«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2003-10-08 | #183, 2003-10-09 | #184, 2003-10-10


«ԲԱԶՄՈՑԻ ՎՐԱ». ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻԻ ՄԵՆԱԹԱՏՐՈՆԸ

Մեկ դերասանի համար Նորա Արմանիի գրած «Բազմոցի վրա» պիեսի դերակատարը հենց ինքն է։ Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ թատերախաղի բեմադրությունն իրականացրել է Ֆրանսուա Կերգուլեն։

Հենց սկզբում բջջային հեռախոսի զանգ է լսվում։ Նորա Արմանին պատասխանում է, ապա խոսքն ընդհատում։ Նա նկատում է, որ դահլիճում հանդիսականներ կան։ Ներկայացումն սկսվում է, բայց հանդիսականը սկսում է մտածելՙ այս կարճ նախաբանն արդյոք ներկայացման մի մա՞սն է։

Դերասանուհին խաղում է իր կյանքը։ Եգիպտոսից ԱՄՆ եւ Ֆրանսիա, պատմում է իր համար կարեւոր անձանցՙ տատի, իմպրեսարիոյի, մտերիմ տղամարդկանց մասին։ Պատմելու ընթացքում նրանք հայտնվում են լույսի տակ, ապա միանում հուշերի շարանին։ Հանդիսականը հայտնվում է ուրիշ վայրերում եւ ժամանակներում. ջարդեր անատոլիական անապատներում, տուն, այգի...

Պատումի հմայքը կապված է Նորա Արմանիի ստեղծած կենսականության եւ աշխուժության հետ։ Իր անձին եւ շրջապատի մարդկանց նա նայում է թեթեւորեն, հումորով։ Հանդիսականի գլխում հարցեր են ծագում, բայց միաժամանակ նա դառնում է իրադարձությունների մասնակիցը։

Ներկայացման հաջողության մյուս պատճառը հանդիսականի անորոշ վիճակն է. նա կասկածում էՙ արդյոք սա թատերախա՞ղ է, թե՞ իրականություն։ «Բազմոցի վրա» պիեսը տարբեր տեղերում ներկայացվելիս հարմարեցվում է կոնկրետ պայմաններին եւ մերձավորություն ստեղծում դերասանուհու եւ հանդիսականների միջեւ։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4