«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2003-10-09 | #184, 2003-10-10 | #185, 2003-10-11


«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ» ՁԳՏԵԼՈՒ Է ԱՆԸՆԴՀԱՏ ԲԱՐԵԼԱՎԵԼ ԻՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Ինչպես հայտնի է, այս տարվա մարտ ամսին «Արդշինբանկը» մրցույթով ձեռք բերեց «Միջազգային բիզնես կենտրոն» ընկերությունը։ «Արդշինինվեստբանկ» վերանվանված բանկի գործունեությունը երեկ մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրեց վարչության նախագահ Արամ Անդրեասյանը։ Հանդիպման առիթը բանկի Արարատի մասնաճյուղի բացումն էր, որը լուծարվել էր 2 տարի առաջ։

Անդրադառնալով անցած ժամանակահատվածում բանկի գործունեությանը, վարչության նախագահն առանձնացրեց մինչ լուծարումն առաջացած 841 մլն դրամի վնասի ծածկումը եւ 84 մլն դրամ շահույթի ստացումը։ Աճել են նաեւ բանկի ակտիվները (37 տոկոսով), վարկային ներդրումները (110 տոկոսով)։ Վարկերի մոտ 21 տոկոսը սպառողական վարկեր են։ Գործունեության նախապատվությունն «Արդշինինվեստբանկը» տալիս է խոշոր եւ միջին բիզնեսին բանկի համար ավանդական ճյուղերումՙ լեռնահանքային արդյունաբերություն, էներգետիկա, շինանյութեր, վերամշակող արդյունաբերություն եւ առեւտուր։

Բանկային համակարգին առնչվող խնդիրներից Արամ Անդրեասյանը, պատասխանելով ավանդների ապահովագրման հիմնադրամի ստեղծման առնչությամբ տրված «Ազգի» հարցին, դա մեծ նվաճում համարեց։ Նշելով, որ նման կառույց չկա ԱՊՀ երկրների մեծ մասում եւ անգամ Ռուսաստանում, նա կարեւորեց դրա ստեղծումը բանկերի հանդեպ վստահության բարձրացման, ավելի մեծ չափով ավանդների ներգրավման առումով։ Եվ դա չնայած այն բանին, որ բանկերը մեծ ծախսեր են անելու այդ հիմնադրամի համարՙ եռամսյակը մեկ վճարելով ավանդների 0,5 տոկոսի չափով գումար։

Հիպոթեկային վարկավորման (բնակարանների գնման, շինարարության իրականացման համար) մասին խոսելով, «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահը կարծիք հայտնեց, որ հիպոթեկային շուկայի մասին խոսելն իրատեսական չէ։ Հիպոթեկային վարկերը լինում են երկարատեւՙ 20-25 տարի ժամկետով, ինչը Հայաստանում չկա։ Իսկ մեր բնակչությունը կարճ ժամկետում չի կարող վճարել այդ գումարը։

Ինչո՞ւ «Արդշինինվեստբանկն» ընդգրկված չէ միջազգային վարկային ծրագրերում» հարցին Արամ Անդրեասյանը պատասխանեց, որ ձգտում են անընդհատ բարելավել ցուցանիշները, որպեսզի կարողանան ընդգրկվել այդ ծրագրերում։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4