Հոկտեմբերի 12-ին հանդիսավորությամբ նշվեց Ալավերդուՙ քաղաքի կարգավիճակ ստանալու 65-ամյակը։ Առավոտյան հազարավոր ալավերդցիներ եւ հյուրեր Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մասնակցեցին պատարագի։ Ապա Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը կատարեց մատաղօրհնության արարողություն, եւ ներկաներին բաժանվեց մատաղը։
Եկեղեցու հարակից հրապարակում սկսվեց տոնական միջոցառումը։ Ալավերդի էին ժամանել Ազգային ժողովի պատգամավորներ, կրթության եւ գիտության նախարարը, Լոռու մարզպետը, մարզի համայնքների ղեկավարներ, հրավիրյալներ, հյուրեր։
«Ալավերդին 65 տարեկան չէ։ Ալավերդին հնագույն բնակավայր է, ասաց քաղաքապետ Սարիբեկ Օհանյանը։ 1192 թվականին Ալավերդում ստեղծվել է քարե կամուրջը։ 233 տարի առաջ այստեղ ստեղծվել է ձուլարանը։ Այսօր մենք տոնում ենք 65-ամյակ, որովհետեւ 1938 թ. հոկտեմբերի 1-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ, Ալավերդի բանվորական ավանն ստացավ քաղաքի կարգավիճակ»։
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ