«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2003-10-09 | #184, 2003-10-10 | #185, 2003-10-11


«ԵՍ ԿՀԱՎԱՏԱՄ ՄԵՐ ՀԱՅՈՒԹՅԱՆՙ ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ ԵՎ ՄԵԿ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ»

Հարություն Արմենյանն արդեն 8-րդ տարին նախագահում է Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Ծննդավայրիՙ Բեյրութի Համազգայինի Նշան Փալանճյան ճեմարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Բեյրութի ամերիկյան համալսարանում, ապաՙ Բալթիմորի Ջոնս Հոփքինսի համալսարանում, այստեղ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն քաղցկեղի համաճարակաբանություն մասնագիտությամբ։

Հարություն Արմենյանի տարիների գիտակրթական բեղուն գործունեությունը գնահատվել է ըստ արժանվույն (գիտական ուսումնասիրությունների 15 գիրք, 74 հոդվածներ եւ այլն), ստացել է մի շարք ակադեմիական պարգեւներ, իսկ վերջերս արժանացել բրիտանական արքայական բժշկական քոլեջի գործակցի կոչմանը։

Տարիների իր հայանպաստ գործունեությունը սփյուռքում Հ. Արմենյանը 1994 թ.-ից շարունակել է Հայաստանումՙ նախ ստանձնելով ՀԱՀ-ի առողջապահական գիտությունների բաժնի դեկանի, իսկ 1997-ից համալսարանի նախագահի պաշտոնները։ Այս ընթացքում համալսարանը մեծ առաջընթաց է արձանագրելՙ նոր նախագծեր եւ ուսումնական ծրագրեր ներմուծելով։ Նրա նախաձեռնությամբ ՀԱՀ-ը սկսել է մասնակցել միջազգային հավատարմագրման գործընթացին։

Այս բազմազբաղվածությամբ հանդերձ, Հ. Արմենյանը ժամանակ է գտնում ստեղծագործելու համար։ Արվեստի իր ներքին սերն արտահայտում է գրականության եւ նկարչության միջոցովՙ «ոչ որպես բանաստեղծ կամ նկարիչ, այլ մարդ, որ գրականությունը եւ նկարչությունը կսիրե»։ Այդ սերը ծնվել է դեռեւս ճեմարանական տարիներից (աշակերտել է Լեւոն Շանթին, Սիմոն Վրացյանին, Գրիգոր Շահինյանին), երբ գրելը, ստեղծագործելը գրեթե պարտադիր պայման էր։ Իսկ 1960-ականներից Գրիգոր Շահինյանի գլխավորությամբ հրատարակվող «Ահեկան» գրական հանդեսին թղթակցելուց ի վեր շարունակել է տպագրվել սփյուռքահայ պարբերական մամուլում. վերջին 10 տարիներինՙ Մոնրեալի «Հորիզոն» շաբաթաթերթում (հանդես է եկել նաեւ Հայաստանի մասին օրագրային տպավորությունների շարքով)։ Իսկ այս տարի Երեւանում տպագրվեց նրա «Երանգ ու խօսք» ինքնատիպ գիրք-ալբոմը։

- Պրն Արմենյան, երկար տարիներ գլխավորում եք Հայաստանի կարեւոր ուսումնական հաստատություններից մեկիՙ ամերիկյան համալսարանի աշխատանքները։ Կարո՞ղ եք ասելՙ ինչպիսի՞ խոչընդոտներ են հնարավոր Հայաստանում սփյուռքահայի համար։

- Նախ պիտի ըսեմ, որ ես սովորական սփյուռքահայեն քիչ մը տարբեր եմ իմ պատրաստվածությամբ եւ նախասիրություններով։ Ըլլա Բեյրութի Նշան Փալանճյան ճեմարանին մեջ, ըլլա հետաքրքրություններուս բնույթով ես Հայաստանի համար պատրաստված մարդ եղած եմ միտքով թե հոգիով։ Հետեւաբար, Ձեր հիշած դժվարություններեն զերծ մնացած եմ թե՛ լեզվական, թե՛ մշակութային, թե՛ մտածողության եւ թե այլ տեսակետներով։ 1960-ականներուն երիտասարդ ճեմարանականներս Բեյրութի մեջ առաջին անգամ հանդիպեցանք Հրաչյա Քոչարին, որ ըսավ,ՙ թե կհուսա օր մը սփյուռք բառը մեր բառարաններեն դուրս կուգա։ Ես կհավատամ մեկ հայության, մեկ ժողովուրդիՙ տարբեր շերտավորումներով, տարբեր ուղղություններով, սակայն ընդհանրության մեջ մեկ մշակույթով, մեկ պատմությամբ եւ մեկ ժառանգությամբ։

Հետեւաբար ինձի համար շատ բնական վիճակ մըն է ըլլալ հայության մեջ, սփյուռք թե հոս։ Անախորժ երեւույթներ ամեն տեղ կան։ Բնական է նաեւ, որ մենք Հայաստանը քիչ մը իդեալականացած ուզենք տեսնել այն իմաստով, որ տարիներու մեր երազային իդեալին համապատասխան ըլլա, սակայն երբեմն կպատահի, որոշ առումներով, որ իդեալը իրականության չի համապատասխաներ։ Սակայն գործնական մոտեցումով կտեսնենք, որ հոս ալ կան խնդիրներ, որոնք կան նաեւ այլ երկիրներու մեջ։ Հայությունը ընդհանրապես զերծ չէ բոլոր այն հարցերեն, որոնք ամբողջ մարդկության մտահոգության աղբյուր կհանդիսանան։ Երբ հարցերը իրենց տեւական ընթացքին մեջ կդիտենք եւ, միաժամանակ, երբ առավոտյան Արարատին կնայինք ու մեր պատմական տեսլականը կմտաբերենք, անոր հետ կհամեմատենք, կրնա ըլլալ, որ մանր ու միջին հարցերը թունավորեն մեր զգացումները։ Հայ անհատը ընդհանրապես շատ իրապաշտ է, սակայն շատ իրապաշտությունը երբեմն կրնա հոռետեսության տանիլ մեզ։ Մինչդեռ մենք պետք է կարենանք իրապաշտ-իրատես ըլլալ եւ քիչ մըն ալ լավատեսություն խառնել ատոր մեջ։ Ես ընդհանրապես լավատես եմ, հակառակ կյանքիս մեջ կրած բոլոր դժվարություններուս։

- Հայաստանում չե՞ք բախվել արդյոք տհաճ երեւույթների, բարքերի։

- Տհաճություններ հաճախ կըլլան։ Անոնք կսկսին օդակայանեն ու կվերջանան օդակայանով։ Կարգ ու սարքը, մարդոց վերաբերումը։ Ոմանք կարծես շնորհ մը կընեն հետդ խոսելով, հարցիդ պատասխանելով։ Դեռ շատ բան կա ընելիք շուկայական մշակույթ զարգացնելու համար։ Օրինակ, ամենեն տհաճ երեւույթներեն մեկը ծխախոտի գործածությունն է, որ կուգա անցյալ 70 տարիներու մշակույթեն։ Ասիկա առողջապահական կարեւորագույն հարց է։ Ամենացավալինՙ երբ կտեսնեմ երիտասարդ տղաք, 17-18 տարեկան, սիգարետը ձեռքերնին։ Անձնասպանության ձեւ մըն է ատիկա ինձի համար։ Պետք է պայքարիլ այդ սովորության դեմ, մինչդեռ գովազդները ամեն տեղ են։ Արեւմուտքի մեջ այդպիսի գովազդները արգիլված են։

- Իսկ աշխատանքային խոչընդոտներ չե՞ն եղել։

¬ Ես բախտավոր կնկատեմ ինքզինքս, որ այս համալսարանին մեջ հաջողած ենք մթնոլորտ ստեղծել։ Աշխատակազմին մեծամասնությունը, իսկ վարչական անձնակազմը ամբողջությամբ հայաստանցիներ են։ Եվ մենք շատ հպարտ ենք իրենց գործունեությամբ։ Ասիկա նաեւ ապացույց է, որ Հայաստանի մեջ կարելի է որակավոր աշխատելաձեւ ստեղծել։ Եվ ասիկա վճարումի հարց չէ։ Մեր վճարումները 25-30 տոկոս նվազ են, քան Երեւանի նմանօրինակ այլ հաստատություններուն մեջ։ Այս հաստատության մեջ 10-12 տարվան աշխատանքային մշակույթ ձեւավորված է։ Հոս օրենք կա, եւ ամեն մարդ ստիպված է հարգել զայն։ Յուրաքանչյուրը գիտե, որ հոս որոշումները տրամաբանությամբ կտրվին, եւ ոչ թե կամայական ձեւով։ Պաշտոնյան ա՛յդ վստահությամբ պետք է աշխատի։ Ես կըսեմ մեր աշխատակիցներունՙ ամեն առավոտ, երբ ներս կմտնեք եւ դուք ձեզի չեք ըսեր, թե ի՜նչ երջանիկ եմ հոս աշխատելուս, ուրեմն դուք ձեր տեղը չեք գտնվիր։ Գործին պետք է սիրով մոտենալ։

- Որպես Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, ի՞նչ կասեք մեր կրթական համակարգում ՀԱՀ-ի դերի, բերած փոփոխությունների, նորությունների մասին։

¬ Այս համալսարանն անշուշտ շատ նորություններ բերած է։ Ներմուծած է ամերիկյան կրթական մոտեցումը, որ էՙ ուսումը երկինքեն վար իջած բան մը չէ։ Մանավանդ բարձրագույն, հետբուհական մակարդակում պատասխանատվությունը ուսանողին վրա է։ Ուրիշ խոսքովՙ ուսանողին կտրվին միջոցները եւ ան ազատ է այլեւս, իր անձնական աշխատանքով պիտի յուրացնե նյութը, դասախոսը վերահսկողություն չունի։ Ուսանողը որքան գործուն մասնակցություն բերե իր ուսման գործընթացին, այնքան լավ իրեն համար։ Գիտելիք ըսվածը անընդհատ կփոխվի, ինչ որ այսօրվա տվյալ է, վաղը կդառնա ոչ այժմեական, եւ այդ հոլովույթին մեջ ուսանողը պիտի կարողանա աղբյուրները օգտագործել։ Ընդհանրացնելովՙ մարդիկ ոչ միայն բիզնեսի, այլեւ բոլոր ասպարեզներուն մեջ պետք է կարենան գաղափարը վերածել ծրագրի, ծրագիրըՙ գործի, ըլլա գիտության, արվեստի թե գրականության մեջ։

Դասավանդության ընթացքին շատ ավելի երկխոսության ուշադրություն կընեմ, կնայիմ ուսանողներուս աչքերուն, թե ո՞ր չափով կմասնակցին ըսածներուս։ Եվ եթե տեսնեմ, որ այդ հաղորդակցումը չկա, հետս չեն վիճիր, չեն առարկեր ու չեն պարզաբանվիր, ուրեմն ձախողած եմ։ Երկխոսությունը շատ կարեւոր է, ոչ միայն ուսուցիչ-ուսանող, այլեւ ուսանող-ուսանող։ Նոր գաղափարները այդ ձեւով կծնին։ Համալսարանը ոչ միայն գիտելիք տալու տեղ է, այլեւ գիտություն ստեղծելու։ Եվ գիտություն չստեղծվիր, եթե հետազոտություն չըլլա։ Մեր ուսանողները ամեն մեկ դասընթացի ունին իրենց հետազոտական աշխատանքները։ Ուսումնական յուրաքանչյուր ծրագրի համար հետազոտական զարգացման միջոցներ ստեղծված են։ Գիտելիքը դասախոսին մենաշնորհը չէ. այս մեթոդը ընդհանրապես եվրոպական ավանդություններեն կուգա։

- Համալսարանը ի՞նչ դժվարություններ ունի։

¬ Այժմ մեր գլխավոր խնդիրը կրթականը չէ, ֆինանսականն է։ Ամերիկայի մեջ վերջին երկու տարվան ֆինանսական տագնապը, որ սկսավ սեպտեմբերի 11-ի ահաբեկչութենեն ետք, բացասական ազդեցություն ունեցավ մեր վրա։ Ունինք հիմնադրամներ, որոնց եկամուտները մեծապես նվազած են եւ ատոր անդրադարձը շատ ծանր կազդե մեր կարողունակության վրա։ Հույս ունինք, որ վիճակը կբարելավվի։ Սակայն մեծ դաս մը սորվեցանքՙ համալսարանը պետք է ինքն իր եկամուտները ապահովե, մինչդեռ անիկա մինչեւ այդ պահը փաստորեն գործած է որպես բարեսիրական հաստատություն։

- Կրթավճարը բարձրացնելո՞ւ ճանապարհով։

¬ Ոչ, անշուշտ։ Կրթավճարները նույնն ենՙ 6000 դոլար։ Նախապես Հայաստանի ուսանողները կվճարեին 1000, իսկ հիմա 1500 դոլար, մնացածը նպաստներով կփակվի։

- Պրն Արմենյան, որպես բժիշկ-համաճարակաբան, ինչ կասեք ձեր գործունեության այդ ոլորտի մասին։

- Բժշկությունը Բեյրութի ամերիկյան համալսարանը ուսանեցա։ Երեք տարի ներքին բժշկություն (թերապեւտ) ուսանելե ետք մասնագիտացա համաճարակաբանության մեջ։ Որովհետեւ ավելի հետաքրքրականը անհատ հիվանդը չէ, այլ հասարակական ընդհանուր առողջապահության հարցերը, որոնց միջոցով կարելի է օգտակար ըլլալ ավելի մեծ թիվով մարդոց։ Հանրային առողջապահությունը կընդգրկե բոլոր այն հարցերը, որոնք անհատական բժշկութենեն անդին կերթան։ Այսինքնՙ բժշկության կազմակերպումը, ֆինանսավորումը, տարածված հիվանդություններու ուսումնասիրումը։ Հետազոտելով հիվանդություններու բաղդատական արդյունքներըՙ կրնանք հետեւություններ ընել պատճառներուն մասին։

Ինձի համար ամենեն կարեւոր հարցերեն մեկը Հայաստանի մեջ մասնավոր բժշկության չզարգանալն է։ Հիվանդանոցի մը սեփականաշնորհումը տակավին որեւէ բան չի նշանակեր։ Եթե այս երկրին մեջ բժշկությունը պիտի հառաջ երթա, պիտի մրցակցություն ստեղծվի։

Երկիրը անկախութենե ետքը, բոլորովին տարբեր ուղիով կընթանա։ Ատիկա հեշտ հարց չէր։ Ես կհուսադրվիմ մեր ժողովուրդին ձեռներեցության վրա, այսինքն երբ կգիտակցե, որ ինք իր ձեռքով պիտի երկիրը կառուցի։

Հարցազրույցը վարեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4