ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր 4-րդ արտահերթ համագումարն Էր հրավիրել Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, օրակարգում ունենալով մեկ հարցՙ կուսակցության ծրագրի եւ կանոնադրության համապատասխանեցումը «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին։
Մինչ օրակարգային բուն հարցին անդրադառնալը, ելույթ ունեցավ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, նշելով, որ այս համագումարից հետո կուսակցությունն ավելի գործնական կդառնա։ Ըստ նրա, հանրապետությունում գրանցված 100-ից ավելի կուսակցություններից շատերն արհեստականորեն ստեղծված ուժեր են, եւ «Կուսակցությունների մասին» օրենքը կարող Է օգնել դաշտի կայունացմանը։
Ինչ վերաբերում Է ՀԺԿ-ին, ապա այն, ըստ Ստ. Դեմիրճյանի, արհեստական կուսակցություն չԷ, ստեղծվել Է հասարակական պահանջով եւ մեծ փորձառություն Է ձեռք բերել։ Ըստ նրա, ներկայումս առաջնահերթ խնդիր Է կուսակցության ամրապնդումը, «մենք միշտ գնալու ենք համախմբման ճանապարհով եւ դրա վկայությունն Է «Արդարություն» դաշինքի ստեղծումը, մենք նաեւ պետք Է ամրապնդենք դաշինքը»։ Ուստի դրա համար, նրա խոսքերով, առաջին հերթին անհրաժեշտ Է դաշինքի առանցքային ուժիՙ ՀԺԿ-ի ամրապնդումը։
ՀԺԿ ղեկավարն անդրադարձավ նաեւ դաշինքում առկա հակասությունների մասին շրջանառվող լուրերին, հավաստիացնելով, որ նման խնդիր չկա, դաշինքում գործնական մթնոլորտ Է, «կարող են լինել տարբեր մոտեցումներ, կարծիքներ, բայց քննարկումների արդյունքում գալիս ենք ընդհանուր հայտարարի»։
Համագումարից հետո հրավիրվեց վարչության նիստՙ կուսակցության հերթական համագումարի ժամկետը որոշելու համար, որը, ինչպես նշեց կուսակցության ղեկավարը, ըստ ամենայնի, տեղի կունենա գարնանը։