աննա Շիրոյան)։ Ապա Էմմանուել քահանա Վարդանյանի կատարմամբ հնչեց Էջմիածնի Մայր տաճարի 1700-ամյակին նվիրված «Էջմիածին» գործը։ Համերգը եզրափակվեց հայրենասիրությամբ տոգորված գործերովՙ «Ազգի սիրտ Արարատ» (կատ.ՙ Կարո Նշանյան), «Վարդանանց ասպետներ», «Հայաստան» (կատ.ՙ Պապին Պողոսյան եւ երգչախումբ)։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ