Նշեց Կենտրոնական բանկի նախագահը
Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարածքում, Մալաթիայի հայտնի տոնավաճառ-շուկայի հարեւանությամբ, իր հերթականՙ 6-րդ մասնաճյուղը բացեց «Յունիբանկը»։ Միաժամանակ այդ իրադարձությունը համընկավ Հայաստանում բանկի գործելու 2-ամյակի հետ։ Այս երկու իրադարձությունները միացնող միջոցառմանը մասնակցում էր եւ մասնաճյուղի մուտքի ժապավենը կտրեց ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը։
«Յունիբանկի» գործունեության եւ այս մասնաճյուղի բացման վերաբերյալ ԿԲ նախագահը, մեր հարցերին պատասխանելով, հետեւյալն ասաց. «Մեզ համար չափազանց կարեւոր է, որ «Յունիբանկն» իր ֆինանսական կարողություններն ավելի ինտենսիվ օգտագործի Հայաստանում։ Այս բանկը, որի 2-ամյակն է լրանում, տարբերվում է մյուս բանկերից նրանով, որ ֆինանսական միջոցները շատ ավելին եւ լիկվիդային են։ Մենք ողջունում ենք մասնաճյուղի բացումը, որը հնարավորություն կտա ավելի մեծ քանակի հաճախորդների ներգրավել բանկային սպասարկման ոլորտ եւ ընդլայնել ակտիվային գործառնությունները։ Ինչ վերաբերում է այս մասնաճյուղին, ապա, բնականաբար, այս տեղը պատահաբար չի ընտրված, որովհետեւ առեւտրի կենտրոն է համարվում եւ հաճախորդների քանակն է մեծ։ Իսկ որտեղ կա առեւտուր, այնտեղ բանկային սպասարկում է անհրաժեշտ, որովհետեւ հաճախորդները շատ են, փոխանցումների ծավալներըՙ մեծ։ Միեւնույն ժամանակ դա բանկին հնարավորություն է տալիս նոր հաճախորդներ ներգրավելու եւ վաստակելու գումարներ»։
«Յունիբանկի» խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը հետեւյալ բացատրությունը տվեց նոր մասնաճյուղի բացման առնչությամբ. «Սա բանկի 6-րդ մասնաճյուղի բացումն է, 2-ը Երեւանից դուրս ենՙ Գյումրիում եւ Վանաձորում։ Մենք ուսումնասիրեցինք եւ տեսանք, որ այս տարածքում շատ հաճախորդներ ունենք։ Հետեւաբար նպատակահարմար համարեցինք, որ նրանք սպասարկվեն անմիջապես այստեղ եւ չհասնեն մեր մյուս մասնաճյուղեր։ Այստեղի շուկայի տնտեսվարողների մի մասը, որ մեզ հետ աշխատում է, այսուհետեւ կսպասարկվի այս մասնաճյուղում։ Կշարունակենք մասնաճյուղեր բացել։ Այս տարի նոր մասնաճյուղ կբացենք նաեւ Արտաշատում։ Հաջորդ տարի նախատեսում ենք մի քանի մասնաճյուղեր բացել այլ քաղաքներում եւ միգուցե նաեւ Ղարաբաղում, որտեղ եւս հաճախորդներ ունենք, որոնց ցանկալի է սպասարկել տեղում։ Վարկային մեծ ներդրումներ ենք կատարում Հայաստանում, որոնք այս տարի մի քանի միլիոն դոլարով կավելացնենք շնորհիվ սպառողական վարկերի եւ պլաստիկ քարտերի սպասարկման ծառայությունների։ Այս տարի ծրագրում ենք 20-30 տոկոս ավելի շահույթ ունենալ նախորդ տարվա համեմատ։ Գումարային առումով ակնկալվող շահույթը կկազմի 300-400 հազար դոլար։ Շարունակելու ենք զբաղվել «Հայաստանի ներդրումների հիմնադրամով»։ Այս տարվա ընթացքում այդ հիմնադրամը կսկսի ֆինանսավորել ներդրումային նախագծերը։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ