Դատարանում ընդդիմությունը տառապում է իրավական անգրագիտությամբ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվող «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը որոշ հարցերում ամփոփվելու միտումներ է ցույց տալիս։ Բայց, չնայած դրան քաղաքական կրքերը դատարանի դահլիճում թեժանում են։
Այժմՙ ըստ հերթականության։ Երեկվա նիստում դատավոր Սամվել Ուզունյանը նախ հայտարարեց, որ ներքին գործերի քաղաքային վարչությունից դատարանը տեղեկանք է ստացել, որի համաձայն ստուգումներ են կատարվել գործով վկաներ Տիգրան Նազարյանի, Երան Ղազարյանի, Հասմիկ Խաչատրյանի, Անժելա Սահակովայի գտնվելու վայրը պարզելու համար։ Պարզվել է, սակայն, այն, ինչ ըստ էության գիտենք. նշված վկաներն արդեն մոտ 2 տարի բացակայում են հանրապետությունից։
Մեղադրող Գագիկ Ավետիսյանն այս կապակցությամբ դատարանին խնդրեց հրապարակել նշված վկաների նախաքննական ցուցմունքները։ Ավետիսյանն ավելացրեց նաեւ, որ հրապարակվեն Տիգրան Նաղդալյանի եւ ամբաստանյալ Նորայր Եղիազարյանի ցուցմունքները հասկանալի պատճառներով։
Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Օլեգ Յունոշեւն առարկեց, թե, ըստ իրենց, հնարավոր է պարզել այդ վկաների գտնվելու վայրը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել նրանց դատարան բերելու համար։ Ինչ վերաբերում է Տիգրան Նազարյանին, ապա պարզ է, որ նա Մ. Նահանգներում է։ Նման տեղեկություն կա նաեւ Հասմիկ Խաչատրյանի եւ Երան Ղազարյանի մասին։ Ինչ վերաբերում է Սահակովային, ապա, ըստ որոշ տեղեկությունների, նա գտնվում է Մոսկվայում։ Յունոշեւի կարծիքով պետք է հրապարակել միայն Տիգրան Նաղդալյանի եւ Նորայր Եղիազարյանի ցուցմունքները։
Մեղադրող Գագիկ Ավետիսյանը պարզաբանեց, որ Մ. Նահանգներում են գտնվում բազմաթիվ մեղադրյալներ, որոնց Հայաստանի Հանրապետությունը չի կարող բերման ենթարկել։ Դատավոր Սամվել Ուզունյանն էլ ավելացրեց, որ ՀՀ-ն չունի վկաներին արտերկրից բերելու համապատասխան ինստիտուտ։
Այս կապակցությամբ դատարանում ծագեց վեճ, որի ժամանակ դատարանի հասցեին սպառնալիք հնչեցնելու պատճառով դատարանից հեռացվեց տուժողի ներկայացուցիչ Արամազդ Զաքարյանը։ Եվս մեկ ներկայացուցչիՙ Սուրեն Սուրենյանցի պարզաբանության իրավական առումով անգրագետ փորձ անելու հետեւանքով Սամվել Ուզունյանը Սուրենյանցին նույնպես հեռացրեց դատարանի դահլիճից։ Ուզունյանը նշեց, որ դատարանը վճռական է տրամադրված եւ թույլ չի տա խուլիգանություն ներկայացուցիչ կոչեցյալների կողմից։ Ըստ դատավորի, ամեն ինչ արվում է դատաքննությունը քաղաքականացնելու, հունից հանելու նպատակով։
Սամվել Ուզունյանը հիշեցրեց, որ Սուրեն Սուրենյանցի եւ Արամազդ Զաքարյանի վստահորդ-տուժողները թերեւս մոռացել են, որ դատարան բերման են ենթարկվել։ Ուստի եւ դատավարության սկզբից այսքան ժամանակ անց ներկայացուցիչներ ունենալու նպատակը, ըստ Ուզունյանի, բացահայտ էՙ քաղաքականացնել դատավարությունը։
Դատավորը նաեւ ավելացրեց, որ Արամազդ Զաքարյանի եւ Սուրեն Սուրենյանցի կողմից դատարանին սպառնալու մասին գրություններ կուղարկվեն համապատասխան մարմիններին, որպեսզի սպառնացողներն արդեն դատարանում պատասխան տան։ «Մարդիկ, որ թիթեռի նման ապրում են քաղաքական ամբիցիաներով, դատարանում անելիք չունեն», իր բորբոքված ելույթը եզրափակեց դատավորը։
Տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարություն արեց մեղադրող Կորյուն Փիլոյանը։ Նա նշեց, որ տուժողները որպես ներկայացուցիչ ընտրել են այնպիսի մարդկանց, որոնք իրավաբան չեն, չունեն իրավական գիտելիքներ եւ ընտրվել են «դատարանում ճղճիմ հայտարարություններ անելու համար»։
Քաղաքական մեկնաբանությունների վերջն էլ դրեց Սամվել Ուզունյանըՙ ասելով, որ հոկտեմբերի 17-ին հայտարարված միտինգը վաղ է սկսվել, եւ այն չպետք է իրականացնել դատարանի դահլիճում։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Մեր կողմից ավելացնենք, որ իսկապես, օրինակ, Սուրեն Սուրենյանցի վարքագիծը դատարանում բացարձակապես չէր համապատասխանում իր առաքելությանը։ Ավելինՙ տպավորությունն այնպիսին է, թե նպատակ կար միտինգի փորձ կատարելու։