ԼՂՀ պետական երգչախումբը Բարսելոնում ոսկե մեդալ է նվաճել։ Ադրբեջանցիները վրդովված են արցախցի երգիչների «հանդգնությունից»
Ադրբեջանի մտավորականության նիրվանան կրկին «խախտել» են ղարաբաղցիները։ Այս անգամ «սեպարատիստը», ըստ ադրբեջանական «Էխո» թերթի, Արցախի պետական կապելլան է, որը համարձակվել է Բարսելոնում մասնակցել «Եվրոպան... եւ նրա երգերը» ամենամյա միջազգային մրցույթին ու ոսկե մեդալ նվաճել։
Իրականում արտառոց ոչինչ տեղի չի ունեցելՙ կոմիտասյան բարձրարվեստ երգը հերթական անգամ նվաճել է եվրոպական խստապահանջ բեմը։ Տվյալ պարագայում ի՞նչ նշանակություն ունի, թե ով է մոլորակի ամենահին քաղաքներից մեկում Կոմիտաս հնչեցրել եւ գրավել հանձնախմբի անդամների սրտերը։ Բայց Ադրբեջանում խնդիրը դիտարկում են այլ հարթության վրա, իբր Ղարաբաղի միջազգային չճանաչվածությանն անհարիր է ղարաբաղցի արվեստագետների ելույթը նման մակարդակներում։ Որ հարեւան երկրում արվեստն ու մշակույթն առհասարակ ազգայնական քաղաքականության կրողն ենՙ դրանում ոչ մեկ անգամ ենք համոզվել։ Ըստ «Էխո»-ի, կոմպոզիտոր Ջավանշիր Կուլիեւը նույնպես վրդովված է արցախցի երգիչների «հանդգնությունից»։ Նրա կարծիքով, ԼՂՀ պետական երգչախմբի մասնակցությունը նշված փառատոնին անօրեն է։ Կարծես թե բարսելոնյան փառատոնի կազմակերպիչները տեղյակ չէին Ստեփանակերտից ժամանած խմբի աշխարհա-քաղաքական պատկանելությունից։ Նրանք իրավամբ առաջնորդվել են «Արվեստը սահմաններ չի ճանաչում» սկզբունքով, որը ցանկացած արվեստագետի համար ելակետ պիտի հանդիսանա։ Ադրբեջանցի երգահանին երեւի ազգայնական սահմանափակվածությունն էր խանգարում ընդունելու հանրորեն ճանաչված այս մոտեցումը։
Երբ քաղաքագետն է փորձում շահարկել փաստերը, էլի կարելի է նրան հասկանալ, բայց ահա մշակութային գործչի անհարկի քաղաքականացվածությունը բոլոր կարգի ընկալումների համար անհամոզիչ է։ Ջ. Կուլիեւը գտնում է, որ ազգագրական երգերի փառատոնին ստեփանակերտյան երգչախումբը պետք է լավագույն դեպքում մասնակցեր... ղարաբաղյան երգերով։ Ահաՙ թե ինչի է հասցնում քաղաքականացված աբսուրդը։ Կոմպոզիտորը գիտի, իհարկե, որ ղարաբաղյան բանահյուսությունը հայ մշակույթի բաղկացուցիչ մասն է եւ որպես առանձին մշակութային ինքնություն, լեզվական ու պատմական առանձնահատկություններով, գոյություն չունի։ Ղարաբաղյան ֆոլկլոր ասելով նա թերեւս հասկանում է Խան Շուշինսկու մուղամները, որոնք, ի դեպ, ամեն մի ադրբեջանցի երգիչ էլ կարող է ներկայացնել միջազգային փառատոներում։
Ջ. Կուլիեւի աբսուրդը, սակայն, այսքանով չի ավարտվում։ Ամենազավեշտականը մեծն Կոմիտասին ադրբեջանական մոտիվների գող համարելն է։ Այստեղ զայրանալն անիմաստ կլիներ, որովհետեւ «խաչդաշների» հեղինակների զառանցանքներին աշխարհն այլեւս լուրջ չի վերաբերվում։ Իսկ կոնկրետ դեպքում, Ջ. Կուլիեւի բնութագրմամբ, Կոմիտասի եկեղեցական բանահյուսության վերարտադրությունները դարձյալ ադրբեջանական մշակութային ծագում ունեն։
Անշուշտ, Ջավանշիր Կուլիեւի այսօրինակ մեկնաբանություններն առավելապես ներքին սպառման համար են, թեպետ «Էխո»-ի էլեկտրոնային տարբերակն ընթերցողական ավելի մեծ աշխարհագրության հավակնություն ունի։ Հատկանշականն այն է, որ Ադրբեջանում հիմա էլ շարունակվում է արվեստագետներին քաղաքական խեղկատակներ դարձնելու տխուր ավանդույթը։ Ցավալի երեւույթՙ զուտ արվեստի հանդեպ մտահոգության շտրիխով։ Թվում է, ղարաբաղյան հակամարտության անցած մեկուկես տասնամյակում պետք է որ հարեւան երկրի մշակույթի գործիչները ըմբռնումների յուրօրինակ էվոլյուցիա ապրած լինեն։ Ի վերջո, դա նաեւ պատմական նոր իրողությունների հրամայականն է։
Կարելի է հասկանալ ադրբեջանցի կոմպոզիտորի դժգոհությունը «Վարարակնի» բարսելոնյան հաջողության առիթով, սակայն անտրամաբանական է նրա մղումը Կոմիտասին գող անվանելու հարցում։
Համաշխարհային արժեքներին, որպիսին Կոմիտասի ստեղծագործությունն է, կեղտոտ ձեռքերով դիպչելն անհանդուրժելի է։ Մնում է ափսոսալ, որ մեր «խորհրդային եղբայրները» այդպես էլ չեն բարձրացել իրենց քթի ճահճահոտ մակարդակից։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ