Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը։ Նախորդ նիստն ընդմիջվել էր ամբաստանյալ Նաիրի Հունանյանի վատառողջության պատճառով։
Այդ կապակցությամբ Հունանյանը հայտարարեց, որ նախորդ նիստից հետո ջերմություն է ունեցել։ Տվյալ պահին էլ, իր իսկ խոսքերով, իրեն թույլ է զգում։ Ամբաստանյալը նշեց, որ գրավոր դիմել է մեկուսարանի պետին եւ բժշկինՙ իրեն հիմնավոր հետազոտելու համար։
Դատավոր Սամվել Ուզունյանն ի պատասխան նշեց, որ Հունանյանի առողջության վերաբերյալ դատարանն ստացել է տեղեկանք։ Ըստ այդմ, մեկուսարանի բժշկի համաձայն, Նաիրի Հունանյանը ստամոքսի խանգարում է ունեցել։
Երեկվա նիստի ժամանակ դատավարության մասնակիցներն անդրադարձան նաեւ Հունանյանի այն հայտարարությանը, որը վերաբերում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանի այցելությանը մեկուսարան։ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը միջնորդեց դատարանին մեկուսարանից պահանջել Նաիրի Հունանյանին այցելողների ցուցակը։ Տուժողների ներկայացուցիչները միացան միջնորդությանը պատճառաբանությամբ, թե այդ այցելությունները կարող են խոչընդոտել ամբաստանյալի ճշմարիտ ցուցմունքներ տալուն։
Մեղադրող Գագիկ Ավետիսյանն առարկեց, ասելով, թե Աղվան Հովսեփյանն ի պաշտոնե կարող է ցանկացած ժամանակ այցելել մեկուսարան։ Ինչ վերաբերում է հնարավոր ճնշումներին, ապա, ըստ պրն Ավետիսյանի, դատավարության երեք տարիների ընթացքում Հունանյանը միշտ էլ հնարավորություն է ունեցել ներկայացնելու իրենց վիճակը։ Ուստի, ըստ մեղադրողի, ճնշման մասին խոսելն անիմաստ է։
Ինչեւէ, չնայած առարկությանը, դատավոր Ուզունյանը բավարարեց միջնորդությունը, որից հետո դատարանն անցավ ահաբեկչության օրն ԱԺ դահլիճում կատարված գաղտնալսումների արձանագրությունների հրապարակմանը։
Ա. Հ.