«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2003-10-10 | #185, 2003-10-11 | #186, 2003-10-14


ԳԻՏԱԺՈՂՈՎ «ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՕՐԵՐԻՆ»

Գրողների միջազգային P.E.N. ընկերակցության Հայկական կենտրոնի կազմակերպությամբ «Թարգմանչաց տոնին» նվիրված գիտաժողովը տեղի ունեցավ Երեւանում հոկտեմբերի 10-13-ը։ Գիտաժողովի կազմակերպմանն աջակցել էին ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, Հայաստանի գրողների միությունը, ԳԱԱ գրականության ինստիտուտը։

1921 թ. Լոնդոնում կին արձակագիր Դաուսոն Սթոքի կողմից հիմնադրված P. E. N. (poets, essayists, novelists) ընկերակցությունն այսօր աշխարհի 100 երկրներում ունի 130 կենտրոն եւ շուրջ 15.000 անդամ։ Ընկերակցությունը ստանձնել է գեղարվեստական գրականության միջոցով ազատ խոսքի տարածման առաքելություն, աշխարհի տարբեր ազգությունների գրողներին միավորելու ճանապարհովՙ անկախ նրանց ռասայական, կրոնական պատկանելությունից, քաղաքական համոզմունքներից ու գաղափարախոսություններից։

Հայկական P. E. N. կենտրոնը ստեղծվել է 1991 թ. (առաջին նախագահՙ բանաստեղծ Գեւորգ Էմին, 1998-իցՙ թարգմանչուհիՙ Աննա Հակոբյան), այս տարիներին իրագործելով մի շարք ծրագրեր, կազմակերպել է նաեւ գիտաժողովներ։ Ուրբաթ օրը մեկնարկած եռօրյա գիտաժողովն անցավ «Պոեզիայի ապագան թարգմանությունների միջոցով» խորագրի ներքո։ Գիտաժողովի բացումը կատարվեց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի Ե. Չարենցի անվան դահլիճումՙ Աննա Հակոբյանի ելույթով, որին հետեւեց ԵՊՀ պրոռեկտոր Արամ Սիմոնյանի ողջույնի խոսքը։

Միջազգային P. E. N. ընկերակցության գլխավոր քարտուղար Թերրի Քարլբոմը ներկայացրեց P. E.N.-ի նպատակներն ու առաքելությունըՙ դառնալ համաշխարհային այնպիսի օղակ, որը համախմբի աշխարհի գրողներինՙ պաշտպանելու նրանց ստեղծագործական ազատությունները։ «Մեր համերաշխությունը որեւէ խմբակցության համերաշխություն չէ, այլ մտահոգ եւ հոգածու անհատներիՙ անցողիկ աշխարհի եւ անցողիկ քաղաքակրթությունների նկատմամբ համերաշխություն է» ասաց նա։

Գիտաժողովը ողջունեցին ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը, Հակոբ Կրկաշարյանըՙ Փարիզից, սենեգալցի բանաստեղծուհի տիկ. Ֆաթու Նդիեյ Սոուն եւ այլք։

«Անի» հյուրանոցի սրահներից մեկում գիտաժողովի առաջին նիստը վարեց ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտ. պրոֆ. Հենրիկ Էդոյանըՙ հանդես գալով «Թարգմանությունն իբրեւ անհատների եւ մշակույթների երկխոսության ձեւ» թեմայով։ Գրականությունը դիտելով իբրեւ հոգու միասնությանը եւ ձեւի բազմազանությանը միտված գործընթաց, անդրադարձավ ժամանակային եւ տարածական ինֆորմացիաներին, անցյալի եւ ներկայի մշակութային փոխազդեցություններին եւ այս ընդհանուր համատեքստումՙ թարգմանության դերին։

Բանասիրական գիտությունների դոկտ. պրոֆ. Լեւոն Եզեկյանի ելույթն առնչվում էր ճշմարիտ, ճշգրիտ (բառացի) թարգմանությանը, հատկապես այն դժվարություններին, որոնց հանդիպում է թարգմանիչը մասնավորապես դարձվածների պարագայում (իբրեւ լեզվական այն միջավայրի, որն առավել է արտահայտում տվյալ ժողովրդի ազգային մտածողությունը, սովորույթը, բարքերը)։ Այս թեմայի շարունակությունը մեկ այլ հարթությամբ ներկայացրին ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտ. պրոֆեսորներ Սեդա Գասպարյանը եւ Ավիկ Իսահակյանը։

Գիտաժողովին այդ օրը իր ողջույնը բերեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան պրն Անրի Կյունին։

«Թարգմանչաց տոնի» առիթով հոկտեմբերի 12-ին գիտաժողովի մասնակիցները ՀԳ միության եւ P.E. N. հայկական կենտրոնի կազմակերպությամբ համատեղ միջոցառում ունեցան Օշականումՙ Սբ. Մաշտոց դպրատանը։ ՀԳՄ քարտուղար Հովիկ Հովեյանը խորհրդանշական եւ եզակի համարեց «Թարգմանչաց տոնի» հայկական բնույթը, ինչի մասին վկայեցին նաեւ արտերկրյա հյուրերը։ Ապա ՀԳՄ սահմանած ամենամյա «Կանթեղ» մրցանակը եւ 500-ական ԱՄՆ դոլար հանձնեց Սիմոն Կրկաշարյանինՙ հին հունարենից կատարած բազմամյա թարգմանական բեղուն գործունեության եւ Իրանի Իսլամական Հանրապետության Սպահանի պետհամալսարանի հայագիտական ամբիոնի դասախոս, բանաստեղծ Ազատ Մաթյանինՙ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պարսկերեն թարգմանության համար։ Ելույթ ունեցան ռուս մտավորականները, սենեգալցի բանաստեղծուհին, P. E. N.-ի գլխավոր քարտուղար Թերրի Քարլբոմը։ Օրը հարստացրին Լիդա Գեւորգյանը եւ Ալբերտ Մկրտչյանըՙ ներկայացնելով իրենց «ընտանեկան պատարագից» մի հատված, պատառիկ Նարեկացու «Մատյանից» (ասմունքն ընթացավ հոգեւոր երգերի ուղեկցությամբ)։ Իրենց ստեղծագործությունները կարդացին ՀԳՄ մանկապատանեկան «Ցոլքեր» գրական ստուդիայի սաները։

P. E. N. ընկերակցության գիտաժողովը շարունակվեց Սբ. Մաշտոց դպրատան վերնահարկում։ Նիստը վարեց բանասիրական գիտությունների դոկտ, պրոֆ. Արտեմ Հարությունյանըՙ սկսելով ակադեմիականությունից իսպառ զերծ բանաստեղծախառն մի ելույթով։ Թարգմանությունն իբրեւ հետախուզություն, թարգմանիչըՙ լրտես. այս ձեւակերպմամբ բանախոսը թարգմանությունը համարեց նաեւ գաղտնի պայքար եւ ընդվզում, որովհետեւ թարգմանությունը սոսկական ընտրություն չէ, այլեւ որոշակի միտում ոչ միայն գրական ճաշակի, այլեւ քաղաքացիական հասարակարգի ձեւավորման եւ մարդու ազատության համար։

Հետաքրքրությամբ լսվեցին բանասիրական գիտությունների թեկնածու Անուշ Սեդրակյանի, Սլովակիայից Գուստավ Մուրինի եւ բանասիրական գիտությունների դոկտ. պրոֆ. Կառլեն Մատինյանի ելույթները, որը մասնավորապես անդրադարձավ Գյոթեի հայերեն թարգմանությունների մի շարք նրբերանգներին։

Կիրակի օրը «Անի» հյուրանոցում շարունակվեցին ելույթները, քննարկումները, գնահատականները։ Գիտաժողովն ավարտվեց երեկոյան պոեզիայի ընթերցմամբ։

Սույն գիտաժողովի նշանակության եւ օգտակարության գնահատականը թողնելով մասնակիցներին, մաղթենք, որ հետագայում ուշադրության արժանանան նաեւ կենցաղավարության որոշ հարցեր, ինչպես նաեւ կենցաղավարության որոշ մանրամասները (մեր կարծիքով ոչ անկարեւոր), ասենք, նրբանկատությունը եւ քաղաքավարությունը. չէ՞ որ P. E. N.-ը իր գործունեությամբ միտված է քաղաքացիական հասարակարգի ձեւավորման եւ անհատի ազատությանը, այն էլՙ գեղարվեստական խոսքի միջոցով։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4