«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2003-10-10 | #185, 2003-10-11 | #186, 2003-10-14


ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԲԵՐՔԻ ՏՈՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ

Հոկտեմբերի 11-ին, արդեն երրորդ անգամ, Ստեփանավանի տարածաշրջանի Գյուլագարակ համայնքի «Հեքիաթ» հանգստավայրում նշվեց «Բերքի տոնը»։ Տոնին մասնակցում էին մարզի գրեթե բոլոր համայնքները։ Ըստ տարածաշրջաններիՙ հարեւանությամբ տեղաբաշխված յուրաքանչյուր համայնք ներկայացնում էր իր բերքն ու բարիքըՙ գեղարվեստական յուրօրինակ ձեւավորմամբ։ Տոնին ցուցանմուշներ էր ներկայացրել նաեւ «Մասիս տաբակ» ընկերությունը, որն իր հումքը ձեռք է բերում Լոռու մարզից։

Ներկաներին ողջունելու եւ շնորհավորելու համար բեմահարթակը տրամադրվեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գալստյանին, Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանին, ԱԺ պատգամավոր Վռամ Գյուլզադյանին, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանին, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանին։

Վ. Բունիաթյանը ներկայացրեց 2003 թ. բերքահավաքի արդյունքները։

Ըստ հայտնած տվյալներիՙ արդեն ավարտվել է հացահատիկի բերքահավաքը, արտադրվել է 15 հազ. 938 տ հացահատիկի բերք, 1 հա-ի միջին բերքատվությունը կազմել է 13,5 ց։ Մի շարք համայնքներում բերքատվությունն ավելի բարձր է եղել. Այրումումՙ 27,2, Սարամեջումՙ 19, Լեռնանցքումՙ 17, Ճոճկանումՙ 15 ց։ Որոշ համայնքներումՙ Մեդովկա, Նորաշեն, Տաշիր, Վարդաբլուր, Կուրթան աճեցվել է կարտոֆիլի բարձր բերքՙ 1 հա-ի միջին բերքատվությունը կազմել է 180-240 ց, ինչը վարչության պետի հավաստմամբ, առիթ է տալիս հուսալու, որ կլուծվի վերջին տարիներին առաջացած տնկանյութի դեֆիցիտի հարցը։ Նա նշեց, որ գրանցվել է բանջարեղենի եւ պտղի բարձր բերք։ Արդեն իսկ արտադրվել եւ իրացվել է 4 հազ. 500 տ բանջարեղեն եւ 1500 տ պտուղ։ Կարտոֆիլի, պտղի եւ բանջարեղենի բերքահավաքը շարունակվում է։ Կուտակված է 84 հազ. տոննա խոտ, 7 հազ. 200 տ ծղոտ, 6 հազ. 500 տ սիլոս։ Պրն Բունիաթյանը հայտնեց, որ այս տարի եւս գյուղատնտեսության նախարարությունը քայլեր է ձեռնարկում բնական աղետներից առավել տուժած համայնքներին եւ սոցիալապես անապահով գյուղացիներին սննդով եւ սերմացուով օժանդակելու ուղղությամբ։ Սեպտեմբերին ԼՂՀ-ից ներկրվել է 150 տ աշնանացան ցորենի սերմացու, որն անվարձահատույց բաշխվել է եւ արդեն ցանվել մարզի 23 համայնքներում։ Ներքին եւ արտաքին շուկայում մեծ պահանջարկ ունի մարզում արտադրվող կաթնամթերքը, ձուկը, թռչնամիսը մեղրը։

Ավանդույթի համաձայն Լոռու մարզպետը շնորհակալագրեր եւ ավանդական նվերներ հանձնեց բերքատվության բարձր ցուցանիշներ ապահոված համայնքներին։

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4